İçeriğe geçmek için "Enter"a basın

44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 8–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4

NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 8-րդ՝ հոկտեմբերի 4

Կեսգիշերն անց հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին երկրորդ անգամ է հեռախոսազրույց ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Փաշինյանը պատմել էր թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:Կանցլերը հույժ կարևորել էր կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը:

Ինչպես նկատելի է՝ ավելին Մերկելը չի ասել եւ չի արել։

Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին Բաքվի տարածած լուրերը հերքեց նրա մամուլի խոսնակը. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. սկսել են նրա մասին կեղծ տեղեկություններ տարածել», գրել էր Վահրամ Պողոսյանը:

Րոպեներ անց Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառումից միակ տպավորությունն այն էր, որ մարտադաշտում ադրբեջանական կողմի համար օրհասական վիճակ է.

«Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- գրել էր Արայիկ Հարությունյանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե կցանկանա՞  տեսնել ռուս խաղաղապահներ Ղարաբաղում, ասել էր, որ նման խնդիրները «ավելի լայն համատեքստում կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց եւ հրապարակեց զինվորների հետ սուրճ խմելու հանրահայտ լուսանկարը:

«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ», գրել էր նա։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որի հաղորդագրություններին էին առաջին հերթին սպասում հայաստանցիներն ու աշխարհի հայերը, սկսեց հոկտեմբերի 4-ի իր գրառումները.

«Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»։

Պաշտպանության բանակը հայտնեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: «Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները», նշված էր ՊԲ հաղորդագրությունում:

Եթե ՊԲ-ն խոստովանում է, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման, ապա ինչով էր ավարտվել Հայկական բանակի նախօրեի հակահարձակումը, որի մասին վստահ հայտարարություններ էին անում ՀՀ վարչապետն ու ՊՆ ներկայացուցիչները, ոչինչ չասվեց։

Հերթական գրառումով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց առաջնագծից վերադարձի մասին եւ, ինչպես միշտ, հայրենակիցներին ոգեւորող վստահություն փոխանցեց. «Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»,- գրել էր  նա:

Ոչ մի խոսք նախորդ օրվա հակահարձակման եւ Փաշինյանի ձեւակերպմամբ՝ ոսոխի ողնաշարը ջարդելու մասին։

Մի քանի րոպեից Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն տարածեց. «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Եվս մի քանի րոպե անց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:

Հիշեցնենք, որ շատ ավելի ուշ էր պարզվելու, որ հեռահար հարվածներ են հասցվել ոչ թե Գյանջայի օդանավակայանին, այլ քաղաքի շենքերին։ Հետագայում տարածվեցին Լուգանսկի ավերված օդանավակայանի լուսանկարները՝ իբրեւ Գյանջայի օդանավակայանի վիճակն արտացոլող պատկերներ։

Արայիկ Հարությունյանը նույն սոցիալական ցանցում գրեց, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել իր հրամանով.

«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», գրել էր նա:

ՀՀ ՊՆ-ն «պաշտոնապես տեղեկացրեց», որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից:

«ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա», նշված էր հաղորդագրությունում:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց Արցախի բնակավայրերի հրթիռակոծման մասին.

«Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին։ Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»։

Պատերազմի միայն 8-րդ օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների մասով ապացույցների հավաքագրման գործընթաց է սկսվել։ Հաղորդագրությունում մանրամասներ էին ներկայացված միջազգային կոնվենցիաներն ու Արցախում եւ Հայաստանում բնակավայրերի ռմբակոծությունները։ «Բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման եւ ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու եւ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով»:  

Այս գործից այլ մանրամասներ պատերազմից մեկ տարի անց էլ հայտնի չեն։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։

Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին սպառնաց թշնամուն.

«Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը: Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:Մենք մինչեւ վերջ վճռական ենք մեր գործողություններում:Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել էր Հովհաննիսյանը։

Առաջին անգամ հրապարակային խոսքով հանդես եկավ եւ հակառակորդին «սարսափելի հետեւանքներ» խոստացավ Դավիթ Տոնոյանը։ Նա հակադարձում էր  Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր «խորը զինվորական գիտելիքներով» երեւի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանի եւ ԱԹՍ-եր: Եւ եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ , թող արդեն մասնագետները դրա եզրակացությունը անեն:ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որեւէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռեւս, եւ եթե Ադրբեջանի զինված ուժերի համար կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, այլ բնակավայրերը մարտական գործողությունների անցկացման թույլատրելի վայր են, մեր ՊԲ-ի  արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, եւ Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու, սարսափելի»։

Արցախի նախագահի հրամանագրով եւս 5 հոգի արժանացան «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ «Դավիթ Լյովայի Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել  հայրենիքին։Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի-Ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։Երեքն էլ զինվորներ են։ Գնդապետ Սերգեյ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կասեցրել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչման էր արժանացրել նաև «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:

Արայիկ Հարությունյանը նաեւ ուղերձ է հղել․

«Ուզում եմ, որ առաջին հերթին լինենք դուխով, վճռական եւ հաղթանակն ապահովված է լինելու։ Ինչու եմ գնացել առաջնագիծ. մտահոգվելու բան չի եղել։ Մենք առաջին հերթին պետք է ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ հրամանատարից, գերենալ Հարությունյանից մինչեւ շարքային զինվոր։ Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։ Առաջին հերթին ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ։ Ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք։ Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսությունը։ Իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը, եւ մեզ դա է պետք։ Բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու»,- ասաց նախագահը։

«Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում և Հայաստանում, իրականում սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ։ Ուզում եմ, որ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհետեւ այսօր ավելի քան երբեւէ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, վճռական ու վճռորոշ է։  Ասել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիեւ ընտանիքը։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք»,– ասաց նա։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում շարունակեց ոգեւորել հայրենակիցներին

«Նախագահ Արայիկ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիեւի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական եւ միջազգային մամուլով, որ իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում եւ նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»։

Պաշտպանության բանակը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես է Մատաղիս տանող ճանապարհին ՊԲ ստորաբաժանումը հակառակորդի ավտոշարասյունը խոցում։ ՊԲ-ն նաեւ հաղորդագրություն տարածեց առաջնագծում դրության մասին․

«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային եւ հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»։

Նշենք, որ ադրբեջանական կողմն օրական տասնյակ տեսանյութեր էր հրապարակում, հաղորդում հենակետեր ու բնակավայրեր գրավելու մասին, որոնք մշտապես հերքվում էին, մինչեւ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցներում օպերատիվ վիճակը բնորոշող քարտեզի հրապարակումը, որտեղ կարմիրով նշված էին հակառակորդի վերահսկողությանն անցած տարածքները։

Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառմամբ ծաղրեց Ի․Ալիեւին

«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին, թե ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»։ Իլյուշ, հիմա էլ Ջաբրայիլ ես «հասել» փաստորեն։ Սուտը գեացինտի բաժին դառնա, պաչպչոցին ուժի մե՞ջ է»։

Քիչ անց  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւս ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց Մատաղիսի հանձնումը.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը եւս հերքեց Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավումը

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»։

«Զինուժ մեդիան» տեսանյութ հրապարակեց, որում ԱՀ ՊԲ ուժերը ոչնչացնում են Մատաղիսի ձոր մտնել փորձող «ադրբեջանական ուժերի մեծ ստորաբաժանմանը, որի մնացուկները դիմում են խուճապահար փախուստի»։

Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարեց, թե սոցիալական ցանցում տարածված տեղեկությունը, իբրեւ դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում, ապատեղեկատվություն է եւ սուտ: Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը:

«Վրացական կողմի դիրքորոշումը բեռներ տեղափոխելու առնչությամբ միանշանակ է, ինչը նշվել է Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ: Վրաստանը դադարեցնում է երկու երկրների համար ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը, սակայն դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռներին, եւ այդ ուղղությամբ Վրաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր պարտավորություններն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ մեր հարեւանների նկատմամբ», հայտարարել էր փոխնախարարը եւ կոչ  արել բոլորին, այդ թվում՝ նաեւ հայկական կողմին, չտրվել ապատեղեկատվության:

«Ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին, ամբողջ բնակչությանը չտրվել ապատեղեկատվության: Վրաստանը շարունակում է կատարել միջազգային պարտավորությունները, եւ ես կցանկանայի կոչ անել բոլորին կիսվել լուրերով՝ հղում անելով ստուգված եւ հավաստի աղբյուրներին»,-ասել էր Դարսալիան:

Նկատենք, որ չվերթների երթուղին ցուցադրող բջջային հավելվածները վկայում էին հակառակը, որ Իսրայելից եւ Թուրքիայից զենքերի մատակարարումը Ադրբեջան շարունակվել է նաեւ պատերազմի օրերին։ Բացի այդ, վրացական կողմը խոչընդոտել էր Ջավախքի հայերի մարդասիրական բեռների առաքմանը։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքը  ժամեր շարունակ ցույցեր է արել։ Կալիֆոռնիայի հայերը փակել են երթևեկության համար  կարևորություն ունեցող  փողոցներից մեկը։ Այդ կերպ հայերն իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ Կառավարությանը, որպեսզի անտարբեր չմնան Արցախում տեղի ունեցող պատերազմին։Հայերը նախ հավաքվել էին CNN հեռուստաընկերության շենքի դիմաց,  և սպասում էին, որպեսզի CNN-ն ու FOX NEWS-ը լուսաբանեն իրենց բողոքի ակցիան։ Ժամեր անց  ուղիղ հեռարձակմամբ անդրադարձ եղավ հայկական ցույցերին։

Ավելի ուշ, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Սփյուռքում ճանապարհներ ու մայրուղիներ փակելու գաղափարը Ն․Փաշինյանինն է։ 

Պատերազմի 8-րդ օրը Սփյուռքին ուղերձ հղեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

«Մեծ հիացմունք, խորը հուզմունք եւ անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է եւ զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք։Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ:

Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով եւ ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը:

Շարունակե՛ք նույն ոգով եւ նույն նվիրվածությամբ, որովհետեւ այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով: Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում:Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որեւէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք:Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։Հաղթանակը մերն է լինելու։ Աստված պահապան բոլորիս»։

Դժվար չէ նկատել, որ նախագահ Արմեն Սարգսյանը եւս վստահեցնում էր, որ «հաղթանակը մերն է լինելու»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սփյուռքին կոչ արեց շարունակել ֆինանսական աջակցությունը

«Մենք մեր հայրենակիցների անհրաժեշտությունն ունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք մի դաշնակից ունենք՝ սփյուռքը, մեր ազգի անբաժանելի մասը, միասին ենք մենք այս պայքարում, իհարկե, շատ ոգեւորիչ է այն հախուռն արձագանքը, անհանգստությունը, օգնելու պատրաստակամությունը, որ զգում ենք սփյուռքից, սակայն այդ աջակցությունը այն մակարդակի չէ, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք շարունակել մեր հայրենի հողի պաշտպանությունը։ Հետեւաբար ձեզ կոչ եմ անում շարունակել ձեր օգնությունը, դուք կարող եք մեզ օգնել մի քանի ձեւով։ Իհարկե, մենք ֆինանսական աջակցության անհրաժեշտություն ունենք, հետեւաբար ձեզ կոչ եմ անում, որպեսզի նվիրաբերությունները շարունակեք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով։ Կոչ եմ անում օգտագործել նաեւ ձեր հնարավորությունները, գիտելիքները, ներկայությունը, փորձը՝ տեղում ազդելու համար հասարակական կարծքի վրա, դա շատ կարեւոր է»։

Բոլորին է հայտնի, որ հիմնադրամի հանգանակած միջոցներից 100 միլիոն դոլարը փոխանցվեց պետբյուջե։

Արայիկ Հարությունյանը, դիմելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին և լեզգիներին, իր ուղերձում նշեց, որ կարեւորում է Արցախի հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:ՊԲ-ն, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում», գրել էր Ա․Հարությունյանը։

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը

«Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկը կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետեւ անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաեւ նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»։

Պատերազմից հետո ռազմական փորձագետները (մասնավորապես՝ Վան Համբարձումյան) վկայեցին, որ ադրբեջանական ՌՕՈւ-ն իրականացրել է հսկայական թվով՝ 600 մարտական թռիչք, իր արսենալում ունեցել է բելառուսական «Թալիսման» սարքը, որը հակազդել է հայկական կառավարվող հրթիռներին, պակիստանյան գերժամանակակից կործանիչներ, եւ այլն։ 

Գերմանական «Բիլդը» գրեց, որ իրենց հանդիպման ժամանակ վարչապետը լարված տեսք ուներ, երբ շաբաթ երեկոյան ընդունում էր իրենց՝  իր նստավայրում։

«Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար մտահոգիչ տեղեկություններ են ստացվում տուժածների, լարվածության հերթական բռնկման մասին։ Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ  երևում է, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում», գրել էր «Բիլդը»։

«Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մատույցներում», ասել էր Ն․Փաշինյանը:

Հարցին, թե «հնարավորություն ունե՞ք դիմակայելու բարձր տեխնոլոգիական զենքերին, որոնք կիրառում է Ադրբեջանը», Փաինյանն ասել էր․

«Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները»:

Նկատենք, որ բարձր տեխնոլոգիական զենքերին դիմակայելու հարցում Փաշինյանը վկայակոչում է «ժողովրդի վճռականությունը»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական գրառման մեջ վկայում էր, հակառակորդը շարունակում է հարձակվել, սակայն հաջողության չի հասնում․

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային եւ հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»։

Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 4-ի մարտերի մասին ամփոփիչ ճեպազրույցում հայտարարեց, թե ադրբեջանական կողմը կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 միավոր զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։

«Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ 2 օրերին էր։ Սակայն հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ», վստահեցրեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ պնդեց

«Մենք ունենք հիմնավոր կասկածներ ենթադրելու, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիայի ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գերագույն գխավոր հրանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են իրեն զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա։ Այդ կեղծ ինֆորմացիան փորձում է օգտագործել եւ զուգահեռ ոգեւորվում է կեղծ ինֆորմացիայից եւ սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են նույնիսկ տեսանյութերով»,- ասաց նա։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե Իլհամ Ալիեւը վստահ է, որ Մատաղիսը գրավել են՝ ինչո՞ւ չի այցելում այնտեղ.

«Երեկ եւ այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ եւ լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը, Հանրապետության նախագահն ու իր ընտանիքի անդամները։ Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք հարակից են Մատաղիսին։ Այսօր հրապարակեցինք տեսանյութ, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական Զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատվությունը, ըստ որում «Թվիթերի» տեքստերը զուգահեռ փոխելով, կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը եւս ապատեղեկատվություն էր»։

Անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, թե Փաշինյանը հայկական զորքը Արցախից դուրս բերելու գրաֆիկ պետք է ներկայացնի՝ Հովհաննիսյանն ասաց.

«Նա առաջին հերթին թող փորձի իրեն հիմարացնելու եւ իր կառավարման համակարգը վերականգնելու խնդիրներով զբաղվի։ Մնացածի մասով բարբաջանքները վաղուց լսել ենք։Գանձակի օդանավայականին հասցված հարվածից հետո տեսանք, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ Մեկ շաբաթ պատերազմ է, բայց Ալիեւը որեւէ քայլ չի ձեռնարկել բավական մեծ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Ադրբեջանի զինված ուժերը հստակ տիրապետելով, որ իրենց իսկ հարվածներից, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, Արցախի զինված ուժերը կարող են պատասխան հարված հասցնել ռազմավարական նշանակության ռազմական հատուկ նշանակետերին, որևէ քայլ չեն ձեռնարկել։Ադրբեջանի զինված ուժերն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել՝ կորուստներ կրելով հետ են շպրտվել։  Դա նաեւ այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ»։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է.

«Մանավանդ ժամկետային զինծառայողների, երիտասարդ սպաների, լեյտենանտների, ավագ լեյտենանտների, կապիտանների. ուղղակի աչքերը փայլում են իրենց ցուցաբերած քաջությունից»։

Արցախի նախագահի խոսնակն էլ սպառնաց, որ մարտերը կարող են տեղափոխվել Ադրբեջանի տարածք․

«Պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից եւ ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը:Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով:Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից:

Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար:

Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիեւ ընտանիքի գլխավորությամբ», վստահեցրել էր Վահրամ Պողոսյանը։

Օրվա ավարտին Պաշտպանության բանակըհաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հ ակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել:

«Օրվա ընթացքում հյուսիսային եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետեւակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաեւ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաեւ 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք»,- ասվում էր հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հենց այս օրերին Արցախից վերադառնալով, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ մարտադաշտում ծանր է վիճակը, այնտեղ այն հաղթական էյֆորիան չի տիրում, ինչպես ՀՀ-ում, որ Արցախը փրկելու համար իշխանությունից պետք է հեռացնել Փաշինյանին։ Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ զինվորականությունն իշխանությունը պետք է իր ձեռքը վերցնի՝ դրությունը փրկելու համարեւ ուղղակիորեն  կոչ արեց ԶՈւ ԳՇ պետին ստանձնել իշխանությունը, քանի որ Փաշինյանի կառավարման պայմաններում աղետ կլինի։ Նրանց հայտարարությունները հրապարակած լրատվամիջոցները ոստիկանությունը խոշոր գումարներով տուգանեց եւ պարտադրեց հեռացնել հրապարակումները։

https://news.am/arm/news/665728.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın