«Թող դադարեն աշխարհի չորս կողմերում տեղի ունեցող պատերազմները, քանի որ դրանց պատճառով են երեխաները կորցնում ամենաթանկը»՝ հենց այս գաղափարն է պոլսահայ երգչուհի Սիպիլի նոր աշխատանքի հիմքում: Նա երաժշտասերների դատին է հանձնել «Ավրորայի աղոթքը» երգի տեսահոլովակը: Այն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար, որբերի, որոնք բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետեւանքները:
Լրագրողների հետ զրույցում Սիպիլը նշել է, որ շատ կցանկանար սիրո մասին երգեր երգել, բայց նման ստեղծագործություններն առավել սրտին մոտ են: Երգը բավական երկար ճանապարհ է անցել՝ մոտ 4 տարի: Խոստովանում է՝ ամեն անգամ, երբ ցանկանում էր ձայնագրել, ինչ-որ բան խանգարում էր:
«Պատերազմի օրերին, երբ Հայաստանում էի ու ոչ մի բան անելու կարողություն ու տրամադրություն չունեի, երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ հենց նման հոգեվիճակում պետք է երգել: Աչքիս առաջ եկավ փոքրիկ Արտյոմիկը, որին պատերազմի օրերին գտել էին զինվորները, ու նրան պատկերացնելով՝ սկսեցի երգել»,- պատմեց երգչուհին:
Սիպիլն ասում է, որ իրենց ստեղծագործական թիմի նպատակը երգի միջոցով աշխարհին խաղաղության կոչ անելն է: Հետեւաբար, այդ նպատակով էլ օգտագործել է Ռուբեն Սեւակի «Թող արդարությունը գա խաղաղությամբ» տողերը:
«Ես Թուրքիայում եմ ծնվել եւ չեմ կարող խոսել քաղաքականության մասին, ուստի պետք է երգեմ»,- ասաց երգչուհին:
«Ավրորայի աղոթքը» ստեղծագործության հեղինակ Հասմիկ Հախվերդյանն ասում է, որ իր ստեղծագործական կյանքում առաջին դեպքն է, երբ երգի վերնագիրը գրել է վերջում: «Ըստ էության երգը գրվել է 2017 թ-ին, ու այն ժամանակ մենք կարող էինք հավատալ, որ հնարավոր է մի օր ունենալ խաղաղություն: Այսօր, սակայն, կարծում եմ՝ հայերս այլեւս չենք հավատում խաղաղությանը»,- նշեց նա:
Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Վերջինիս խոսքով՝ 1915 թվականից մինչ օրս մեր ազգն ինչ-որ բան է փնտրում՝ երեխային, ծնողին: «Այս հոլովակում խորհրդանիշ է լուսանկարը, որի միջոցով մարդիկ կարողացել են գտնել միմյանց: Մենք փնտրում ենք միմյանց, սիրում ենք, ամեն րոպե ցանկանում ենք հայի տեսնել՝ մեր բարեկամին, ընկերոջը, հարեւանին»:
Անդրադառնալով գլխավոր հերոսին՝ փոքր տղային, որը հոլովակում աղոթում է Տիրամորը՝ մորն ու հորը գտնելու մեծ ցանկությամբ, Մովսիսյանն ընդգծեց, որ երեխան իր լռությամբ ու պայծառ աչքերով ամեն ինչ արել է, որ հաջողեն:
Սիբիլն էլ պատմեց, որ տեսահոլովակում մի տեսարան կա, որտեղ մայրը կորցնում է երեխային: Այդ պահին պատկերացրել է իր տատիկին, որի մայրն աքսորված է եղել, ու նրանց մտաբերելով՝ կարողացել էր ստանալ երեխա կորցրած մոր ապրումները:
Երգի գործիքավորումն իրականացրել են Կարենը եւ Սեւակը: Տեսահոլովակն ունի բովանդակային սեղմագրեր՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/
https://bravo.am/news/75807?fbclid=IwAR3DFEThyhlzGZ6V-nQHGLgBj0bYncs8sLnzb2b8tbKvMBKfQF6tP8lTvms
İlk yorum yapan siz olun