İçeriğe geçmek için "Enter"a basın

«Փոքրիկ տղան ամեն ինչ արել է, որ հաջողենք». Սիպիլի նոր տեսահոլովակի շնորհանդեսը Երեւանում

«Թող դադարեն աշխարհի չորս կողմերում տեղի ունեցող պատերազմները, քանի որ դրանց պատճառով են երեխաները կորցնում ամենաթանկը»՝ հենց այս գաղափարն է պոլսահայ երգչուհի Սիպիլի նոր աշխատանքի հիմքում: Նա երաժշտասերների դատին է հանձնել «Ավրորայի աղոթքը» երգի տեսահոլովակը: Այն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար, որբերի, որոնք բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետեւանքները: 

Լրագրողների հետ զրույցում Սիպիլը նշել է, որ շատ կցանկանար սիրո մասին երգեր երգել, բայց նման ստեղծագործություններն առավել սրտին մոտ են: Երգը բավական երկար ճանապարհ է անցել՝ մոտ 4 տարի: Խոստովանում է՝ ամեն անգամ, երբ ցանկանում էր ձայնագրել, ինչ-որ բան խանգարում էր:

«Պատերազմի օրերին, երբ Հայաստանում էի ու ոչ մի բան անելու կարողություն ու տրամադրություն չունեի, երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ հենց նման հոգեվիճակում պետք է երգել: Աչքիս առաջ եկավ փոքրիկ Արտյոմիկը, որին պատերազմի օրերին գտել էին զինվորները, ու նրան պատկերացնելով՝ սկսեցի երգել»,- պատմեց երգչուհին: 

Սիպիլն ասում է, որ իրենց ստեղծագործական թիմի նպատակը երգի միջոցով աշխարհին խաղաղության կոչ անելն է: Հետեւաբար, այդ նպատակով էլ օգտագործել է Ռուբեն Սեւակի «Թող արդարությունը գա խաղաղությամբ» տողերը: 

«Ես Թուրքիայում եմ ծնվել եւ չեմ կարող խոսել քաղաքականության մասին, ուստի պետք է երգեմ»,- ասաց երգչուհին: 

«Ավրորայի աղոթքը» ստեղծագործության հեղինակ Հասմիկ Հախվերդյանն ասում է, որ իր ստեղծագործական կյանքում առաջին դեպքն է, երբ երգի վերնագիրը գրել է վերջում: «Ըստ էության երգը գրվել է 2017 թ-ին, ու այն ժամանակ մենք կարող էինք  հավատալ, որ հնարավոր է մի օր ունենալ խաղաղություն: Այսօր, սակայն, կարծում եմ՝ հայերս այլեւս չենք հավատում խաղաղությանը»,- նշեց նա:

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Վերջինիս խոսքով՝ 1915 թվականից մինչ օրս մեր ազգն ինչ-որ բան է փնտրում՝ երեխային, ծնողին: «Այս հոլովակում խորհրդանիշ է լուսանկարը, որի միջոցով մարդիկ կարողացել են գտնել միմյանց: Մենք փնտրում ենք միմյանց, սիրում ենք, ամեն րոպե ցանկանում ենք հայի տեսնել՝ մեր բարեկամին, ընկերոջը, հարեւանին»:

Անդրադառնալով գլխավոր հերոսին՝ փոքր տղային, որը հոլովակում աղոթում է Տիրամորը՝ մորն ու հորը գտնելու մեծ ցանկությամբ, Մովսիսյանն ընդգծեց, որ երեխան իր լռությամբ ու պայծառ աչքերով ամեն ինչ արել է, որ հաջողեն:

Սիբիլն էլ պատմեց, որ տեսահոլովակում մի տեսարան կա, որտեղ մայրը  կորցնում է երեխային: Այդ պահին պատկերացրել է իր տատիկին, որի մայրն աքսորված է եղել, ու նրանց մտաբերելով՝ կարողացել էր ստանալ երեխա կորցրած մոր ապրումները:

Երգի գործիքավորումն իրականացրել են Կարենը եւ Սեւակը: Տեսահոլովակն ունի բովանդակային սեղմագրեր՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

https://bravo.am/news/75807?fbclid=IwAR3DFEThyhlzGZ6V-nQHGLgBj0bYncs8sLnzb2b8tbKvMBKfQF6tP8lTvms

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın