İçeriğe geçmek için "Enter"a basın

Երվանդ Դեմիրճյան (1870-1936)

Հերա Ցուրու

Երվանդ Թորոս Դեմիրճյանը ծնվել է 1870 թ մայիսի 24-ին Ստամբուլի Յենիքափը թաղամասում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Ուներ մայր, հայր, մեծ եղբայր, երեք փոքր քույր։ Նրա պապը Գում Գափուում դարբին է եղել, որի պատճառով նրանց ազգանունը Դեմիրճյան էլ մնացել է։ Տարրական կրթությունը ստացել է Յենիքափըի Առաքելոց հայկական հոգևոր դպրոցում, որից հետո ընդունվել է Գեղարվեստի դպրոց (Mekteb-i Sanayi-i Nefise-i Şahane), որն  ավարտել է գերազանցությամբ։ 1893 թ հայ մտավորական Արշակ Չոպանյանի (1872-1954) խրախուսմամբ և ուղեկցությամբ գնացել է Փարիզ և աշակերտել Ժան Պոլ-Լորանի (1838-1921), միաժամանակ հայտնի արևելագետ Բենջամին Կոստանի մոտ՝ Ժյուլիանի ակադեմիայում։ Միաժամանակ Լուվրում ուսումնասիրել է Դելակրուայի, Դանթեի և Վիրգիլիոսի նման դասականներին։

1894 թ․ կեսերին Դեմիրճյանը մեծ հույսերով և եռանդով վերադարձել է Ստամբուլ, սակայն 1895-96 թթ․ հայերի հետ տեղի ունեցած աղետները վերջ են դրել նրա փայլուն հույսերին։ Ողբերգական իրադարձություններից հետո հազարավոր հայերի արտագաղթի ժամանակ՝ 1896 թ․ սեպտեմբերյան մի օր, նա է նստել Ալեքսանդրիա տանող մի նավ և մի խումբ հայ գաղթականների հետ հեռացել հայրենիքից։ Դժվար չէ պատկերացնել երիտասարդ արվեստագետի այդ պահի հոգեվիճակը։ Դա արտացոլվել է նրա տառապյալ հոգում ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես Եգիպտոսում գտնվելու առաջին տարիներին ՝ չնայած դա հաղթահարելու նրա լուրջ ջանքերին: Այսպես, նա հայտնի է եղել որպես քաշված և ինքնամփոփ անձնավորություն, սակայն ամենայն հավանականությամբ գիրքն ու նրբազգաց բնավորությունը, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձություններն ամրապնդել են արվեստի հետ նրա կապը։ Եգիպտոսում Դեմիրճյանի և երկու հազարից ավել գաղթականի համար սկզբում դժվար է եղել։ Թշվառ, տխուր վիճակում էին․ որևէ եկամուտ չունեին։ Տիգրան փաշա Աբրոյանի նման մարդկանց ղեկավարությամբ տեղական հայ համայնքն ամեն բան արել է՝ նրանց ապաստանով և սնունդով ապահովելու համար։ Չնայած այդ ամենին՝ Դեմիրճյանն սկսել է  ակտիվանալ և աճող եռանդով ուսումնասիրել երկիրը, բնակչությունը, շրջապատում եղած ամեն բան։ Նրա հիմնական զբաղմունքը համեստ եգիպտացիներին, նրանց ապրելակերպն ու վարքն ուսումնասիրելն էր։ Որպես նրանց նման հասարակ և խոնարհ մի մարդ՝ թափանցել է նրանց հոգիները և այդ ամենն անկեղծորեն կարողացել է արտացոլել իր կտավներում։ Դեմիրճյանը մասնակեցել է ժամանակակից Եգիպտոսի առաջին արվեստագետների խումբ հանդիսացող և «Արվեստագետների շրջանակ» կոչվող տարեկան ցուցահանդեսների մի մասին։ 1901 թ․ Խորենյան (մեր օրերում Գալուստյան-Նուբարյան) դպրոցում ուսուցչություն է արել։ Մասնավոր դասերի ընթացքում կրթել է հետագա տարիներին Եգիպտոսի Ժամանակակից արվեստների հոսքի հիմնադիրը դարձած ավանգարդ Դիրան Կարապետյանին (1882-1963)։

Դեմիրճյանը Եգիպտոսում գտնվելու առաջին տարիներին մեկուսացված չի եղել հասարակական ու ստեղծագործական կյանքից։ Նա ձգտել է հասարակության մեջ կարևոր անձ դառնալ և հոգեկան ճգնաժամից դուրս գալ տարբեր գործունեությամբ ու  հաջողություններով։ Դեմիրճյանը  խաղաղության մեջ ապրել և աշխատել է Մուհամմեդ Ալի 155 պողոտայում գտնվող մի խանի ձեղնահարկում, Իսլամի Կահիրեից ոչ շատ հեռու։ Չի ամուսնացել, այդ պատճառով արտաքին տեսքը բավականին անփույթ է եղել, մյուս կողմից էլ ընտանեկան պարտականություններից անկախ լինելու պատճառով ամբողջությամբ կարողացել է կենտրոնանալ արվեստի վրա։ Նա շատ քիչ է կարևորություն տվել փառքին ու դրամին։ Ֆինանսական կարիքի պատճառով Բուլակ քաղաքում գտնվող Գալուստյան հայկական դպրոցում (մինչև 1924 թ․) նկարչության ուսուցիչ է աշխատել։ Երբեմն մահացած մարդկանց դիմանկարների պատվերներ էլ է ընդունել։ Դեմիրճյանը եգիպտացի հայտնի դեմքերի հարյուրավոր նկարներ է ստեղծել։ Նա փորձել է անմահացնել մարդկանց բնավորությունն ու դեմքի արտահայտությունը։

Նրա ամենանշանավոր գործերը Իտալիայի վերածննդի վարպետներից ոգեշնչված մի քանի մեծադիր, կրոնական բնույթի կտավներն են, որոնք ցուցադրված են Կահիրեիում՝  Ռամզես 179 պողոտայում գտնվող հայկական եկեղեցում։ Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավը կրկնօրինակել է մեծ ճշգրտությամբ և տեխնիկական վարպետությամ։ Այդ պատճառով ռեալիզմը Դեմիրճյանի արվեստի յուրահատկություններից էր։ Նկարիչը հետագա տարիներին հետզհետե ավելի միայնակ և ինքնամփոփ է դարձել։ Մի քանի մոտ ընկերներ ուներ․ լուսանկարիչ Արամ Բերբերյանը (1893-1975), նկարիչ Վահրամ Մանավյանը (1880-1952) այն մարդիկ էին, որոնք ստեղծագործական միջոցառումներին միշտ ուղեկցում էին նրան։ Նրա լեզվի տակ ուռուցք էր հայտնաբերվել։ Սկզբում այն աննշան էր, բայց կամաց-կամաց ցավն ուժեղանում էր։ Ի վերջո, ընկերը՝ Արամ Բերբերյանը, նրան համոզել է գնալ Փարիզ՝ բուժվելու։ Դեմիրճյանը վախճանվել է 1937 թ․ սեպտեմբերի 17-ին, Փարիզի Կյուրի հիվանդանոցում։ Թաղվել է Փարիզի հանրային գերեզմանատանը։ Այդպիսով նրա կյանքը և տառապանքներն ավարտվել են։ Թե ազգի համար, թե սիրելի և հարգելի երկրորդ հայրենիք Եգիպտոսի համար նա թողել է գլուխգործոցներ։ Մահվան պահին նրա երեք քույրերը արտասահմանում էին, որի պատճառով նրա իրերը տրվել են Կահիրեի հայոց առաջնորդարանին։ Ըստ առաջնորդարանի արխիվային փաստաթղթերի, նրա ժառանգությունը կազմում էր՝ 229 յուղաներկով և 7 ջրաներկով արված կտավներ։ Այդ գործերի մեծ մասը հետագայում աճուրդի են հանվել արտասահմանում ապրող նրա ժառանգորդների օգտին և վաճառվել։ Դեմիրճյանի ամբողջ կյանքի ընթացքում նրա արվեստի մասին շատ քիչ բան է գրվել։ Մահվանից հետո նա գրեթե մոռացվել է, քանի որ ընդունվում էր բազմաթիվ պահպանողական և հնաոճ արվեստագետի կողմից։

Սակայն տարիներ անց Կայրեն Հանագեր արվեստի կենտրոնում կազմակերպված հետահայաց մեծ ցուցադրության շնորհիվ (6-12 մարտ 1997) նրա պատմական նշանակությունը և ստեղծագործական արվեստն ընդունվել է։ Այդ պահից սկսած քննադատներն ու արվեստի սիրահարները «բացահայտել» են, որ նա ժամանակակից առաջին հայ-եգիպտացի նկարիչն է եղել։ Դեմիրճյանը սկիզբ է դրել ծագումով հայ, մեկը մյուսին փոխարինած յոթ սերունդ եգիպտացի արվեստագետների գործունեությանը։ Նրա գործերը ցուցադրվել են  Բարժել արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպված «Ժամանակակից շրջանից մինչև ներկայիս շրջան» խորագրով արաբական հավաքածուից կազմված չորս ցուցահանդեսներից առաջինում (08 սեպտեմբեր– 16 դեկտեմբեր 2015)։  Դեմիրճյանի ՝ 1900-1910 թթ․ միջակայքում նկարած «Նուբյան աղջիկը» կտավը ցուցահանդեսի հատուկ ստեղծագործություններից մեկն է եղել։ Հավատացնում են, որ այն հայ-եգիպտական արվեստագետի՝ 1900-1910 թթ․ ընթացքում ստեղծված կտավների հավաքածուի ամենահին նկարներից մեկն է։ Դեմիրճյանի այդ կտավը ներկայացնում է հարգարժան և նրբագեղ մի կնոջ։ Կարևոր պատմական ժամանակաշրջան համարվող յոթերորդ դարի սկզբերից մինչև 1967 թ․ նկարների և գծագրերի միջոցով արաբական արվեստի էսթետիկան երևան հանելն ու հետագա զարգացումը տեսանելի են Դեմիրճյանի գործերում։ Ներկայում նրա ստեղծագործությունների մեծ մասը գիտականորեն դասակարգված չեն և ցրված են  այստեղ-այնտեղ։ Սակայն, բարեբախտաբար, նրա հիշատակն անմահացել է Կահիրեում Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կողմից հրատարակված (1997) նկարչական արվեստի գրքի միջոցով, որն ընդունված է համարել արվեստագետի կյանքին ու արվեստին նվիված ամենակարևոր վկայակոչում։ Դեմիրճյանն անմահացել է նաև Հին Կահիրեի և Նեղոսի շրջաններում արևելյան թեմատիկայով իր ստեղծած գործերի միջոցով։

Եթե նրա աշխատանքները հակիրճ ներկայացնենք, կարող ենք ասել, որ նա իր գործունեությունը սկսել է որպես արևելագետ, սակայն հետագայում դարձել է իսկական եգիպտացի արվեստագետ։ Հետևաբար, նրան կարող ենք այդ երկու գործունեությունն էլ վերագրել։ Բացի այդ՝ նա ժամանակակից Եգիպտոսի առաջին հայազգի պրոֆեսոր նկարիչն է։

Աղբյուրներ՝

-Ervand Demirdjian Armeno-Egyptian painter by Hrant Keshishian, 1997, Nubar Print. House

-Cairo Armenian General Benevolent Union 

-Library of Congress

https://hyetert.org/

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

https://akunq.net/am/?p=74920&fbclid=IwAR2ZZ2G8kX0zRVPiABkccu7VRnwSYYls3OdRQoNA1IwFkaEA1hYeFxYs89U

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın