İçeriğe geçmek için "Enter"a basın

Աստծո օրհնությունն ավելի մեծ է, քան ստորագրողների գործը. Տեր Հովհաննեսը մնում է Դադիվանքում, որն այս օրերին բազմամարդ է

Այս պահին եկեղեցին գործող է եւ ես այսօր մկրտության եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

«Ես հույս ունեմ, որ եկեղեցին չի դադարի գործելուց, միշտ էլ կգործի, միշտ էլ կայցելեն մեր հավատավոր ժողովուրդը, իրենց հարգանքի ռտուրքը մատուցեն, մոմ վառեն, մկրտվեն, պսակվեն, ու այսպես շարունակ: Հիմա ժողովուրդն ավելի շատ է հաճախում եկեղեցի եւ իրենց հարգանքի տուրքն են մատուցում: Ես հուսով եմ, որ միշտ էլ գործելու է մեր եկեղեցին, ես էլ միշտ այստեղ եմ լինելու»,-ասաց նա:

Տեր Հովհաննեսը վստահեցրեց, որ խաչքարերը դեռ չեն տեղափոխվում, գուցե տեղափոխեն ժամանակավոր, որպեսզի ավելի ապահով լինի. «Խաչերը ուրիշ տեղ չի տարվում, կամ պետք է մնա այստեղ, կամ ժամանակավոր պետք է տեղափոխվի: Եթե 800 տարի եղել է այստեղ, միգուցե միշտ էլ լինի այստեղ»:

Հարցին, թե արդյոք որեւէ եվրոպական կառույցի հսկողությանը հանձնելու տարբերակ քննարկվում է, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ է քննարկվում, միայն մի բան գիտեմ, որ 4-րդ դարից սկսել են կառուցել այս վանական համալիրը: Ովքեր կասկածում են, որ սա հայկական չէ, քրիստոնեական չէ, թող գան անձամբ տեսնեն: Եթե կա գոնե մեկ քար, որը հայկական չէ, թող ապացուցեն:

Բոլորս ենք ասում, որ Դադիվանքը մնալու է մերը: Այսօր հայ ժողովուրդը չի պարտվել, այսօր խուճապն է հաղթել մեր ժողովրդին: Այդ խուճապը ժամանակավոր է, պետք է հանենք մեր ժողովրդի միջից եւ մտածենք այնպես, ինչպես նախկինում մտածել ենք»:

Տեր Հովհաննեսը նշեց, որ չի կարող ներկայացնել, թե ինչ զրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. «Միայն կարող եմ ասել, որ Դադիվանքը մերն է, ու ես կծառայեմ միշտ այստեղ: Ես այստեղից չեմ գնալու»:

Անգամ եթե ցավալի ե՞լք լինի, հարցին էլ արձագանքեց. «Ես այդ կողմից չեմ մտածում, թե անգամ ինչ կլինի: Դուք գիտե՞ք, թե մեկ րոպե հետո ինչ է լինելու: Ոչ: Աստված է տնօրինում, թող Աստված օրհնի: Ես վստահ եմ, որ Աստծո օրհնությունը մեծ է, քան թղթաբանների կամ ստորագրողների գործը»:

Նշենք, որ Դադիվանքն այս օրերին բազմամարդ է, մարդիկ Արցախից ու Հայաստանի տարբեր ծայրերից այցելում են այս եկեղեցի՝ մտածելով, որ գուցե սա վերջին իրենց այցելությունն է այս հոգեւոր տաճար:

https://news.am/arm/news/613413.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın