İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամերիկահայ փաստաբանն արցախցիներին կոչ է անում տեղափոխել իրենց գույքի վերաբերյալ փաստաթղթերն ու այլ վկայություններ

Քրիստինե Աղալարյան

Ամերիկահայ փաստաբան Իռեն Շոլ-Թադևոսյանը, որն աշխատում է Հայկական բար ասոցացիայի հետ, կոչ է անում Արցախից տեղափոխվող բոլոր քաղաքացիներին իրենց հետ վերցնել իրենց գույքի և ունեցվածքի սեփականության վկայականները, պահպանել տվյալ բնակավայրում ապրելու և տան մասին բոլոր ապացույցները, մասնավորապես` լուսանկարներ, տեսանյութեր, վճարման կտրոններ, մամուլի հրապարակումներ և այլ վկայություններ: Նույնիսկ եթե պատերազմի օրերին այդ գույքը կամ շինություններն ավերվել են, դրանց վերաբերյալ տեսանյութ կամ բջջային հեռախոսներով կատարված նկարահանումներն ու լուսանկարները նույնպես պահպանել:

Իռեն Շոլ-Թադևոսյանը միաժամանակ Արցախի և Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին է հորդորում պահպանել ու տեղափոխել բոլոր արխիվներն ու փաստաթղթերը զինվորականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից, որպեսզի հետագայում  ապացույցներ և հիմնավորումներ ունենան մարդկանց ունեցվածքի և սեփականության վերաբերյալ դատավարական գործընթացներում:

Իռեն Շոլ-Թադևոսյանը զբաղվում է Հոլոքոստից տուժած հրեա քաղաքացիների ունեցվածքի փոխհատուցման գործերով ամերիկյան դատարաններում: Ասում է, որ չգիտի` արցախցիների դեպքում ինչ արդյունք կլինի, սակայն նախատեսում են նմանատիպ գործեր նախաձեռնել տեղահանված և տնազուրկ դարձած արցախցիների համար:

Այդ դեպքում հիշատակված բոլոր ապացույցները կարող են ցանկալի արդյունք ապահովել, քանի որ հնարավոր է` այնպիսի փոփոխություններ տեղի ունենան, որոնք նպաստավոր պայմաններ ստեղծեն նմանատիպ գործերի առաջխաղացման և հաջողության համար: Օրինակ` հնարավոր է տարիներ անց Ադրբեջանը ժողովրդավար պետություն դառնա, և դատական դրական վճիռներ ունեցած ունեզրկման պարագայում փոխհատուցում տրվի:

«Հրեաների պրոցեսն ավելի հեշտ է եղել, որովհետև Հոլոքոստից հետո Գերմանիան ճանաչել է այդ փաստը, ինչի հիման վրա էլ մարդկանց փոխհատուցել է: Բայց Ադրբեջանը դա երբեք չի անի հիմա: Բայց չգիտես` ապագայում ինչ կլինի, կարող է Ադրբեջանը դեմոկրատական երկիր դառնա և փոխի իր բռնապետական իշխանությունը, և ժամանակ գա, որ ճանաչեն իրենց արածները: Չգիտենք»,- մեզ հետ զրույցում ասում է Իռենը:

Հրեաների գործերից Իռենը շատ բան է սովորել: Ասում է, որ հրեաների գործերն արցախցիների խնդրից փոքր-ինչ տարբերվում են, սակայն շատ բան կարելի է տեղայնացնել:

Առայժմ պարզ չէ, թե ինչ ռազմավարությամբ է ընթացք տրվելու արցախցիների գործերին, սակայն այս պահին խիստ կարևոր է փաստահավաքությունը և տվյալների հավաքագրումը: Իռենը մտադիր է փաստահավաքությանը զուգահեռ մարդկանց հետ հարցազրույցներ անել:

Նա պատմում է, որ Հայկական բար ասոցացիան, մինչ եռակողմ փաստաթղթի ստորագրումը, աշխատում էր որևէ ձևաչափ գտնել միջազգային դատարաններում արցախցիների իրավունքների խախտումներով գործեր սկսելու համար: Սակայն պատերազմի դադարեցման եռակողմ պայանագրի ստորագրումը այլ ընթացք տվեց նախաձեռնությանը:

Բացի ունեցվածքի փոխհատուցման կարևորությունը, Իռենի կարծիքով, մարդիկ պետք է պահպանեն իրենց փաստաթղթերը պատմական նպատակներով, քանզի չի բացառվում՝ գուցե ժամանակ գա, որ Ադրբեջանն ասի` հայեր Արցախում չեն էլ ապրել: Եվ այս ապացույցներն անհրաժեշտ լինեն հակառակն ապացուցելու համար:

Թե ո՞ր դատարանները պետք է քննեն այդ գործերը, դեռ հայտնի չէ, բայց Իռենը նշում է, որ Հայկական բար ասոցիացիան աշխատում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր:

Դեռևս չի որոշվել՝ անհատների փոխհատուցման առանձին հայցապահանջներո՞վ կդիմեն դատարաններ, թե կամբողջացնեն նույնանման գործերը մեկում: Իռենն ասում է` պետք է հստակ ռազմավարություն մշակել և նոր մտնել դատարան` հստակ պահանջով ու փաստարկներով: «Չենք ուզում ինչ-որ գործ նախաձեռնել և տապալել, պիտի գործն այնպես ձևակերպենք, որ ավարտին հասցնենք ու հաջողություն ունենանք»,- նշում է ամերիկահայ փաստաբանը:

Միևնույն ժամանակ նա գիտակցում է, որ դատական գործընթացները կարող են երկար տևել, սակայն, պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ դրանք կարող են հանրային հնչեղություն բերել և Ադրբեջանի վրա հավելյալ ճնշում գործադրելու միջոց դառնալ:

Ադրբեջանին հանձնվելիք տարածքներից դուրս եկող արցախցիների` իրենց տներն այրելու հանգամանքն արդյոք կարող է դատական գործընթացում խնդիր առաջացնել` մեր հարցադրմանը, Իռենը պատասխանում է, որ հարցն, իրապես, շատ դժվար է, քանի որ դատական գործեր նախաձեռնելիս հասկանում են, որ չկա երաշխավորություն, որ տնազուրկ մարդիկ երբևէ կստանան իրենց համարժեք փոխհատուցումը: Եթե նույնիսկ դատական գործերը դրական ելքեր ունենան, երաշխավորություն չկա, որ Ադրբեջանն այդ գումարները կփոխհատուցի: «Իմաստն այն է, որ ուշադրություն դարձնենք այդ հարցին, Ադրբեջանի կառավարության վրա ճնշում գործադրվի այլ կառավարությունների կողմից,- ասում է Իռենը: -Մենք կանենք հնարավորը, բայց ոչինչ չենք կարող երաշխավորել: Դժվար է մարդուն ասել` տունդ մի այրի, որովհետև չեմ կարող ասել, որ հաստատ կկարողանամ փոխհատուցում ստանալ քո ունեցվածքի համար: Դա տվյալ անձի անձնական որոշումն է»,- ասում է ամերիկահայ փաստաբանը:

Ամեն դեպքում, փաստաբանը հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ օգնության կարող են հասնել նաև նոր տեխնոլոգիական հնարավորությունները: Իրենք արդեն իսկ համագործակցում են ամերիկահայ ինժեներների և ծրագրավորողների հետ, որոնք այս պահին զբաղվում են google map-ի միջոցով հանձնվող տարածքներում եղած գույքը քարտեզով պահպանելու գործով:

Այն մարդկանց գույքը, որոնք հրետակոծության կամ ռմբակոծության հետևանքով հրատապորեն լքել են իրենց տները և չեն հասցրել ոչ մի ապացույց վերցնել, կամ նրանց գույքը գտնվում է արդեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, կարող են իրենց տան պատկերը ստանալ արբանյակից` օգտագործելով google map-ի street view գործիքը:

Նաև կարող են իրենց հեռախոսների նկարները պահպանել, ընդ որում` տարբեր կրիչներում կամ տեղերում: Պահպանեն նաև թերթերի գրառումները կամ հոդվածները, որտեղ իրենց կամ իրենց տարածքի վերաբերյալ հոդված է եղել: Այդ վկայությունները պետք է շատ երկար պահեն, նույնիսկ փոխանցեն իրենց երեխաներին, որպեսզի եթե իրենք չկարողանան հաջողության հասնել, քանի որ հայտնի չէ` ապագայում ինչ կլինի, գուցե հաջորդ սերունդներին դա հաջողվի:

https://hetq.am/hy/article/124297?fbclid=IwAR3FrZBELa5MRp2S3t55mPNyIhNbFdZnclq6yDVeRApY1H-RrUMG-qJHmgs

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın