İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է: Այս մասին ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Շատերն են հարցադրում անում, թե ինչու է ցեղասպանության կանխարգելման հարցը հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Սա ինքնանպատակ չէ, միայն իմ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական արդարության վերականգնում չէ։ Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է: Եվ մենք` որպես 20-րդ դարում առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետություն, առաջնահերթ դեր ենք խաղում այդպիսի հանցագործությունների միջազգային կանխարգելման գործում»:

Դեսպան Սեյրանյանը հիշեցրել է, որ 2015 թ.-ին Հայաստանը և Ուկրաինայի համահեղինակեցին «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» սահմանելու մասին ՄԱԿ բանաձևը:

«Նույն ժամանակահատվածում հայ և ուկրաինացի դիվանագետները շատ արդյունավետ աշխատեցին ցեղասպանության օրակարգի շուրջ միջազգային այլ կազմակերպություններում, մասնավորապես` Վիեննայում, ԵԱՀԿ-ում: Այս հարցում մեր համագործակցության փաստը վկայում է, որ այս առնչությամբ մենք հետագա համագործակցության հսկայական ռեսուրս ունենք», ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը:

Դեսպան Տիգրան Սեյրանյանը  հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ:

«Ուկրաինայի հետ առկա է բարեկամության և աշխատանքի մեծ փորձ, հարաբերությունների լայն օրակարգ: Փաստ է, որ մեր ժողովուրդները լավ են ճանաչում միմյանց և, որ մենք միմյանց օտար չենք: Ուկրաինայում հայ համայնքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները յուրահատուկ կամուրջ են հանդիսանում Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման առումով»:

Տնտեսական հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք, ասել է Տիգրան Սեյրանյանը․ 

«Կան հարցեր, որոնց շուրջ մենք համագործակցում ենք և կարող ենք զարգացնել այդ օրակարգը: Մենք կարող ենք համագործակցություն զարգացնել, օրինակ, այլընտրանքային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կան շատ լավ օրինակներ, որոնք արդեն իսկ ուրվագծվում են: Ստեղծագործական ուսուցման կենտրոն հանդիսացող  հայկական հայտնի ապրանքանիշ TUMO-ի կենտրոնները գործում են ոչ միայն Հայաստանում, այլ վերջերս բացվել է նաև Փարիզում, Բեռլինում ևս նախատեսվում է բացում, կբացվի նաև Կիևում: Երկու երկրներում էլ իրականացվում են նմանատիպ ժողովրդավարական բարեփոխումներ, տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր պետություններն Արևելյան գործընկերության մաս են կազմում և այստեղ նույնպես կան շփման բազմաթիվ եզրեր»:

Դեսպան Սեյրանյանն ամենակարևորն այն է համարում, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը հիմնված է նույն եվրոպական արժեհամակարգի վրա․ «Այսինքն, մենք ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ»:

Դեսպանը նաեւ համոզված է, որ անհրաժեշտ է վերագործակել տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

«Եվս մեկ ուղղություն, որը ես կցանկանայի նշել, խորհրդարանական դիվանագիտությունն է: Այս առումով, Ուկրաինայի Գերագույն Ռադայում կա Հայաստանի հետ բարեկամության խումբ: Ռադայի մասշտաբով այն այնքան էլ մեծ չէ, սակայն վստահ եմ՝ խմբում կլինեն քանակական և որակական փոփոխություններ: Հայաստանի Ազգային ժողովի Ուկրաինայի հետ բարեկամության խմբում ներկայացված են մեր խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունները: Հայ պատգամավորներն արդեն իսկ այցելել են Կիև, որտեղ հանգամանալից և արդյունավետ հանդիպում են ունեցել ուկրաինացի գործընկերների հետ: Նախատեսված էր նաև ուկրաինացի պատգամավորների այցը Հայաստան, բայց կրկին պատճառը համավարակն էր»:

https://news.am/arm/news/577996.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın