İçeriğe geçmek için "Enter"a basın

ԲԱՑԱՌԻԿ. Արքեպիսկոպոս Մաշալյան. Պատրիարքական ընտրությունը 2 բանալիով բացվող դուռ է

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը, պատրիարքի ընտրությունը կազմակերպող ու այդ գործընթացը գլխավորող Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նաև պատրիարքի երկու թեկնածուներից մեկն է և համոզված է, որ այս վճռական պահին թուրքական պետության հետ հայերը պետք է լեզու գտնեն:

Տեղապահն այսպես բացատրում է Թուրքիայի միջամտությունը հայոց պատրիարքի ընտրությանը: Պատմության մեջ առաջին անգամ արգելվեց Հայաստանից և սփյուռքից պոլսահայ եպիսկոպոսների թեկնածու առաջադրվելը: Թույլատրվեցին միայն Պոլսո աթոռի եպիսկոպոսների թեկնածությունները:

Եթե պատրիարքարանն առարկեր ու ընդդիմանար արգելքին, տեղապահը համոզված է՝ պետությունը չէր ընդունի բողոքը: Սկսվելու էր դատական գործընթաց և նոր պատրիարքի ընտրությունը կհետաձգվեր անորոշ ժամանակով: Համայնքն էլ չընդունեց այս բացատրությունը: Ձևավորվել է պետության միջամտություններով ու սահմանափակումներով պատրիարքի ընտրությունը բոյկոտողների խումբ:

Պոլսահայ համայնքի առաջ խնդիրները դիզված են և միայն նոր պատրիարքը կարող է սկսել դրանք կարգավորել: 17 դպրոց՝ 3100 աշակերտով և 33 եկեղեցի. սա այն է, ինչ մնացել է հայերին: Բայց տեղապահ Մաշալյանը համոզված է՝ նրանք նաև լավ ապագա ունեն՝ հակառակ եղած խնդիրներին, որոնք, տեղապահը համաձայն է, պառակտել են համայնքը:

Սրբազանը նկատում է՝ Թուրքիայի հայ համայնքը նաև քաղաքական գործոն է: Հայաստանի և Թուրքիայի միջև կարող է լինել կապող օղակ կամ բաժանող պատնեշ: Երևանում կարծում են, որ համայնքը պետք է առաջնորդվի հայկական շահով, Անկարայում էլ համոզված են, թե թուրքական: Բայց համայնքն իր շահերն ու խնդիրներն ունի:

Այս ամենին է բախվելու Թուրքիայի հայերի նոր հոգևոր առաջնորդը, որի դե ֆակտո առաքելությունը թուրքական պետության ներսում դիվանագիտական մանևրումներով հայկական ժառանգությունը փրկելը, հայ քաղաքացիներին պաշտպանելն ու կրթելն է: Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 11-ին:

https://www.youtube.com/watch?v=ak4CaFW6BOc&feature=youtu.be

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın