İçeriğe geçmek için "Enter"a basın

Մեր տնտեսությունն աճում է կայուն եւ բավական արագ. Նիկոլ Փաշինյան

Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի եւ նպատակների վերաբերյալ. ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետեւում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս բարձր ամբիոնից եւս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական եւ քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսեւորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական եւ երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին եւ անկախություն բերել մեր ժողովրդին:

Տիկնայք եւ պարոնայք,

հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ժամանակակից աշխարհում հնարավոր են ժողովրդավարական փոփոխություններ: Բայց հեղափոխությունը մեր առաքելության սկիզբն էր միայն եւ թերեւս՝ դրա ամենադյուրին փուլը: Ներկայում մենք գտնվում ենք առաքելության մեկ այլ, առավել կարեւոր եւ դժվարին փուլում: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է:

Մենք հպարտ ենք, որ արդեն իսկ ունենք որոշակի արդյունքներ: Մեր տնտեսությունն աճում է կայուն եւ բավական արագ: Աճին նպաստեց մեր երկրում տեղի ունեցած շատ կարեւոր գաղափարական փոխակերպումը: Յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքն ունի նշանակություն. այս գաղափարը մեր տնտեսական հեղափոխության կարեւորագույն շարժիչ ուժն է: Եվ մեր կառավարության ամենակարեւոր առաքելությունն է ոգեշնչել եւ համոզել մեր քաղաքացիներին՝ հավատալ իրենց տաղանդին եւ իրական փոփոխություններ կատարելու կարողությանը։

Անհատական ջանքերը եղել են մեր քաղաքական հեղափոխության հաջողության հիմնական բանաձեւը: Հեղափոխությունից առաջ մարդկանց միայն մի փոքր խումբ կար, որոնք հավատում էին, որ անհատական ջանքերը կարող են բերել քաղաքական փոփոխությունների մեր երկրում: Բայց այսօր սա հրամայական գաղափար է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հետեւաբար, մեր ընդհանուր նպատակն է իրականացնել տնտեսական հեղափոխությունը հենց այն նույն ճանապարհով, որով ավելի վաղ կատարվել է քաղաքական հեղափոխությունը:

Բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ զարգացումը հզոր գործիքներ են, որ մենք պետք է կիրառենք ժողովրդավարական Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին:

Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական եւ քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի եւ անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը եւս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Մեր ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենակարեւոր ուղղությունը կրթությունն է: Մենք հավատում ենք, որ միայն կրթության խթանման միջոցով մենք կարող ենք ժողովրդավարությունը դարձնել անշրջելի եւ կարող ենք հասնել կայուն տնտեսական աճի: Մեր տեսլականն է ցմահ կրթությունը դարձնել համազգային գործելակերպ մեր հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից մինչեւ մեծահասակներ:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ շարունակելու ինստիտուցիոնալ բարեփոխումները, բայց մենք նաեւ հույս ունենք, որ միջազգային հանրությունը կսատարի Հայաստանի նորաբողբոջ ժողովրդավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մեզ անհրաժեշտ է հասնել միջազգային լավագույն փորձին` ժամանակ եւ ռեսուրսներ խնայելու առումով: Մենք պետք է խուսափենք այլ նորաստեղծ ժողովրդավարությունների կողմից նախկինում թույլ տրված սխալներից` մեր ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր իսկապես հանձնառու են՝ օժանդակելու մեր բարեփոխումների օրակարգին: Մասնավորապես, մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրամիությանը եւ Եվրոպայի խորհրդին: Ըստ էության, ես նշեցի ՄԱԿ-ը՝ մեր համամոլորակային կազմակերպությունը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, եւ հուսով եմ՝ միջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի:

https://news.am/arm/news/535497.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın