İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքերեն եմ խաղում, որովհետև շատ հայեր հայերեն չեն հասկանում

Շուշան Ռիտա Արաքսը, որը երկար տարիներ ֆրանսերեն է դասավանդել ֆրանսիական լիցեյում, ոչ միայն սիրով հյուրնկալեց ինձ, այլև հանձն առավ կազմակերպել իմ հանդիպումները պոլսահայ հայտնի դեմքերի հետ՝ առանց երկնչելու որդու՝ Րաֆֆիի ուղարկած երկարուձիգ անվանացուցակից: Կինոյի ու թատրոնի հայտնի դերասան Գրիգոր Տինչքայըքճըի հետ հանդիպման համար  հեռախոսով պայմանավորվելիս  իրեն բնորոշ բծախնդրությամբ շենքի համարից ու  հարկից բացի՝  հարցրեց նաև  վերելակի համարը՝ բարձրաձայն կրկնելով 5 թիվը՝ ի լուր ինձ ու Հարությունի, և մեզ արդյունավետ օր մաղթեց:

Շենքից դուրս գալով՝   հայտնվեցինք Բանգալդը թաղամասի լայնահուն պողոտայի մեքենաների ազդանշանների  ու տարբեր ազգության  անցորդների գլխապտույտ ժխորում, սակայն քիչ անց, ինչպես հեքիաթում, թեքվելով աջ՝ միանգամից  տեղափոխվեցինք  մեկ այլ իրականություն՝ անցյալ դարերի տարբեր մշակույթների հետքերը պահող նեղլիկ, երկարուձիգ մի փողոց, որը գրեթե  գահավեժ ընթացքով  վազում էր  ցած ու չգիտես որտեղ վերջանում:  Իր թեքության հանգույն՝մենք էլ գլորվելու պես վազեվազ իջանք, ապա  մեկ այլ նեղ, բայց արդեն  վերընթաց, մայթերը քարուքանդ  փողոցով՝ գրեթե հպվելով իրարու կպած ոչ մեծ խանութների ցուցափեղկերին, հաղթահարեցինք վերելքը, թեքվեցինք աջ ու… հայտնվեցինք մեզ հարկավոր Քուրթուլուշ պողոտայում: Մի քանի քայլ չարած՝  Հարություն Քույումջուն, բանկի շենքին կիպ կպած շքամուտքի դռանը վրա հայտնաբերեց  մեր որոնած շքամուտքի  համարն ու գոհ ժպտաց: Իրար հատող փողոցների լաբիրինթոսում  մենակ երբեք չէի կարողանալու գտնել ինձ անհրաժեշտ այդ հասցեն: Անգամ Հարությունը, որ ամբողջ կյանքն ապրել է  անցյալ քաղաքակրթությունների  շուքը կրող  հսկա Ստամբուլում ,  երբեմն  դժվարանում գտնել  մեզ հետաքրքրող հերթական հասցեն:  Զարմանալի խաղաղ, համբերատար երևույթով այդ մարդը, որ մանկությունն անցել էր Գումգաբու հայաշունչ թաղամասում, սիրով հանձն էր առել ինձ օգնել-ուղեկցելու պարտականությունը՝ չնայած Սուրբ Խաչ Դպրեվանքում իր զբաղվածությանը:  Լինելով վարպետ հյուսն , երկաթագործ, օժտված խափանված ամեն բան   սարքել-նորոգելու շատ շնորհներով՝ նա կատարում էր ավելին, քան իր աշխատանքային պարտականություններն էին:

Շենքի արտաքին տեսքն ակնհայտորեն վկայում էր, որ այստեղ ապրում են բարեկեցիկ խավի ներկայացուցիչներ: Վերելակից դուրս ելնելուն պես՝ աջակողմյան բնակարանի դուռը բացվեց, ու շեմքին հայտնված  ժրաջան երևույթով  տիկին ու նրանից համեմատաբար  երիտասարդ բարեհամբույր տղամարդը սիրալիր ողջունեցին մեզ ու  ներս հրավիրեցին: Վարդանուշ Ջէրմէն, որ Գրիգոր Տինչքայըքճըի տիկնոջ հորաքույրն էր, արևմտահայերենից բացի՝ հրաշալի խոսում էր նաև արևելահայերեն, քաջատեղյակ էր երևանյան կյանքից ու հենց այդ պատճառով էլ Գրիգորը գերադասել էր, որ հանդիպենք նրա բնակարանում: Ճաշակով կահավորված, լուսավոր հյուրասենյակում մրգերով առատ սեղան գցելուն պես՝ հնչեց դռան զանգը, և ներս մտավ եռանդուն ու չափազանց զբաղված երևույթով երիտասարդ մի կին:

-Կինս է՝ Մարթան,- ներկայացրեց Գրիգորը,- տատի անունով են կոչել:  Նրան նաև Ժօյս են ասում: Քանի որ Մարթայի  աշխատանքը կազմակերպչական բնույթի է ու հիմնականում առնչվում է տարբեր ազգության ներկայացուցիչների հետ,  Ժօյս անունն ավելի դյուրին հիշվող է: Երկու զավակ ունենք, համալսարանի ուսանող են: Քրիստինեն սովորում է «Միմարսինան» համալսարանի մաթեմատիկայի չորրորդ կուրսում, որդիս՝ Այգը, «Բելքենթ» համալսարանի անգլերենի բաժնում:

Ամեն բանից առաջ՝ նախ հայ եմ

-Պոլսում իմ զրույցներն սկսվում են ինձ համար կարևոր՝ որտեղի՞ց են ձեր նախնիները  հարցից, որի պատասխանները որքան էլ տարբեր՝ նույն նախասկիզբն ունեն, առնչվում են հայության համար եղերական 1915թվականին:

-Մարդին և Ռոդոսթո,- մի պահ հապաղելուց հետո պատասխանեց Գրիգորը,- բայց այս երկու վայրերում ապրողների նկարագիրը, նրանց խառնվածքների տարբերությունները  ներկայացնելը շա՜տ երկար պատմություն է: Մայրս ծնվել է Կ. Պոլսում:  Մորս հայրն Ակնից էր: Մորս մայրը՝ Անդիքոն, Էսկիշեհիրի   Սիվրիհիսար ավանից էր, Էսկիշեհիրի հայերի մեծ մասն ապրել է Սիվրիհիսարում: Այդտեղի հայերին բնորոշ էր ոսկերչական արհեստը: Նրանց օջախում  5 աղջիկ երեխա է եղել՝ Արմավենի, Կալիպսի,  Շնորհիկ, Հայկուհի, Անդիքո:  Երբ ամեն բան խառնվում է, հայրը հինգի մազերն էլ կտրում  է, տղայի հագուստ հագցնում, բոլորի գոտիների մեջ  ոսկիներ շարում, ու  սկսում են Սիվրիհիսարից քայլել դեպի Դեր Զոր: Ճանապարհին ստիպված են լինում մի ափ լեբլեբիի  կամ մի ափ ցորենի համար մեկ թուրքական ալթըն՝ ոսկի  վճարել: Հայտնի չէ, թե ինչպես են կաողանում Դեր Զորից հասնել Կ. Պոլիս: Մեծ աղջիկը՝ Արմավենին, այլևս նրանց հետ չի լինում: Նրան թողած են լինում Դեր Զորում… Աղջիկների դեմքերին խաչեր են լինում դաճված: Երկար տարիներ նրանք միշտ միասին են լինում: Ամուսնանում են: Հայկուհին զավակ չի ունենում: Մյուսներն ունենում են երկուական զավակ: Անդիքոն մորս մայրն էր լինելու:

Ինձ բախտ վիճակվեց հինգ քույրերից միայն Արմավենուն տեսնել: Տարիներ անց Կալիպսոյի մեծ թոռը մեկնում է Ամերիկա, այնտեղ ծանոթանում մի հայ ընտանիքի հետ: Զրուցում են՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես, ինչու՞ ես եկել: Պատմում է, և ինչ՝ պարզվում է ծանոթացել է Արմավենու ընտանիքի հետ: Չորս քույրերից միայն Կալիպսոն է կարողանում հասնել Ամերիկա, տեսնել Արմավենուն, լուր բերել նրա ընտանիքից, որպեսզի մյուս քույրերը գոնե նամակով տեղեկանան Արմավենու որպիսությունից: Այսքանը մորս ընտանիքի պատմությունից:

Հայրիկիս կողմը Քեմախից՝ Երզնկայից էին: Օսմանյան շրջանում երբ մի տեղ հեղափոխություն էր լինում, բնակչությանը բռնի տեղահանում էին, մարդիկ ստիպված  գաղթում էին: Քրդերն ապստամբում են, հասնում մինչև Քեմախ: Հայերը զինված ուժ են կազմում և կասեցնում քրդերի առաջխաղացումը: ԵՎ այդ ժամանակ սուլթանը  հայերին կազմակերպված, վտանգավոր տարր համարելով՝ նրանց աքսորում է Ռոդոսթո, որտեղ էլ ապրում են մինչև 1915թ.:

Հայրս 11 տարեկանում որբանում է և ապրուստի համար  սկսում  աշխատել, մեքենաների շարժիչներ է նորոգում: Քսան տարեկանում բանակ է զորակոչվում: Պատերազմ էր, և  շատ հայերի պես նա էլ է հայտնվում  կռվի դաշտում, որպես կամավոր՝ հասնում Կորեա: Պատերազմից վերադարձողներին թոշակ ու այլ ատոնություններ էին տրվում: Հայրս ղազի էր: Դա նշանակում էր, որ նա վիրավորվել էր պատերազմում: Ղազիի  նշանը տեսնելիս ավտոբուսում նրան  տեղ էին տալիս: Զորացրվելուց հետո  Պոլսի  հայկական Գումգաբու թաղամասում հայրս ծանոթանում է մորս հետ: 1958թ. ամուսնանում են: 1959թ. ծնվում է  Կարպիս աղբարիկս, անձնագրում անունը Կարո է, ապա ես եմ լույս աշխարհ գալիս: Աղբարիկ ձևն ընդունված է թուրքահայերի շրջանում, քանի որ մեծ եղբայր, փոքր եղբայր դիմելաձև, զատորոշիչ ածական չկա, իկ մասնիկը բնութագրական է փոքր եղբորը: Աղբար դիմելաձևը որպես հարգանքի նշան օգտագործում են նաև ընտանիքից դուրս, երբ դիմում են տարիքով մեծ անձին, օրինակ՝ Պաղդասար աղբար:

Մինչև 1979թ. հաճախում էի Մխիթարյան վարժարան: Այնուհետև եղբորիցս ոսկերչություն սովորեցի: Երեսունհինգ տարի ոսկերչություն արեցի, ապա հանգստյան կոչվեցի: Դժբախտաբար, Կարպիսը, որ հայտնի վարպետ էր ոսկերչության ասպարեզում, անցյալ տարի հունիսի հինգին վախճանվեց:

Վարդանուշը Ջէրմէն, որ աշխույժորեն  մասնակից էր զրույցին,  ընդմիջում է Գրիգորի խոսքը.

-Իրենք սովորական ոսկերիչ չեն, հատուկ են, արվեստո՛վ…

– Ոսկերչություն , դերասանություն՝ կարծես  թե իրարից հեռու բաներ են,  ե՞րբ սկվեց դերասանի ձեր ուղին,- հարցնում եմ Գրիգրին:

-Ոսկերչությանը զուգընթաց՝ 1992թվից խաղացել եմ թատրոնում: «Արտո Բերբերյան» թատերախմբում էի: 1995թվից Մխիթարյան սանուց միությունում շատ եմ խաղացել Միսաք Թորոսյանի հետ: Միսաքը երկար տարիներ աշխատեց հայկական տարբեր վարժարանների շրջանավարտների հիմնած միություններում, պոլսահայերը դրանք կոչում են սանուց միություններ: Միսաքի Կինը՝ Անիթա Թորոսյանը, ոչ միայն հայկական բեմերում էր խաղում, այլև թուրքական թատրոնի, կինոյի, հեռուստաէկրանի արհեստավարժ դերասանուհի էր՝ հայտնի Անթա Թորոս անունով:  Միսաքը նույնպես սկսեց հայ թատրոնից, այնուհետև հանդես եկավ թուրքական հեռուստատեսության ներկայացումներում: Ցավոք, մահացել է:

Չսիրված դեր չեմ խաղացել

-Ստամբուլի հայերը  սիրով են խոսում ձեր մասին: Ասում են՝  այն հայ  դերասաններից է, ովքեր  կարողացան իրենց  տեղն ունենալ   Թուրքիայի կինոյի, հեռուստակինոյի և թատրոնի ասպարեզներում, որ դուք ոչ միայն հեռուստասերիալներում եք հաջող հանդես եկել, այլև հայկական համայնքում  ընդունված դերասան եք՝ հայերեն, թուրքերեն ներկայացումներում ձեր խաղացած դերերով: Ե՞րբ սկսեցիք  թուրքերեն խաղալ:

– 1997թ. սկսյալ՝ շատ սերիալներում եմ խաղացել: Վերջին տարիներին խաղացել եմ մի շարք հաջողված սերիալներում՝ «Քարտալը», «Փօյազ Քարայել», «Հայաթ Շարքըսը», «Եիւզ Եիւզե», «Թէհիլքէլի Քարըմ», «Ատընը Սէն Քօյ»: 2005թ. իմ դերասանական կյանքում նոր էջ սկսվեց: Սկսեցի խաղալ թուրքական «Հատի Զաման» անունով թատերախմբում, որտեղ միայն արհեստավարժ դերասաններ էին խաղում: Այժմ հանդես եմ գալիս Նեժադ Ույգուրի որդիների հետ՝ խաղում եմ «Ույգուր Սանաթ» թատերախմբում:Վերջին դերս պրոֆեսիոնալ  թատրոնում եղել է «Եալան Տօլան»՝ «Սուտ ու փուտ» ներկայացման մեջ Նիյազի անունով լիազորի դերը: Իսկ այս ձմեռ Կեդրոնական սանուց միությունում մի ներկայացում բեմադրեցի:

Գրիգոր Տինչքայըքճըն առանձին սիրով է պատմում պոլսահայ համայնքի կրթամշակութային միություններում իր գործունեության մասին՝ և՛ որպես բեմադրիչ. և՛ որպես դերասան: Ներկայում Արամ Կոստանյանի հետ խաղում է «Հայրեր և որդիներ» ներկայացումում:

– Ներկայացումը երկու դերասանի խաղ է: Այն երկու սերնդի հաշվետվություն է, որ հրաշալի արտացոլում է սերունդների շարունակական կապն ու անխուսափելի հակադրությունը, և հավաստում՝ որ ամեն սերունդ իր ասելիքն ունի: Ես խաղում եմ հոր դերը, Արամ Կոստանյանը՝ զավակի: Հաճելի է խաղալ Արամ Կոստանյան տաղանդավոր արտիստի  հետ: Քսան տարուց ավելի է անցել, որ նա Երևանից եկավ Ստամբուլ և որպես ստեղծագործող  ու  դերասան՝ իր  ասելքն ունի, որը շատ կարևոր է:

-Այցելել եմ մի քանի հայկական վարժարաններ, որոնք, զրկված պետական հոգածությունից, գոյատևում, գործում են ամեն տարի անցկացվող «Սիրո սեղաններ»-ի շնորհիվ գոյացած ֆինանսական միջոցներից: Դյուրին չէ այսօր այդ  եղանակով վարժարանների տարեկան գործունեության համար անհրաժեշտ գումարներ ապահելը: ԵՎ, չնայած գործադրված ջանքերին՝ պոլսահայ ներկա սերունդն օտարանում է իր ինքնության վառ վկայություն հարուտ ու շքեղ մայրենիից, որով ստեղծագործել են արևմտահայ գրականության փայլուն դեմքեր՝ Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը,  Գրիգոր Զոհրապը, Երվանդ Օտյանը, Հակոբ Մնձուրին ու էլի շատ երևելիներ … Պոլսահայերի հետ զրուցելիս հաճախ եմ լսում, որ ապրելու առումով գերադասելի է թուրքերենը:   Հայերենն անօգտակար համարող, ազգային նկարագրից խորթացած հայ երիտասարդները գալի՞ս են դիտելու ձեր ներկայացումները, դրանք սրտամո՞տ են իրենց:

– «Հայրերն ու որդիները» ներկայացումը հինգ անգամ խաղացիք Մխիթարյան սանուց միությունում: Հինգհարյուր հանդիսատես էր եկել: Խաղացինք նաև Գնալը կղզու եկեղեցու սրահում: Չնայած, որ սրահը  փոքր էր,  270 հանդիսատես կար, մարդիկ կանգնած էին դիտում ներկայացումը: Մեր նախորդ  ներկայացումներից ինձ շատ հոգեհարազատ էր Լևոն Շանթի «Հին աստվածները»՝ Արտո Բերբերյանի սքանչելի ձևավորմամբ, որը խաղացինք Գարակօզեան սանուց միությունում: Բեմը ձևավորված էր եկեղեցու խորանի պես , իսկ եզերում սյուներ էին: Դահլիճ մտնող հանդիսատեսին թվում էր, թե եկեղեցու խորանում է: Ես Արամ վանական էի խաղում: Այս երկու ներկայացումները երևույթ էին իմ թատերական կյանքում, և ապրումներս երբեք չեն խամրի:

Հայերենից օտարանալու պատճառները գալիս են պատմության խորքից: 1915թ. ոչ միայն մարդիկ ոչնչացան, այլև հարուստ ու բազմերանգ հայ մշակույթը: Ես այդ մշակույթի կարոտն ունեմ, կարիքն ունեմ: Հայերեն խաղալն ինձ համար հպարտություն է, հոգու վայելք: Միշտ մասնակցում եմ հայ համայնքի մշակութային միջոցառումներին: Հարցրեցիք՝ ինչպես են վերաբերվում հայերեն լեզվով ներկայացումներին: Շատերը նեղվում են, քանի որ հայերեն չգիտեն:  Ուրիշ ցավոտ խնդիր էլ կա. հայկական միությունների բեմադրիչները այդ միջոցով հանապազօրյա հաց վաստակել չեն կարող, դրամ չեն ստանում այդ գործի համար, այդ գործն անում են սիրողական մակարդակով: Սիրողական ասելով ՝ նկատի չունեմ արհեստավարժության մակարդակը, այլ որ դրամ չստանալով՝ մեկ այլ մասնագիտություն էլ են տիրապետում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի ապրուստը: Շաբաթը երկու-երեք օր փորձեր ենք անում՝  ժամը 20-ից մինչև 24-ը: Ամիսներով փորձեր ենք անում, և այդքանից հետո խաղում ընդամենը երեք-չորս  խաղ, մինչդեռ և՛ ես, և՛ ընկերներս կուզենայինք ավելի երկար խաղալ, բայց հանդիսատեսը սակավ է:  Ամբողջ հայկական համայնքում 500-600 հոգի է հայերեն հասկանում, մինչդեռ հայ քրիստոնյա համայնքում հաշվվում է մինչև 60.000 մարդ: Մինչև 1980-ականները հայկական թատերախմբերը մեկ ներկայացումով հանդես էին գալիս առնվազն 25 ու մինչև 35 անգամ: Այսօր շատերի հայերեն չիմանալու պատճառով  նույն ներկայացումը խաղում ենք նաև թուրքերեն: Թուքերեն  խաղալիս մինչև 300 հանդիսատես է լինում: Այսպիսին է այսօր պոլսահայ թատրոնի վիճակը:

Ես ուրախ եմ, որ երկու զավակս էլ հայերեն լավ գիտեն: Մենք հացը հայերեն ենք ուտում: 

-Ձեզ հրավիրում են նկարահանվելու թուրքական հեռուստասերիալներում, ասում են՝ կոլորիտային  վառ կերպարներ կերտելու վարպետ եք: Լինու՞մ են դեպքեր, որ դերը չի ձգում, սրտամոտ  չէ, բայց ստիպված եք լինում խաղալ:

Գրիգորը թախծոտ ժպտում է.

-Մի անգամ մի ընկերուհի ինձ ասաց .«Կտեսնիմ՝ դերդ սիրով կխաղաս, իսկ չսիրածդ դերը ո՞րն է»: Պատասխանեցի. «Չսիրած դեր չունեմ: Չեմ կարող չսիրած դեր խաղալ: բայց եթե պետք է, կարող եմ անգամ կնոջ դեր խաղալ»: Տարբեր կերպարներ եմ խաղում: Անշուշտ, ցավալի պահեր  կան: Այս վերջին՝ պատմական թեմաներով սերիալներում դերեր կան, որ հանուն ոչ մի բանի չեմ խաղա: Հայերի դեմ, հայերին վարկաբեկող դեր չեմ խաղա, եթե անգամ նյութական շատ նեղ վիճակում լինեմ: Ամեն բանից առաջ՝ նա հայ եմ: Հայկական ծագման գիտակցումն ավելի զորեղ է:

– Որպես դերասան, բեմադրիչ՝   ի՞նչի  պակաս եք զգում…

-Հարուստ ու բազմազան հայ մշակույթի կարոտն ունեմ, այդ մշակույթն եմ ուզում, որը, սակայն, այլևս անվերադարձ անցյալ է:

Վարդանուշ Ջէրմէն ասում է.

-Գրիգորն ու Ժօյսը նաև հանդիսավոր արարողություններ  են կազմակերպում, քանի որ այսօր երկու ուսանող զավակի խնդիրները հոգալը դյուրին գործ չէ: Այս ասպարեզում  էլ Գրիգորը փայլում է բնատուր հումորով ու խաղով,  նրա հորինելու, ստեղծագործելու ձեռագիրը նրբաոճ է: Սա մի ուրիշ բեմադրություն է՝ շատ տարբեր Հայաստանի հարսանիքներից: Շատ կուզենայի, որ ներկա լինեիք Գրիգորի հեղինակած հարսանեկան հանդեսներից մեկին:

Մեր զրույցի ընթացքում Ժօյսն աննկատ հեռացել էր, աշխատանքից չէր կարելի ուշանալ: Դժվար էր հրաժեշտ տալ. երկու հայ սիրտ՝ իրենց ուրույն աշխարհներով ալեկոծել էին հոգիս: Տիկին Վարդանուշի խոսքերը կինոյին չէին վերաբերում: Դրանք  ցեղասպանության տարիներին իր նախնիների հետ կատարվածի մասին դաժան պատմություններ էին, նաև՝  մտահոգություններ, հույզեր՝ ծնված   պոլսահայության ներկա վիճակից,  Ստամբուլի հայկական վարժարաններում ու Հայաստանի դպրոցներում շքեղ գրաբարը չդասավանդելու ցավալի փաստից: Այդ խոսքերում հաճախ էին հիշատակվում Յոզղաթ, Մարդին, Կեսարիա, Սեբաստիա, Ամասիա, Եվդոսքիա, Օրթագյուղ, Սամաթիա անունները… հայացքն ալեկոծվեց, երբ անդրադարձավ գավառից եկած հայերի որբությանն ու   պոլսահայերի՝ նրանց վերից նայելուն ու իրենց  յոթ պորտ պոլսեցի համարելու գլուխգովանքին:Արդյոք մի օր որևէ երևելի կինոգործիչ ձեռք զարկելո՞ւ է հայության պատմական հայրենիքի կորստյան, ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորների գլխովն անցածը գեղարվեստական ու վարերագրական Փարաջանովյան հզոր  պատումով էկրանավորելուն, և թերևս  կարևոր չէ՝ կարժանանա՞ այն բարձրագոչ մրցանակների, թե ոչ: Կարևորը ներկա ու գալիք սերունդներին Հայոց ցեղասպանության մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, որի սպառնալիքը գնալով ահագնանում է…

Ասպրամ Ծառուկյան

Դիտումներ 162

https://kinoashkharh.am/2019/08/turqeren-em-xaxum-vorovhetev-hayer-hayeren-chen-haskanum/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın