İçeriğe geçmek için "Enter"a basın

«Լույս» TV-ին Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Պոլսում լույս տեսնող պարբերականների հետ միասին շուրջ 5 ամիս է Քուրան ընտանիքի ջանքերով եթեր է հեռարձակվում «Լույս» թերթի համանուն թիվին: «Ռադիոլուրի» հետ բացառիկ հարցազրույցում Հարություն Գուրանը նշել է, որ իրենց հիմնական նպատակն է պահպանել ազգային մշակույթը, ավանդույթները եւ ամենակարեւորը՝ մայրենի լեզուն՝ արեւմտահայերենը, երիտասարդներին հիշեցնել իրենց հայկական արմատների մասին: Պոլսահայերն այսօր ուծացման եզրին են կանգնած, իսկ ԶԼՄ-ների դերը մեծ է այն կանխելու գործում:

Թուրքիայում առաջին անգամ եթեր հեռարձակվող «Լույս» TV-ի լուրերի մեկնաբան Պարգեւ Սամուելյանն այս խոսքերով է ամեն ուրբաթ սկսում լուրերի թողարկումը։ Առաջիկայում, ըստ Պարգեւի, ծրագրվում է, որ լուրերը եթեր հեռարձակվեն ամենօրյա օպերատիվ ռեժիմիով: Իսկ մինչ այդ՝ «Լույս» TV-ի մասին: Պոլսի «Լույս» TV-ին պաշտոնապես եթեր է սկսել հեռարձակվել այս տարի՝ Սուրբ Ծննդյան օրը: Պատահական ընտրված օր չէ: «Ռադիոլուր»ի հետ զրույցում հայկական ինտերնետայիան հեռուստատեսության մասին պատմեց լրատվամիջոցի համահիմնադիր Հարություն Գուրանը եւ նշեց, որ Սուրբ Ծննդյան օրով «Լույս» TV-ին լույս սփռեց հայության համար՝ հեռարձակելով Սուրբ պատարագ, եւ որպես փորձություն սահմանեց դիտելիության առաջին ռեկորդը.

«Մենք՝ ընտանիքով, 7 տարի է տպագրում ենք «Լույս» պարբերականը, եւ աշխարհով մեկ «Լույսը» տարածվում է՝ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Եվ այսօր Թուրքիայում ամենաշատ վաճառվող պարբերականներից մեկն է: Հայրս՝ Արամ Քուրանը, մեկ գաղափար ուներ, երազ, որպեսզի Թուրքիայում բացվի հայկական հեռուստաալիք, որը աշխարհի բոլոր հայերին տեղյակ կպահի Պոլսում բնակվող հայ ընտանիքների առօրյայի, կյանքի, դպրոցների, եկեղեցու, հիմնադրամների գործունեության մասին:

Շուրջ 5 ամիս 24 ժամ ինտերնետային հեռարձակում ապահովող «Լույս» TV-ին այսօր բարձր վարկանիշ ունի: «Լույսը» դիտում են ամենուր, քանի որ հաղորդումները բազմաբովանդակ են եւ հիմնականում հայապահպանման նպատակ են հետապնդում: Ըստ Հարություն Գուրանի, համահիմնադիրները շատ հավակնոտ ծրագրեր ունեն, սակայն ամենաառանցքայինը՝ արեւմտահայերենի պահպանումն ու տարածումն է: Հարություն Գուրանի փոխանցմամբ, այսօր Պոլսի երիտասարդները հեռանում են արեւմտահայերենից, իսկ «Լույսը» հնարավորություն է ընձեռում ապահովել 24 ժամյա հաղորդումներ արևմտահայերենով եւ թուրքերենով: «Նախընտրած հաղորդումները հեռարձակելով, փորձ է արվում պահպանել մայրենի լեզուն»,- ասում է Թուրքիայում գործող միակ հայկական հեռուստատեսության համահիմնադիրը:

«Վստահ եմ, դուք էլ կհասկանաք մեզ: Մենք ունենք բուն լեզու, մայր լեզու՝ արեւմտահայերեն, որը, ըստ միջազգային կառույցների, վտանգված է: 15 հայկական դպրոց կա, ես էլ եմ հաճախել այդ դպրոցներից մեկը, ու պետք է ջանամ լավացնել իմ հայերենը: Դպրոցում շաբաթական 25 ժամ է հայերեն ուսուցանվում: Դուք էլ գիտեք, որ դրսում ապրող հայը՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում այդ երկրի լեզվով է խոսում, եւ միայն իր ընտանիքի հետ է հայերեն խոսում, հայ ընկերների հետ: Իսկ մենք այս կերպ տարածում ենք հայերենը, հայկական երգերը՝ իր տանը նստած միացնի թիվին եւ ստանա արեւմտահայերենով տեղեկություն»:

«Լույսը» հիմնականում ֆինանսավորվում է Գուրան ընտանիքի կողմից, բայց եւ աջակիցների մեծ բանակ ունի: «Գործը հեշտ գործ չէ, բայց ցանկությունները եւ ծրագրերը մեծ են»՝ շեշտում է Հարություն Գուրանը եւ հավելում, որ իրենց կատարած աշխատանքն այսօր գնահատվում է, ոչ միայն Ստամբուլում, այլեւ աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերի կողմից: «Լույսի» աշխատանքը ողջունվել է նաեւ Թուրքիայի կառավարության կողմից:

«Մեր ամենադյուրին գործը եղավ պետությունից արտոնություն ստանալը: Մենք «Լույս» TV-ի գաղափարը ներկայացրեցինք կառավարությանը, եւ պետությունը մեզ շատ արագ թույլատվություն տվեց, եւ այժմ կարող ենք արեւմտահայերենով հաղորդումների տարածումը»:

Ըստ Հարություն Գուրանի, «Լույսի» դռները բաց են բոլորի համար, եւ իրենք համագործակցում են բոլոր ցանկացողների հետ: «Լույս» TV-ի մեկնաբան, լրագրող Պարգեւ Սամուելյանի փոխանցմամբ էլ հեռուստատեսությունում այսօր հաղորդումներ են պատրաստվում հայ եւ թուրք մասնագետների կողմից:

Առողջապահական հայտագիր կա, որը թուրքերենով է սփռվում: Աշխատողները հիմնականում հայ են: Ընտրողաբար չի եղել, իհարկե: Եթեր են հեռարձակվում հայրենիքի մասին պատմող լուրեր, միջազգային օրակարգում քննարկվող թեմաներ, ներհամայանքային հարցեր:

«Լույս»-ը՝ ըստ հիմնադիրների, այսօր կատարում է իր առջեւ դրված կարեւոր առաքելությունը՝ համախմբման եւ արեւմտահայերենի պահպանման, դա են վկայում դրական եւ ոգեւորիչ արձագանքները: Լույսը եթեր է հեռարձակվում luys.tv կայքի միջոցով:

https://armradio.am/hy/14248

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: