ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Հայ եւ եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի եւ կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի եւ ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն:
Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս եւ երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն եւ նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ եւ ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»:
İlk yorum yapan siz olun