İçeriğe geçmek için "Enter"a basın

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Թուրքիայի լուսավոր ու խաղաղ դեմքը

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքը՝ մտահոգված Գարո Փայլանի դեմ իրականացվող քրեական հետապնդումներով։ 

Զրուցակից՝ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզ՝ քուրդ-հայկական ծագմամբ:

Դեմիր Սյոնմեզը ծնվել է Էրզրումում: Որպես քաղբանտարկյալ մի քանի անգամ ազատազրկվել է: Բանտից դուրս գալուց հետո 1986-1990թ. ուսանել է «Անատոլիայի համալսարանի» տնտեսագիտության ֆակուլտետում:  Քաղաքական հայացքների համար 1990թ. արտաքսվել է Թուրքիայից և մինչ օրս ապրում է Ժնևում:

1994. մի խումբ ընկերների հետ հիմնել է «Ժնևի մշակույթի տունը»:  Սյոնմեզը շվեյցարական ամենահայտնի թերթերից մեկի`«Tribune de Geneve»-ում հրապարակել է շուրջ 1500 հոդված:

Անդամակցում է «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների միջազգային դաշնություն», «Եվրոպայի մամուլի դաշնություն», «Շվեյցարիայի մամուլի արհմիություն» կազմակերպություններին:

Դեմիր Սյոնմեզը «Photography Geneva» կայքում տեղադրում է իր հեղինակային լուսանկարները, ինչպես նաև իր բլոգում լուսաբանում օրակարգային մի շարք խնդիրներ:

– Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: 

– Գարո Փայլանն ընդդիմադիր պատգամավոր է: Ընդդիմադիր պատգամավորի իրավունքն է քննադատություններ հնչեցնել և արտահայտվել իր ապրածի և տեսածի մասին:

Ժողովրդավարական երկրներում իշխանության կողմից բնական է դիտվում ընդդիմադիր պատգամավորների ազատ արտահայտվելը: Սակայն հակաժողովրդավարական և ֆաշիստական մտածելակերպով կառավարվող երկրներում, ինչպիսին օրինակ Թուրքիան է, իշխանությունը չի ընդունում ոչ մի քննադատություն: Միևնույն ժամանակ խստորեն մերժում է և դա ընկալում որպես իշխանության դեմ ուղղված ագրեսիա: 

Այս քրեական հետապնդումն արտացոլում է այն իշխանությունների այն ագրեսիան, որն ուղղված է արժանապատիվ վարքագիծ ունեցող և մաքառող մարդկանց դեմ: Վերջիններս պայքարում են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և դրա առաջնորդ Էրդողանի հետադիմական և ֆաշիստական մեթոդների դեմ: 

Գարո Փայլանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հետևյալ կերպ պետք է հասկանալ, որ այստեղ հիմնական նպատակը Փայլան անձի միջոցով վախ ու սպառնալիք տարածելն է դեմոկրատական ուժերի մեջ:

Թուրքիան այն երկրիրն է, որտեղ ընդդիմադիր ուժի՝ HDP-ի անդամներին, ինչպես նաև գիտնականներին, հեղափոխականներին և լրագրողներին լռեցնելու նպատակով շինծու մեղադրանքներով բանտարկում են ամիսներ ու տարիներ շարունակ:

– Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է միայն ներկայացված դիմումների 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով դիմումը: Այս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է:

– Որպեսզի հասկանալ, որ այս մեղադրանքը քաղաքական է, պետք չէ լինել պայծառատես: Նախ պետք է ընդգծել այն իրողությունը, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչև օրս մշտապես երկու տեսակ դատական համակարգ է եղել. ընդհանուր դատական համակարգ և արտակարգ դատական համակարգ: Ահա այդպիսի դատական համակարգ և օրենքներ են եղել, որոնք հետք են թողել Թուրքիայի Հանրապետության համակարգի վրա և կանխորոշել են այդ համակարգի հակաժողովրդավարական բնույթը: 

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ցայսօր հազարավոր ընդդիմադիր գործիչներ են դատապարտվել, ավելի քան 800 հոգի՝ մահապատժի ենթարկվել: Ընդդիմադիրները ցանկացած ժամանակաշրջանում հատուկ դատարաններում, հատուկ օրենքներով (Թուրքիայի քրեական օրենսգրքի 141-րդ, 142-րդ, 163-րդ, 8-րդ, 312-րդ, 220-րդ, 301-րդ, 312-րդ և Թուրքիայի դատական օրենսգրքի 8-րդ հովածի հատկանիշներով) և քաղաքական որոշումներով են դատապարտվել: Բացի դրանից պետության մութ ուժերի կողմից հազարավոր ընդդիմադիր գործիչներ են սպանվել: Ահա սրանք են Թուրքիայի խավար դեմքի քաղաքական սպանությունները: 

2014-2017թթ.ընթացքում 68.827 անձի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով (նախագահին վիրավորելու) հետաքննություն է սկսվել, որի արդյունքում 12.839 հոգու նկատմամբ 1-4 տարի բանտարկության պահանջով դատի են տրվել: Միայն այս թվերը ապացուցում են, որ Թուրքիայում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ինչպիսի սահմաններում են: Թուրքիայում նման պատկեր ստեղծած համակարգը ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ:

Գարո Փայլանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ձևը և 301-րդ հոդվածը քաղաքական են և հիմնական նպատակն է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից ու դատել: Բանտերում դեռևս ձերբակալված են HDP-ի 9 պատգամավոր, կուսակցության ղեկավար օղակից 50- անձ և շուրջ 6000 կուսակից անդամ:  

– Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ են եղել: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարությունները ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ:

– Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց իր նկատմամբ հարուցված քրգործերից, ճնշումներից, սպառնալիքներից չվախենալու,  «աղավնու անհանգստությամբ» ապրելու և դիմակայելու համար: Այդ իսկ պատճառով ուզում եմ ասել հետևյալը: Կարևոր չէ, թե որ դատարանում և որ օրենքի հոդվածներով ես դատվում, կարևորը այդ հարձակումների դեմ քո կեցվածքն է, թե ինչ ես ասում և ինչն ես պաշտպանում:

Թուրքիայում լինելով և՛ ընդդիմադիր գործիչ, և՛ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, նշանակում է, որ դու և՛ պետության,  և՛ պետության կողմից աջակցվող թուրք ազգայնականների թիրախում ես:  Սա ոչ միայն վերաբերում է հայերին, այլև բոլոր փոքրամասնություններին:

Գարո Փայլանն այսօր և՛ պետության, և՛ վերջինիս մութ ուժերի թիրախում հայտնված անձերից մեկն է, ով, որպես հայ մարդ, պահանջում է աջակցել քուրդ ժողովրդի օրինական իրավունքի համար մղած պայքարին, պահանջում է Թուրքիայի ժողովրդավարությունը, պահանջում է, որպեսզի առերեսում լինի անցյալի հետ:  

Փայլանը Թուրքիայի մեջլիսում ունեցած ելույթներից մեկում արտաբերած հետևյալ խոսքերից հետո քաղաքական ինքնադատաստանի թիրախ է դարձել. «1913-1923թթ. հայերը, ասորիները, հույները և հրեաները կորստի մատնվեցին: Ենթարկվելով լայնամասշտաբ կոտորածների և ցեղասպանության՝ այս տարածքներից բռնագաղթեցին»:  

– Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն: Եվ եթե այդ հավանականությունը մեծ է, ապա հանրային, համայնքային պայքարի ի՞նչ ձևով է հնարավոր  հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը:

– Երբ «HDP»-ի դեմ ուղղված պետական հալածանքներն իրենց ողջ թափով շարունակվում են, անմասն չեն մնում նաև ուժ և աջակցություն ստացող իսլամական ֆաշիստ խունտաները: Մասնավորապես ընտրություններին այդ խունտաները հարձակվում են «HDP»-ի գրասենյակների և թեկնածուների վրա ու խոչընդոտում ընտրական աշխատանքները: 

Նույնիսկ եթե շատ չնչին հավանականություն լինի, որ Փայլանը կարճ ժամանակով ձերբակալվի, ապա «օսմանի երկրում» խաղերն անավարտ են: Այս իմաստով ցանկացած գրոհի պետք է պատրաստ լինել: 

Գարո Փայլանը Թուրքիայի լուսավոր և խաղաղ դեմքն է, բայց նրան դեմ հանդիման Թուրքիայի խավար դեմքն ու խաղաղության թշնամիներն են: 

Արժանապատիվ բոլոր մարդկանց պարտականությունն է պաշտպանել Փայլանին: Սա պետք է բոլորը իմանան: Հրանտ Դինքը սպանվեց, բայց նրա պայքարը շարունակվում է և շարունակվելու է:

Փայլանի 100-ավոր կուսակից ընկերներ ձերբակալված են,  նրանց պայքարը ևս շարունակվում է:  

Քաղաքական և դիվանագիտական բարոյականությունից զուրկ, տիպիկ թուրքական նախագահական համակարգի ֆաշիստական մեթոդները հնարավոր է վերացնել  միայն ժողովրդի կազմակերպված և  գիտակցական պայքարով:

– Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապես Փայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:

– Գարո Փայլանի դեմ քրգործ հարուցելու իրական նպատակը բոլորին է հայտնի։  Անշուշտ, այստեղ առկա է բացահայտ  հարձակում խոսքի ազատության դեմ,  ինչն էլ ապացուցում է այն, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Գովասանքի է արժանի հատկապես այն հանգամանքը, որ Գարո Փայլանը բարձրաձայնում է իրական խնդիրները, պետությանը կոչ է անում առերեսվել իր անցյալի հետ, ինչպես նաև արտահայտում է բոլոր ժողովուրդների ու փոքրամասնությունների՝ միասնական կերպով ազատ ապրելու զգացումները։

Բոլորին է հայտնի, որ միջազգային ուժերը ուշադիր հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս գործի  շրջանակներում  ևս ամբողջ աշխարհի ուշադրութունը սևեռվելու Թուրքիայի վրա։ Շատ երկրներ այս գործին ուշադիր հետևելու են, կարևոր և ողջամիտ արձագանքներ են լինելու: Դրանում կասկած չկա։

Ցավոք, մեր աշխարհում միջազգային հարաբերություններն այլ կերպ են ընթանում: Երևի թե միշտ է եղել այդպես. տնտեսական և քաղաքական շահերն են ուղղորդել հարաբերությունները։ Մարդկային բոլոր արժեքներն այս տեսակ շահերի համար զոհաբերվում են։  Նկատի ունենալով այս իրողությունը՝ անհրաժեշտ է ավելի արդյունավետ միջոցներով սաստկացնել պայքարը: Արդյունքում հանրության արձագանքը, թե Եվրոպայից, թե այլ մայրացամաքներից կլինի ավելի ազդեցիկ և կառուցողական։

Օրինակ առկա է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «HDP» կուսակցության կալանավորված նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որով նա պետք է ազատ արձակվի։ Մինչդեռ բռնապետ Էրդողանը, հայտարարելով, թե այդ որոշումը Թուրքիայի հետ առնչություն չունի,  չճանաչեց փաստորեն միջազգային իրավունքը։

Բոլոր դեպքերում մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի բռնապետ չի կարողացել նստել աթոռին հավերժ և բոլորի վերջը լինում է այն, ինչին  նրանք արժանի են։

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/19/Մեջլիսի-հայ-Փայլան-Թուրքիա/148315

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: