İçeriğe geçmek için "Enter"a basın

Անընդունելի է Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունումը. Հայտարարություն

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ անընդունելի համարելով Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունման փորձը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան (ՖԱՀՖ) անընդունելի է համարում Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունման փորձը։ 2017թ.-ի հուլիսին ՀՀ մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով մշակված Կանոնակարգը, պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։

ՖԱՀՖ-ը տարածեց հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին։ Հետագայում մշակույթի նախարարի հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովը արձանագրեց, որ կանոնակարգի կետերից մեկը, որով հանձնաժողովը մերժել էր վեց կինոնախագծեր, չէր կարող տարածվել այդ հայտերի վրա։

Ազգային կինոկենտրոնը, չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց եւ հրավիրեց կինոոլորտի փորձագետների, այդ թվում՝ ՖԱՀՖ-ը ներկայացնող փորձագետի։ Չնայած փորձագետների կողմից կատարված մեծածավալ աշխատանքի, կանոնակարգի մշակված տարբերակը, ցավոք, դեռեւս թերի է եւ անընդունելի մի շարք չհստակեցված, վիճահարույց կետերի առկայության պատճառով։

Այդուհանդերձ, կինոկետրոնը, հիմք ընդունելով 2018թ.-ի վերջին օրերին կինոհամայնքի փոքր մասի հետ հապճեպ անցկացված երկու հանդիպումները, դեկտեմբերի 28-ին փորձագետներին է ուղարկել կանոնակարգը՝ որպես քննարկումների արդյունքում ստեղծված տարբերակ։ ՖԱՀՖ-ը, որպես Կանոնակարգի ստեղծման վրա մեծ ծավալի աշխատանք կատարած կառույց, համարում է կինոկենտրոնի նոր կանոնակարգի մի շարք կետեր անընդունելի եւ վտանգավոր։

ՖԱՀՖ-ը մտահոգիչ է համարում, որ կանոնակարգը կինոկենտրոնի տնօրենին տալիս է ձայնի իրավունքով անկախ փորձագետների հետ կինոնախագծերի հայտերը գնահատելու գործընթացին մասնակցելու, նրանց որոշումների վրա ազդելու կամ ուղղորդելու հնարավորություն։

ՖԱՀՖ-ը վստահ է, որ կանոնակարգի այս «հերթական» տարբերակը չի նպաստելու լավագույն կինոնախագծերի թափանցիկ ընտրությանը եւ հնարավորություն է տալու կինոկենտրոնին օգտագործել կանոնակարգը որպես գործիք՝ անցանկալի կինոարտադրողների նախագծերը արգելափակելու համար, ինչի հիմքերը կանոնակարգում առկա են, իսկ նախադեպերը՝ հայտնի։

ՖԱՀՖ-ը ափսոսանք է հայտնում, որ կանոնակարգի վիճահարույց կետերի հանդեպ մեր փորձագետի հնչեցրած անհամաձայնությունը եւ առաջարկները անտեսվել են։ ՖԱՖՀ-ը համոզված է, որ պետական բյուջեով կինեմատոգրաֆին հատկացող գումարի փոքր մասին՝ Ֆիլմերի ֆինանսավորման 274 մլն դրամին անդրադարձող այս կանոնակարգն ընդամենը շղարշ է՝ կինոյի կառավարումը երկու ՊՈԱԿ-ների, կամայական ՀԿ-ների, ՍՊԸ-ների միջոցով իրականացնելու արատավոր համակարգի գոյությունը եւս մեկ տարի երկարաձգելու համար։

ՖԱՀՖ-ը պնդում է, որ կառուցվածքային փոփոխությունների եւ պետական կառավարման օպտիմալիզացման այս շրջանում նոր կանոնակարգի ընդունումը միայն դանդաղեցնելու է կինոյի կառավարման բարեփոխումների ընթացքը, արհեստակնորեն երկարաձգելու է հին համակարգի գոյությունը եւ կոչ է անում կինոհամայնքին՝ չնպաստել կանոնակարգի ընդունմանը։

ՖԱՀՖ-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը օր առաջ ձեռնամուխ լինել կինոյի կառավարման մոդելի պարզեցմանը։ Մասնավորապես՝ Կինոյի պետական կառավարումը միեւնույն գործառույթներն ունեցող Մշակույթի նախարարության, երկու ՊՈԱԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու փոխարեն ստեղծել կառավարությանը առընթեր մեկ պետական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ Կինոյի հիմնադրամ, ինչի դրական փորձը առկա է նախկին խորհրդային եւ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, եւ ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում էական առաջընթաց են գրանցել։

ՖԱՀՖ-ն անելու է առավելագույնը, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հասնեն կինոարտադրության ոլորտ եւ պատրաստ է ցուցաբերել փորձագիտական, տեղեկատվական, մասնագետների տրամադրման եւ այլ աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ, մրցունակ եւ շահութաբեր կինոարտադրության հիմքեր ստեղծելու համար։

Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից»:

https://news.am/arm/news/489559.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: