İçeriğe geçmek için "Enter"a basın

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ. ԱՄԷՆ ՆՈՐ ՏԱՐԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ Է

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի սփիւռս,

Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ հայրապետական մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում ամէնքիդ: Ջերմ զգացումներով մեր բարեմաղթանքներն ենք յղում այս պահին ծառայութեան վայրում իրենց պարտականութիւններն իրականացնողներին, հայրենեաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինուորներին, եկեղեցիներում աղօթքի համախմբուածներին, տօնական սեղանների շուրջ հաւաքուած մեր բոլոր զաւակներին:

Նոր տարուայ սեմին գոհութիւն ենք յայտնում Աստծուն, որ անցնող 2018 թուականին խաղաղ պահեց մեր հայրենիքը եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով եւ ձեռքբերումներով` ազգային ու եկեղեցական կեանքում: Գոհութիւն ենք առ Աստուած բարձրացնում նաեւ, որ մեր ժողովրդի ազգասէր ոգու եւ ողջամտութեան շնորհիւ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում, եւ մենք այսօր 2019 թուականը դիմաւորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:

Ամէն Նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալութեամբ, աւելի լաւի ու կատարեալի ձգտումով: Նոր տարուայ հետ կապում ենք այն ամէնը, ինչը կ՛ուզենայինք բարեփոխել, կարգաւորել եւ շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը եւ քաղաքացիական նախանձախնդրութիւնը, որ առկայ են այսօր մեր կեանքում, անկասկած, բարի արդիւնքներ  պիտի բերեն, առաւել խնամք, առաւել ջանք ու ձգտում` ամրապնդելու հիմերը իրաւական պետութեան, արդար, օրինայարգ հասարակութեան, շէնացնելու մեր երկիրը եւ համայն ազգային կեանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք` միշտ յիշելով, որ Հայաստանի զարգացումը եւ հզօրութիւնը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է եւ պայմանը Արցախի ապահովութեան եւ սփիւռքի կենսունակութեան:

Սիրելինե՛ր, այս պահին, երբ բարի սպասումների հետ մեր մտահայեացքը ուղղուած է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին, հայրական յորդորով փոխանցում ենք ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ պատուիրում ձեզ, որ սիրէք միմեանց» (Յովհ. ԺԷ. 17): Մեր կեանքը իմաստաւորւում է տէրունապատուէր սիրոյ առկայութեամբ: Որտեղ սէրն է, այնտեղ հաւատն է զօրանում, այնտեղ յոյսն է առատանում, համերաշխութիւնը արդարութեամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սէրը երբեք չի անհետանում» (Ա. Կորնթ. ԺԳ 8), ասում է առաքեալը: Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, յանձնառութիւն, որոնցով պիտի ապահովուի մեր կեանքի վերընթացը:

Այս մտորումներով եւ հոգու ուրախութեամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին` սիրով ու լաւատեսութեամբ, միմեանց աջակից շարունակել ապրել ու գործել եւ նուիրեալ ջանքեր ներդնել ի զօրացում հայրենի մեր երկրի եւ հոգեւոր ու ազգային մեր կեանքի:

Մաղթում ենք խաղաղութիւն աշխարհին, խաղաղութիւն` մեր հայրենիքին, անսասանութիւն` մեր պետականութեանը, շնորհառատ օրհնութիւն` աշխարհասփիւռ ազգիս հայոց եւ բոլոր ժողովուրդներին: Թող 2019 թուականը ուրախութիւն բերի մեր ընտանիքներին եւ առաջընթաց ու ձեռքբերումներ` մեր կեանքին:

Շնորհաւոր Նոր տարի:

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

1 Յունուար 2019
Ս. Էջմիածին

http://www.kantsasar.com/news/2019/01/03/41043/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın