İçeriğe geçmek için "Enter"a basın

Շվին ու հայուհին. հարցազրույց Թամար Էսքենյանի հետ (ֆոտո)

Լիբանանահայ սրինգահար Թամար Էսքենյանը NEWS.am–ին տված հարցազրույցում պատմում է իր արմատների, ընտրած մասնագիտության եւ առաջիկա ծրագրերի մասին։

Թամար, պատմեք ձեր ընտանիքի պատմությունը, ինչպե՞ս եք Լիբանանում հայտնվել:

Մեր ընտանիքն Արեւմտյան Հայաստանից է, Ցեղասպանության ժամանակ մեր ընտանիքից շատ քչերն են փրկվել, նրանք մի կերպ հասել են Սիրիա, ծնողներս ավելի ուշ այնտեղից տեղափոխվել են Լիբանան։ Ես եւ եղբայրներս ծնվել ենք, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր։ Հայկական համայնքն այստեղ մեծ դժվարությամբ, բայց կարողացել է պահպանել հայկական մշակույթը, լեզուն, կրոնը։

Ընտանիքս միշտ հայկական թաղամասում է ապրել, որտեղ կան հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայկական ռադիո եւ նույնիսկ երաժշտական դպրոց, որտեղ ես եւ եղբայրներս երաժշտական կրթություն ենք ստացել։ Չնայած մենք մեծացել ենք պատերազմական ժամանակաշրջանում, երաժշտությունը միակ միջոցն էր ազատ զգալու, այդ պատճառով երաժշտությունը մեր տնից անպակաս էր։

Ծնողներս, երաժիշտ չլինելով, շատ նուրբ ճաշակ ունեին, մայրս էլ մանկուց մեզ համար Կոմիտաս է երգել։ Առիթից օգտվելով՝ նշեմ, որ եւ հայրս, եւ մայրս արյունակից են եղել Կոմիտաս վարդապետին։

Մեր տան մեջ միշտ երաժշտություն է հնչել, մեծ եղբայրս դաշնամուր էր նվագում, փոքր եղբայրսս՝ ջութակ, իսկ ես սիրում էի երգել, սրինգը բացահայտել եմ, երբ 13 տարեկան էի։ Ես հասկացա, որ կարող եմ հենց այս գործիքի միջոցով արտահայտվել։ 2 տարի առաջ էլ հայկական շվին բացահայտեցի ինձ համար։ Դու կարող ես դրանով ուրախություն եւ հանգստություն պարգեւել մարդկանց։

Սրինգը ինչպես գիտեք՝ երաժշտական ամենահին գործիքներից է, ամենանուրբ եւ գեղեցիկներից մեկը։

Օտարերկրացիներին արդյոք հետաքրքի՞ր է հետաքրքիր սրինգը:

Օտարերկրացիները ամեն անգամ հիանում են, երբ ես շվի եմ նվագում, համերգից հետո միշտ մոտենում են ինձ ու ասում, որ երբեք նման հնչյուններ չեն լսել, եւ ինձ նկարագրում են, թե ինչ են զգում ինձ լսելուց հետո։ Հետաքրքիր է, որ իրենց նկարագրածը միշտ համապատասխանում է Հայաստանի դաշտերին։ Ինձ լսելուց հետո շատերն են ասում, որ ցանկանում են Հայաստան այցելել։ Ոչ հայերը հայկական երաժշտությունն ու սրինգը լսելուց հետո ասում են, որ այն միանգամից մտնում է իրենց սրտի ու հոգու մեջ։

Որ ստեղծագործությունն է, որ նվագելիս ամենաշատն եք հուզվում:

Ինձ համար ամենահուզիչ է այն երաժշտությունը, որը հասնում է մարդու հոգուն, բայց կուզեմ շեշտել, որ ինձ համար անչափ սիրելի եւ հոգեհարազատ է հին հայկական, ժողովրդական եւ եկեղեցական երաժշտությունը, որոնք Կոմիտաս վարդապետի միջոցով պահպանվել է եւ հասել մեր օրեր։  Ես նաեւ մասնագիտացված եմ եվրոպական բարոկկո երաժշտության մեջ, սովորել եմ նվագել հին եվրոպական ֆլեյտա։

Երբեւէ փոշմանե՞լ եք ընտրած մասնագիտության համար:

Փոշմանելու ժամանակ չկա, որովհետեւ առանց երաժշտության չէի կարող լինել այն մարդը, որն այժմ կամ, երաժիշտ լինելն ինձ համար միայն մասնագիտություն չէ, այլ կյանքի ձեւ է եւ կիրք։ Երաժշտության միջոցով նաեւ մարդը կարող է ավելի աշխատել ինքն իր վրա, ավելի զգայուն դառնալ իր եւ ամբողջ շրջապատի նկատմամբ։ Երաժշտությունն ինձ համար նաեւ հաղորդակցվելու միջոց է ոչ միայն մարդկանց հետ, այլեւ բնության, տիեզերքի եւ Աստծու հետ։

Թամար, այժմ Շվեյցարիայում եք ապրում, ինչո՞ւ մեկնեցիք Լիբանանից։ 

Լիբանանից մեկնեցի, երբ դպրոցը նոր էի ավարտել եւ ուզում էի մասնագիտանալ երաժշտության մեջ, այդ նպատակով մեկնեցի Շվեյցարիա եւ Ավստրիա։ Այժմ ես համերգներ եմ ունենում աշխարհի տարբեր քաղաքներում։

Ի՞նչ նպատակներ ունեք։

Բազմաթիվ նպատակներ ունեմ, որովհետեւ այս կյանքում տարբեր հետաքրքրություններ ունեմ։ Նպատակներիցս մեկն այն է, որ իմ դպրոցը հիմնեմ։ Սովորելու ընթացքում ես սկսեցի ֆլեյտա սովորեցնելու իմ մեթոդը ստեղծել եւ կուզեմ նաեւ այդ ուղղությամբ խորանալ։ Մյուս նպատակներիս մասին կխոսեմ, երբ դրանք արդեն իրականություն դարձած լինեն։

https://news.am/arm/news/488490.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın