Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին բերեց քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցեց նվերներ:
Վերջում Վեհափառ Հայրապետը նաև ճաշեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունը հայտնեցին Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար:
Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:
İlk yorum yapan siz olun