Նիդերլանդների Ալմելո քաղաքում անցկացված տոնական օրերը համախմբեցին հարյուրավոր հավատացյալների՝ միավորելով նրանց աղոթքի և համայնքային կյանքի շուրջ։ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախագահեց Սուրբ Պատարագը, օրհնեց երիտասարդ ծխական առաջնորդներին և արժևորեց հայ քրիստոնեական դաստիարակությանն ու համայնքային կյանքին նվիրված ծառայությունը։
Օգոստոսի 15–17-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Եկեղեցի՝ տեղի հայ հավատացյալների հետ հանդիսավորությամբ նշելու Աստվածածնի Վերափոխման տոնը։
Օգոստոսի 15-ին Խաժակ Սրբազանը հանդիպեց ինը երիտասարդ ծխականների, որոնք ծխի հովվի և ծխական խորհրդի ատենապետի կողմից ներկայացվել էին՝ ստանալու նրա օրհնությունը որպես նորաստեղծ Եկեղեցու Երիտասարդաց միության խորհրդի անդամներ։ Հանդիպման ընթացքում Սրբազանը երիտասարդների հետ քննարկեց նորաստեղծ կառույցի ամուր հիմքերի ձևավորման կարևորությունը՝ մասնավորապես անդրադառնալով կանոնադրության մշակման և գործադիր մարմնի ընտրության հարցերին։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց նաև Երիտասարդաց միության առաքելությունը՝ կազմակերպել բովանդակալից միջոցառումներ և ծրագրեր, որոնք երիտասարդներին կօգնեն ճանաչելու Հայ Եկեղեցու հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությունը, ամրապնդելու միմյանց միջև կապերը, ինչպես նաև խրախուսելու համայնքային ծառայությունն ու հաղորդակցությունը հասարակության հետ։ Կիրակի օրվա Սուրբ Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանը նոր խորհրդի անդամներին ներկայացրեց հավատացյալներին և իր հայրական օրհնությունը տվեց նրանց ծառայությանը։
Կիրակի առավոտյան Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիսապետեց Սուրբ Պատարագը՝ առընթերական ունենալով ծխի հովիվ Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանին։ Մոտ 800 հավատացյալներ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ, լցրել էին եկեղեցին, սրահն ու բակը՝ վկայելով Ալմելոյի հայ համայնքի կենսունակության և նախանձախնդիր նվիրումի մասին։
Իր քարոզում Սրբազան Հայրը գոհություն հայտնեց Աստծուն՝ Հայ Եկեղեցու տաղավար տոներից մեկը Ալմելոյի կենսունակ հայ համայնքի հետ միասին տոնելու շնորհի համար։ Նա ընդգծեց, որ Աստվածածնի Վերափոխման տոնը ոչ միայն անցյալի սրբազան իրադարձության հիշատակն է, այլև հրավեր՝ վերանորոգելու Աստծու պատկերով ստեղծված մեր հոգևոր կյանքը։ Սուրբ Մարիամի օրինակը, նշեց նա, ուղեցույց է յուրաքանչյուր քրիստոնյայի՝ դեպի Աստված վերադարձի հոգևոր ճանապարհին։
Հոգեպարար Սուրբ Պատարագից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ հատուկ արարողություն՝ ի պատիվ ծխի նվիրյալ ծառայողներից մեկի՝ Սուրբ Մեսրոպ կիրակնօրյա դպրոցի տնօրեն Տիկին Անժելա Անդրեասյանի։ Բազմամյա հավատարիմ ծառայության, օրինակելի ղեկավարության և հայ քրիստոնեական դաստիարակությանն ու համայնքային կյանքին նվիրվածության համար Սրբազանը Տիկին Անժելա Անդրեասյանին շնորհեց Սուրբ Մեսրոպ մրցանակը։
Խաժակ Սրբազանը բարձր գնահատեց նրա անխոնջ ծառայությունը և սերունդների հայ մանուկների կրթության ու դաստիարակության գործում ունեցած արժեքավոր ու մնայուն ներդրումը։
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի այցը և Ալմելոյի տոնակատարությունները վկայեցին Նիդերլանդների հայ եկեղեցական համայնքի կենդանի հավատքի, միության ոգու և նորոգված հանձնառության մասին
Աղբիւր։ Pontifical Legation Western Europe https://www.facebook.com/pontificallegation.westerneurope.9

