Ծ. Խմբ.- ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար Հրանոյշ Յակոբեան մտերմիկ բարեկամութիւն ունէր մեր խմբագրապետ Ողբ. Ռ. Հատտէճեանի ու նախկին փոխխմբագիր Մաքրուհի Յակոբեանի հետ։ Քանիցս Երեւանի մէջ մեծարանքի հանդիսութիւններ սարքուած էին Հատտէճեանի ծննդեան յոբելեաններու կամ Մարմարա-ի տարեդարձներու առիթով։ Նախկին Նախարարը, Պէյրութի «Զարթօնք» օրաթերթի մէջ հրապարակած է ցաւակցական գիր մը, անոր կցելով 5 տարի առաջ, Ռ. Հատտէճեանի ծննդեան 95ամեակի առիթով իր շնորհաւորութեան խօսքը։ Երկուքն ալ ստորեւ կը ներկայացնենք մեր ընթերցողներուն.-
***
Ցաւօք այսօր հայկական աշխարհում չէ ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԸ ով բռնեց յաւերժի ճամբան…
Երկար տարիներ բախտ եւ հաճոյք եմ ունեցել ճանաչել «Մարմարա» թերթի գլխաւոր խմբագիր, գրող-հրապարակախօս Ռոպէր Հատտէճեանին, գործակցել նրա հետ, լսել նրա խոհական, փիլիսոփայական զրոյցները, ընթերցել նրա գրական-հրապարակախօսական ստեղծագործութիւնները եւ առանձնակի ուրախութիւն ապրել, որ Պոլսում մեր մշակութային փաղանգի կարեւորագոյն դէմքերից մէկն է համեստ ու բարի, խորունկ ու բանիմաց այս անձնաւորութիւնը։
100 ամեակի շեմին տխուր լուրը մեծ ցաւ պատճառեց Հատտէճեանին ճանաչողներուն։
Անդառնալի այս կորստեան առթիւ ցաւակցում եմ իր հարազատներին, բարեկամներին, պոլսահայութեանը եւ նրան ճանաչողներին։
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի»։
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան
իրաւաբանական գիտութիւնների տօքթոր, փրօֆէսօր
***
Այս տխուր առիթով որոշեցի խնդրել եթէ խմբագրութիւնը նպատակայարմար գտնի տպագրել Ռոպէր Հատտէճեանի ծննդեան 95ամեակի առիթով գրուած իմ շնորհաւորական խօսքը։
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔ՝ ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 95ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ
Լրացաւ հայ ազգի տաղանդաւոր զաւակ, գրող-հրապարակախօս, կէս դարից աւել «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդեան 95ամեակը եւ գրական գործունէութեան 75ամեակը։
Ռոպէր Հատտէճեանին յոբելեանի կապակցութեամբ, մաղթում եմ առողջութիւն, երկար-երկար տարիների կեանք՝ յաջողութեամբ շարունակելու իր ազգանուէր առաքելութիւնը, իր բեղուն գրական-հրապարակախօսական գործունէութիւնը։
Անգնահատելի է նրա վաստակը՝ որպէս հայ գրականութեան, հայ մամուլի ու մշակոյթի երախտաւորի, է՛լ առաւել՝ որպէս Պոլսում լոյս տեսնող թերթի բազմամեայ խմբագրապետի։ Աւելորդ չեմ համարում մէկ անգամ եւս փաստել, որ Նրա կեանքն ու գործունէութիւնն անսահման նուիրումի մի բացառիկ օրինակ են հայ ինքնութեան, գրականութեան, լեզուի, եկեղեցու եւ ազգային ոգու պահպանութեան գործում։
Նա կարողացել է կէս դար շարունակ Ստամբուլի մէջ խմբագրել ու զարգացնել հայատառ օրաթերթը՝ որպէս իւրօրինակ խօսնակ ու լրատու, այն դարձնելով համայնքի սիրելի եւ սպասուած հասարակական, քաղաքական եւ գրական թերթերից մէկը։ «Մարմարա»ն լուսաբանում է համայնքի կեանքը, գրում Թուրքիայի Հայաստանի, ինչպէս նաեւ Սփիւռքի մասին՝ 1940 թուականից սկսեալ, երբ Սուրէն Շամլեանը հիմնադրեց այն։ Սկզբնական շրջանում թերթը եռօրեայ էր, բայց կարճ ժամանակ յետոյ դարձեալ օրաթերթ։
Ռոպէր Հատտէճեանի ջանքերով եւ թերթի օգնութեամբ ասպարէզ են եկել տասնեակ գրողներ ու հրապարակախօսներ, ներկայացուել են գրական-գեղարուեստական արժէք ունեցող ստեղծագործութիւններ, ընթերցողին հասանելի են դարձել գրական փաղանգի հրաշալի արարումներ։ Յաղթահարելով բոլոր դժուարութիւնները՝ Նա շարունակում է պոլսահայ գրականութեան միւս մեծերի լաւագոյն աւանդոյթները՝ շուրջ ութ տասնեակ հատորներ կազմող գրական ժառանգութեան մէջ խտացնելով նաեւ նոր ժամանակների շունչն ու ոգին։
«Յուշատետր» սիւնակի մէջ հրատարակուող նրա ամենօրեայ գրական, փիլիսոփայական խոհագրութիւները համապազօրեայ հացի պէս անհրաժեշտ են մեր ժողովուրդին թէ՛ Սփիւռքում, եւ թէ՛ Հայրենիքում, քանի որ չկայ ազգային հնչեղութիւն ունեցող որեւէ խնդիր, որին Հատտէճեանը չանդրադառնայ՝ փորձելով նաեւ ցոյց տալ տագնապայարոյց խնդիրներու լուծման ուղիները։
Յիսուն տարուց աւելին Ռոպէր Հատտէճեանի նուիրումի, անխոնջ աշխատանքի ու ստեղծագործ ջանքերի շնորհիւ «Մարմարա»ն մտել է հայ օջախները՝ որպէս հայ միտքն ու ոգին աւանդող սիրելի ուսուցիչ եւ ցանկալի աւետաբեր։ Նրա բազմավաստակ գործունէութեան եւ թերթի շնորհիւ սերտացել է Հայրենիք-Սփիւռք գործակցութիւնը, քանի որ այն տարածւում է ողջ Սփիւռքում, ինչպէս նաեւ այն նպաստել է ստամպուլահայ համայնքի ինքնատիպ դիմագծի պահպանմանը։
Հատտէճեանը պոլսահայ միտքն առաջնորդող աւագ սերնդի այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով անուրանալի դերակատարութիւն ունի ինչպէս Հայաստանի հետ հայ համայնքի կապերի ամրապնդման ու զարգացման, այնպէս էլ այդ կապերի գիտական մեկնաբանման եւ զարգացման գործում։
Նա մշակոյթի ոլորտի այն բացառիկ անհատականութիւններից է, որոնք իրենց ողջ կեանքն ու աստուածատուր շնորհը ծառայեցնում են հայապահպանութեանը, հայ մշակոյթի, ոգու եւ տեսակի պահպանմանը։
Խմբագրապետն իր բազմավաստակ գործունէութիւնն իրականացնելիս, իր հարուստ ստեղծագործական կենսագրութիւնը կերտելիս՝ միշտ առաջնորդուել է հայ ժողովրդին բնորոշ իմաստութեամբ, «կենեթիք» յիշողութեամբ եւ արեան լուսաւոր կանչով։
Հատտէճեանն իր գրականութեամբ խօսքի, գրչի եւ անձնական օրինակի ուժով փաստում է, որ ՀԱՅը Պոլսում շարունակում է իր ստեղծագործ ներկայութիւնը, որ Դանիէլ Վարուժանի, Ռուբէն Սեւակի, Սիամանթոյի, Գրիգոր Զօհրապի, Յակոբ Պարոնեանի, Զահրատի, Զարեհ Խրախունու եւ պոլսահայ գրականութեան միւս մեծերի հայերէնը շարունակում է շողշողալ «Մարմարա»ի էջերում ու լուսաւորել հայութեան ճանապարհը։
Նաեւ իր ներկայութեամբ է, որ հայութիւնն այսօր Թուրքայում չի տկարանում, չի ընկրկում, զգում է իր ինքնութեան յորդումները եւ տէր է կանգնում իր ազգային պատկանելիութեանն ու արժէքներին, փորձում է զարգացնել արեւմտահայութեան հարուստ մշակութային աւանդութիւնները։ Եւ բնական է, որ նա համայն հայութեան կողմից է գնահատուած ինչպէս Պոլսում, Սփիւռքում, այնպէս էլ Հայրենիքում ու արդարօրէն արժանացել է բազում պարգեւների՝ լինեն դրանք գրական-մշակութային, եկեղեցական, թէ պետական։ Գնահատելով Նրա լուրջ վաստակը՝ որպէս գրող, հրապարակախօս, խմբագրապետ ու մտաւորական՝ ՀՀ Նախագահն արժանի նկատել եւ նրան պարգեւատրել է «Մովսէս Խորենացի» մետայլով եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Եւ նրա բազում պարգեւների կողքին աւելացնում ենք ՀՀ սփիւռքի նախարարութեան բարձրագոյն պարգեւը՝ Ոսկի մետայլը։
Մաղթում եմ մեր խմբագրապետին ամուր առողջութիւն, որպէսզի շարունակի իր ազնիւ ու հայրենանուէր գրչով ու արուեստով Հայի մէջ ամուր պահել մեր խորհրդանշական Հոգետունը։
https://www.facebook.com/photo/?fbid=709701632089920&set=a.135021036224652

