İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱՅՍՕՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ՝ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

✝Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը:

✝ Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանկուց սովորել է հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի գրագիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը:

Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ դրանք անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:

📖 Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»:

Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:

✝ Տարվա ընթացքում Հայ Եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

https://www.facebook.com/photo/?fbid=1240362244417066&set=a.107260304393938