Պեկինի Չինական Մեծ Պատի Մուտիանյու հատվածում հոկտեմբերի 2-ին կայացել է Հայաստանի «Հայկական մշակութային օրեր» ցուցադրությանի շարքի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է Հայ-չինական գործընկերության կենտրոնը։
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Չինաստանի տարբեր քաղաքներում հայկական մշակույթի ճանաչմանն ուղղված ցուցադրություններ տեղի կունենան։ Շարքի մեկնարկը տրվեց Չինական Մեծ պատի տարածքում՝ հայկական տաղավարի բացմամբ
Միջոցառումը կազմակերպել էին Հայ-չինական գործընկերության կենտրոնն ու Չինական Մեծ Պատի Մուտիանյու Զբոսաշրջային ընկերությունը՝ Չինաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Նախաձեռնությանն աջակցում է նաեւ չինական Global Times պարբերականը։
Միջոցառման բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, լրատվամիջոցներ, այցելուներ։ Բացման արարողությանը մասնակցել է նաեւ ՉԺՀ-ում ՀՀ հյուպատոս Միսակ Բալայանը:
Բացման ընթացքում հյուրերին և զբոսաշրջիկներին են ներկայացվել հայակական երգն ու երաժշտությունը, ավանդական հայկական տարազները:
Սա առաջին անգամն է, որ հայկական մշակույթը ներկայացվում է հանրահայտ Չինական Մեծ Պատի տարածքում, որտեղ ամեն օր ավելի քան 50 հազար զբոսաշրջիկ է այցելում այս օրերին, երբ Չինաստանում նշում են Ազգային տոնը՝ Չինական Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-ամյակը։
Առաջիկա օրերին զբոսաշրջիկները փակ ընդարձակ տաղավարում հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին, արվեստին, զբոսաշրջային գրավչությունը։
Տաղավարում ներկայացված են հայ գեղանկարիչների ստեղծագործությունները, հայկական հուշանվերներ, գորգարվեստի նմուշներ, հայկական զբոսաշրջային և գինեգործական ընկերությունները, հայկական ապրանքները: Ցուցադրված են նաեւ Հայաստանի Կոտայքի մարզի Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաների նկարչական ստեղծագործությունները:
«Հայ-Չինական Գործընկերության Կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում 2017թ-ին և նպատակ ունի երկու երկրների միջև զարգացնել գործընկերությունը մշակույթի, գիտության, կրթության և բիզնեսի ոլորտներում ՝ բիզնես համագործակցության, կրթական նախագծերի իրականացման, գիտական հետազոտությունների և մշակութային փոխանակումների միջոցով, ինչը վերջնական արդյունքում նպաստում է Հայաստանի հանրահռչակմանը և ճանաչելիության բարձրացմանը:
İlk yorum yapan siz olun