Հերա Ցուրու
Կրետե կղզում հայերն ապրում են բյուզանդական ժամանակաշրջանից ի վեր։
Արաբների առաջին արշավանքները կղզի տեղի են ունեցել Օմայյանների ժամանակաշրջանում։ Արաբական բանակը Ջյունադե բին Էբու Ումեյյե էլ-Էզդիի հրամանատարությամբ, ով Մուավիայի ժամանակաշրջանում ամեն տարի ծովային արշավանքներ էր կատարում Միջերկրական և Էգեյան ծովեր, 53 (673) – 54 (674) թթ․ արշավանք կազմակերպեց դեպի Կրետե և վերադարձավ գյուղերն ու քաղաքները թալանելուց հետո։ Իսլամական այս առաջին ներխուժմանը Կրետե հաջորդում են ուրիշները։ Այդկերպ Կրետեում հաստատված արաբներն այստեղ հիմնում են Ռաբազուլհանդակ քաղաքը։ Կղզու այս քաղաքի անունը պատմության ընթացքում կհանդիպի Հանդակա-Կանդիյե և Հերակլիոն ձևերով: Բյուզանդացիները տարբեր քաղաքական և ռազմական միջոցներով փորձեցին կղզին հետ վերցնել, և, վերջապես, Նիկիփոր Փոկասի հրամանատարությամբ 961 թ․ մարտի 6-ին, մեկ տարի տեւած պաշարումից հետո, գրավեցին քաղաքը։ Կղզու մուսուլմանների մեծ մասը լքում է այս վայրը։ Արևելքում արաբների դեմ իր հաջող պատերազմներով աչքի ընկած և արևելյան զորքերի գլխավոր հրամանատարի կոչում ունեցող Փոկասը մեծ հեղինակություն ուներ բանակում և իր ռազմական հաղթանակներով մեծ ժողովրդականություն էր վայելում Բյուզանդիայում, սակայն հայտնի է, որ նրա հայկական ծագումն է եղել բյուզանդական արիստոկրատիայի կողմից սիրված չլինելու պատճառը։ 960 թ․ Կրետեն արաբներից հետ վերցնելու ուղարկված զորքերի գլխավոր հրամանատար Փոկասը ոտք դրեց Կրետե Հանդակայի մոտ՝ 308 նավերից, 50000 զինվորներից, 27000 հեծելազորից և 960 նավաստիներից բաղկացած նավատորմով։ Պնդում են, որ Փոկասի ռազմական հզորությունը ծագում էր Այդըն Պրիենեի և Տրապիզոնի Պլատանիոյի հայկական ռազմական գաղութներից։ Կղզին արաբներից մաքրելու արշավանքին մասնակցել են նաև Թրակիայի տարածաշրջանում բնակվող հայերը։ Փոկասի կողմից Կրետեի ազատագրումից հետո արշավախմբի բազմաթիվ հայեր ընտանիքներով բնակություն հաստատեցին կղզում և ձեռք բերեցին նոր հայրենիք։ Կրետե կղզում հայկական բնակավայրերին վերագրվում են այնպիսի հին տեղանուններ, ինչպիսիք են Արմենի (Αρμένοι), Արմենիանա (Αρμενιανά), Արմենոխորիո (Αρμενοχωριό), Արմենոկատելի (Αρμενοκαστέλλι), Արմենոպետրա (Αρμενόπετρα), Արմենոկամբոս (Αρμενόκαμπος):
Արաբական արշավանքների ժամանակ կղզին մաքրվեց իր բնիկներից, քանի որ տեղացիները գաղթեցին մոտակա կղզիներ և մայրցամաք, և այն վերակենդանացավ նոր ժամանած քրիստոնյա հայերի հետ միասին: Վենետիկցի պատմաբան Անդրեաս Կոռնարոսը նշում է, որ Արմենիս ազգանունը գործածվել է Կրետեում, հատկապես Փոկասի իշխանության տակ գտնվող ազնվական ընտանիքների կողմից։
Նույն ժամանակաշրջանում Խանիայի շրջանում հայերի ներկայության մասին վկայում են Խանիայի գերեզմանատան Ղուկաս Ավետարանիչ փոքրիկ եկեղեցու մուտքի չորս հայերեն արձանագրություններով տապանաքարերը։ Այս տապանաքարերը մեծապես վնասվել են օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում, հեռացվել են տաճարի վերանորոգման ժամանակ հնագիտական ծառայության միջամտությամբ և այժմ պահպանվում են Կրետեի պատմության և հնագիտության թանգարանում: 10-րդ դարից ի վեր խմբերով դեպի կղզի հայերի տարբեր գաղթեր են գրանցվել, և այդ գաղթները կարևոր դեր են խաղացել կղզու պատմության մեջ, քանի որ ամրապնդել են կղզու քրիստոնեական տարրը կամ մեծապես նպաստել տնտեսությանը։
Վենետիկի սենատի փաստաթղթերը հաստատում են, որ Կանդիայում վենետիկյան տիրապետության ժամանակաշրջանում (1217-1669 թթ.) Մերձավոր Արևելքի հայերը, ովքեր ճնշվում էին թուրքերի և մոնղոլների կողմից, թույլտվություն են խնդրել հաստատվել Կրետեում։ Նրանց բնակեցումը Կանդիայում 1363 թվականից անմիջապես հետո՝ Սուրբ Գեորգիոս Դորիանոյի (Άγιο Գεώργιο τον Δωρυανό) շրջակայքում, հանգեցրեց նրան, որ շրջանը ստացավ «Հայկական թաղամաս» անվանումը։ Նույն ժամանակաշրջանում Վենետիկի Սենատի 1414 թ․ հրամանագրով Կրետեի վարչակազմը հայտարարեց Տրապիզոնից 80 հայ ընտանիքի գալու մասին։ Ընտանիքները խնդրում էին ընդունել և կազմակերպել իրենց կացությունը: Փաստաթղթերում տեսնում ենք նաև, որ Կրետեն 14-րդ դարի սկզբից առևտրական հարաբերություններ է ունեցել հայերի հետ, և առևտուր է կատարվել վենետիկյան նավատորմով։ Վենետիկյան տիրապետության սկզբնական տարիներին Կանդիայում գործածվել են Արմենի և Արմանի ազգանունները, և հետագայում այդ ազգանունները հելլենիզացվել են որպես Արմենիս կամ Արմենակիս։
1645 թ․ սկսած Կանդիայի ահարկու պատերազմը օսմանցիների դեմ, որը տևեց 24 տարի, ավարտվեց 1669 թ․ սեպտեմբերին քաղաքը Քյոփրյուզադե Ֆազիլ Ահմեդ փաշային հանձնելով, և կղզին անցավ օսմանյան տիրապետության տակ: Կղզու բնակիչներից մոտ 4000-ը լքեցին այն և հաստատվեցին Հոնիական կղզիներում և Վենետիկում։ Այս զարգացումներից հետո, բնականաբար, բարձրանում է Վենետիկի տիրապետության տակ գտնվող հայերի ճակատագրի հարցը։ Ի՞նչ պատահեց Կրետեի հայերի հետ։ Հավանաբար հայերի մի ստվար մաս գաղթել է վենետիկյան տարածքներ և Արևմուտք։
Հայտնի է, որ կղզում մնացած հայազգի բնակիչներն օսմանյան ժամանակաշրջանում եղել են արհեստավորներ և առևտրականներ։ Հացթուխներից բացի, հայերը լիովին վերահսկում էին նաև ոսկերիչների գիլդիան։ Նրանք նաև արհեստավորներ էին` փայտի փորագրողներ, դարբիններ, թրեր և դանակներ պատրաստողներ, սուրճի առևտրի հետ մեկտեղ, նաև դերձակություն էին անում կղզում։ 17-րդ դարի երկրորդ կեսի Քյուչյուք Հասան մզկիթը, որը իսլամական վերածննդի արվեստի խորհրդանիշն է Խանիայում, նախագծվել և կառուցվել է հայ ճարտարապետի կողմից։ Նույն ճարտարապետը մզկիթ է կառուցել նաև Սելինոս Սպանիակո գյուղում, որն այսօր գոյություն չունի։ Հայերը նաև միջնորդություն էին անում մայրաքաղաքի և Կրետեի միջև դրամական փոխանցումների հարցերով, ինչպես Աբրահամ (Աբրո) Չելեբիի դեպքում։ Աբրո Չելեբին, ով զբաղվում էր պարտքերի և երաշխավորների գործերով, պոլսահայ էր, ով ծառայում էր որպես օսմանյան բանակի պաշտոնական մատակարար Կրետեում։ Էրեմիա Չելեբիի պես 17-րդ դարի գործիչ Աբրո Չելեբին, ամենահայտնին և, հավանաբար, ամենաազդեցիկն էր մի շարք նշանավոր հայերից։ Նա բանտարկվեց 1659 թ․, երբ մեծ վեզիր Դելի Հուսեյն փաշան մահապատժի ենթարկվեց յուրացման համար: Աբրո Չելեբին հաղթահարում է այս ճգնաժամը և շարունակում է ծառայել օսմանյան պետությանը՝ այս անգամ համագործակցելով Քյոփրյուլյուզադե Ֆազըլ Ահմեդ փաշայի հետ։
Ազգությամբ հայ Աբրո Չելեբին հայտնի էր նաև բարեգործությամբ և մշակույթին իր աջակցությամբ։ Նա հովանավորել է բազմաթիվ ձեռագրերի ընդօրինակումը և բազում եկեղեցիների կառուցումն ու նորոգումը։ Եղել է Եղիազար եպիսկոպոս Այնթապցու (1681-1691) հաստատուն աջակիցը։ Զարմանալի չէ, որ նրա ստեղծած առևտրային ցանցի շնորհիվ նրա ընտանիքի անդամները շարունակում էին նշանավոր մնալ մինչև տասնութերորդ դարի վերջը: Աբրո Չելեբին սուլթան Իբրահիմի հրամանագրով ազատվել է հարկերից և մաքսատուրքերից։ Ուշագրավ է նաև նրա դերը Կանդիայի հայ համայնքի պատմության մեջ։ Նա օսմանյան պետությունից գնել է Դորիանո հայկական թաղամասում (որը հայտնի էր նաև որպես օսմանյան ժամանակաշրջանի փոքրիկ շուկա) գտնվող Սուրբ Գեորգիոս հունական ուղղափառ եկեղեցին և այն նվիրաբերել հայ համայնքին: Այն օսմանյան տիրապետության ժամանակ որպես պաշտամունքի վայր քրիստոնյաներին մնացած երեք եկեղեցիներից և Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից է։ Եկեղեցին գործում է մինչ օրս։ 1671 թ․ նրանց խնդրանքով հայերին տրվել է չորս ակր տարածք՝ քաղաքի արևմուտքում՝ հունական և հրեական գերեզմանատների կողքին, որպեսզի թաղեն իրենց հանգուցյալներին։ Այսօր գերեզմանատունը գտնվում է մարզադաշտից հյուսիս։ Եկեղեցու բակում կան մոտ 30 մարմարե տապանաքարեր, որոնք պատկանում են 17-րդ դարում Կրետե գաղթած հայ ընտանիքներին։
Կղզու օսմանյան տիրապետության ավարտը 1898 թ․ նոյեմբերի 3-ն էր։ Թուրքական տիրապետությունը Խանիայում տևեց 253 տարի՝ 1645 թ․ օգոստոսի 20-ից, Կանդիայում 229 տարի և Սպինալոնգայում և Սուդայում՝ 171 տարի։ 19-րդ դարի վերջին տասնամյակում և 20-րդ դարի առաջին տարիներին Կանդիայում ընտանիքներ էին հաստատվել Իզմիրի շրջանից։ Առևտրի նպատակով թե 1894-1907 թթ․ հայերի հանդեպ Աբդուլ Համիդի ջարդերի հետևանքով առաջացած անկայուն քաղաքական իրավիճակից՝ երևի կռահում եք։ Հայտնի է, որ այս ընտանիքները զբաղվել են գործվածքի և սուրճի առևտրով։ Հերակլիոն (Կանդիա) քաղաքում հայերի հաստատման հիմնական պատճառը Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցու գոյությունն է։ 1915-ին կղզին չգիտես ինչու հայ գաղթականներ չի ունեցել։ Ըստ Հերակլիոնի “Նեա Խրոնիկա” թերթի 24․12․1945 համարում տեղ գտած մի հոդվածի՝ կղզու 1904 թ․ ստեղծված առաջին ֆուտբոլային թիմում՝ «Ամիլլայում», ընդգրկվել է նաև «հայ Հակոբ Մագազազյանը»։ Կրետեի տեղական թերթերը մանրամասն պրպտելու արդյունքում սոցիալական նորություններում հայերի ներկայության չհանդիպեցինք։ Այդ թվում լրահոսում եկեղեցական նորությունների՝ հարսանիքների, մկրտությունների, թատերական, ազգային տոների, հայ արհեստավորների փոքրիկ գովազդները։
Megali Idea-ի ճարտարապետ և ժամանակակից Հունաստանի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկը՝ Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, ով մասնակցել է 1919 թ․ հունվարի 18-ին Փարիզի խաղաղության կոնֆերանսին, որտեղ պատրաստվել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի պայմանագրերը՝ ընդունում է հունվարի 16-ի գիշերը համաժողովին ներկա Հայաստանի ներկայացուցիչների հրավերը։ Նրա համար կազմակերպված խնջույքին ներկա էին Փարիզի հայ մտավորականների միության նախագահ Արշակ Չոպանյանը և Հայաստանի ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը։ Հրավերքին, ուր ելույթ են ունեցել երեք հոգի, Վենիզելոսի ելույթը լի է Կրետեի հայկական անցյալի հիշատակումներով։ Կղզու անցյալի պատմության վրա հիմնված Վենիզելոսի ելույթը արժանանում է դահլիճում գտնվողների ծափահարություններին.
«Կարող եմ ասել ձեզ, որ թեև հայերն առանձնապես հունական արյուն չունեն, բայց կրետացիների երակներում, ընդհակառակը, շատ հայի արյուն է հոսում»:
«Չեմ ուզում ասել, թե իմ մեջ հայկական արյան առկայությունն է ինձ դարձնում հայ ազգի անկեղծ ընկեր: Ես հայերի բարեկամն եմ՝ անկախ դրանից։ Սա ոչ միայն օսմանյան տիրապետության ժամանակ մեր ապրած ակնհայտ դժբախտության և թշվառության պատճառով է, այլ նաև՝ այն ընդհանուր շահերի, որոնք, իմ հստակ պատկերացմամբ, մենք պետք է պաշտպանենք:
Ինչպես քիչ առաջ նշեց (պատվիրակության) հարգարժան նախագահը (Պողոս Նուբար), մեր երկու ժողովուրդները նախկինում համագործակցել են [Բյուզանդական] կայսրության ժամանակ, մեր երկրում կային բազմաթիվ հայ կայսրեր ու զորավարներ։ Ես հստակ զգացում ունեմ, որ մեր երկու ժողովուրդները պետք է կատարեն ընդհանուր և առնվազն զուգահեռ առաքելություն։ Ուստի, ես երբեք առիթը բաց չեմ թողել ամենապարզ կերպով արտահայտելու իմ խորին համակրանքը հայ ազգի հանդեպ և իմ տրամադրության տակ եղած ամենախոնարհ միջոցներով համագործակցելու ցանկությունը՝ տեսնելու հայ ազգի նպատակների իրականացումը։ Նաև հուսով եմ, որ խաղաղությունը, որը մենք շուտով կստորագրենք, կկնքի այս առաջարկվող դաշինքը (իսկապես, պարոն Նուբար, դուք առաջինն էի՞ք դա առաջարկել, թե՞ ես) Հայաստանի անկախությամբ և հույն ժողովրդի ազատագրմամբ, և ես ուրախ եմ ընդունել դա։
Բաժակ եմ բարձրացնում Հայաստանի բարգավաճման, արևելքում մեր համերաշխության և մեր սերտ դաշինքի համար (ծափահարություններ)»:
Երեք բանախոսների ելույթները ներառված են «La Fraternité Arméno-Grecque» 1919 թ. 42 էջանոց գրքում, որի փաստաթղթի թարգմանությունները Վենիզելոսի հիմնադրամը ներկայացրել է 2022 թ․՝ «Հույն-հայ եղբայրություն» խորագրի տակ։
Հունաստանը, որը 1922 թ․ Փոքրասիական աղետից հետո ընդունեց 1,300,000 քրիստոնյա ներգաղթյալների, դարձավ 45,000 հայերի նոր հայրենիքը։ «Պատրիս» նավը սեպտեմբերին խարիսխ է նետել Ռեթիմնո նավահանգստում և քաղաքում թողել 2800 ներգաղթյալի։ Հոկտեմբերի 15-ի «Kritiki Epitheorisi» թերթի «Ներգաղթյալների սյունակից» իրենց ընտանիքներին փնտրողների թվում են Աղավնի Գալֆայանը՝ ամուսնուն՝ Թագվոր, Դուդու Մանուկյանը, որդուն՝ Ստեփան և ամուսնուն՝ Մանուկ, Գյուլիցա Քալաջյանը՝ ամուսնուն՝ Ավետիս և որդիներին՝ Գրիգորին ու Պետրոսին, Սրբուհի Հակոբյանը՝ հորեղբորը՝ Ստեփան Մանասյանին, Ռոզա Այրաբատյանը՝ ամուսնուն, փեսային, երեխաներին և մորը։ Վարդանուշը, Գյուլան, Արմենուհին և հարյուրավոր փոքրասիահայեր կորցրել են իրենց հարազատներին և փորձում են թերթի գովազդի միջոցով գտնել նրանց։ Ցուցակը շատ երկար է։ Իզմիրի, Այվալըքի, Բերգամայի, Բուրսայի և Մանիսայի շրջաններից փրկած հայերին կղզու բնակիչները իրենց գիրկն են ընդունել։ Կրետեի օսմանցի մահմեդականները միավորվում են մյուֆթիների և քրիստոնյա քահանաների հետ և անմիջապես բացում մզկիթներ, օթյակներ և դպրոցներ ներգաղթյալների համար: Ապաստարաններում կյանքն ընթանում է ծանր պայմաններում, օրեցօր ավելանում են առողջական խնդիրները։ Այն տարիներին, երբ օրըստօրե աճում էր համաճարակային հիվանդությունների թիվը, Հերակլիոնում ապրում էր 230 ընտանիք, Ռեթիմնոում՝ 46, Սիտիայում՝ 24, Խանիայում՝ 27 ընտանիք։ Այսպիսով, Հերակլիոնի հայկական եկեղեցին դարձավ հայ գաղթականների հավաքատեղին։ Ստեղծվում են եկեղեցական խորհուրդ, մարզական միություն (Արարատ), պատանեկան ակումբ, դպրոց՝ երկու հայ և մեկ հույն ուսուցիչներով, մանկապարտեզ և գրադարան։ 1928 թ․ մայիսի մարդահամարի տվյալներով կղզում ապրում էր 769 հայ։ Մինչև 1946 թ․ գործող դպրոցում կրթություն է ստացել 200 աշակերտ։
Գերմանական օկուպացիան, որն սկսվեց 1941 թ․ մայիսի 20-ի առավոտյան Կրետեի վրա նացիստական Գերմանիայի օդային հարձակմամբ՝ պատմական դարձավ, քանի որ կղզու բազմաթիվ հայեր հույների հետ մասնակցեցին ֆաշիզմի դեմ դիմադրության գործողություններին: Ռեթիմնոյի դիմադրությունից Հարություն Յորղանջյանը, ծնված Մանիսայի Քըրքաղաչում՝ 1916 թ․, ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել հականացիստական զինված դիմադրության շարժմանը մասնակցելու պատճառով։ 1917 թ․ Աքշեհիրում ծնված Նազարեթ Փափազյանը Ազգային ազատագրական ճակատի և Ռեթիմնոյի տեղական կազմակերպության սուրհանդակն էր։ Նա ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել 1943 թ.։ Կրետեում ծնված Եղիա Հաջիքյոսեյանը ձերբակալվել է 1944 թ․ մարտի 8-ին Պիրե Կոկինյայի դեմ առաջին պատժիչ գործողության (բլոկոյի) ժամանակ։ Նրան մահապատժի են ենթարկում մեկ օր անց։
1946-ի ամառը շրջադարձային էր տեղի հայ համայնքի պատմության մեջ։ Երբ Խորհրդային Հայաստանը հրավիրեց հայկական սփյուռքին հաստատվելու իր տարածքում, շարժման ընթացքը փոխվեց։ 1946-1947 թթ․ տեղի ունեցած հայրենադարձությունը ազդեց Հունաստանի բոլոր հայկական համայնքների վրա։ 1922 թ․ հայ գաղթականների մեծ մասը, որոնք ապրում էին Հունաստանի խոշոր քաղաքների արվարձանային թաղամասերում՝ թշվառ պայմաններում, ընդունեցին այդ առաջարկը։ 1947-ի վերջին Կրետե կղզում մնաց 187 հայ։
Ռեթիմնոցի գրող Կարնիոտակիս Մանոլիսը 1950 ․ Ռեթիմնոյի հայ համայնքի մասին գրել է.
«Շատ մարդիկ կային նաև Ռեթիմնոյում, որը շարունակում էր վառ պահել հայկականության գոյությունը։ Նրանցից էին բժիշկ Վարդանյանն ու նրա ընտանիքը, երկու որդիները՝ Կարպիսը և Օհաննեսը, ովքեր Աստերասի ֆուտբոլիստներ էին։ Բաղդիկ Բակոյանն իր ընտանիքի հետ Արկադիում կահույքի արտադրամաս էր վարում, ինչպես նաև՝ Կրետեից դեղաբույսեր արտահանում։ Սաբունջու Արթինը, գործվածքների շրջիկ վաճառող Հակոբը, գրամեքենաների վերանորոգող և այդ ժամանակ Ռեթիմնոյում հայտնի Կարապետի ընտանիքը, դերձակ Սիրանուշը, որը պատվերով վերնաշապիկներ էր կարում հարուստ ռեթիմնեցիների համար, և նրա ամուսինը, ով վարսավիր էր աշխատում։ Բացի այդ, Արարատյան թիմի ֆուտբոլիստ Փանիկը, ով հետագայում տեղափոխվեց «Աստերաս», նրա եղբայրը՝ Մարկոսը, ով Պլատանոսում սրճարան էր աշխատեցնում, Գրիգորը, որը պանդոկ էր պահում Հիմարասի փողոցում, Ահարոն ընտանիքը, մոր հետ ապրող Մանուկը, և մյուսները…»:
1950-1960-ական թթ․ նոր արտագաղթ գրանցվեց՝ այս անգամ դեպի Ամերիկա մայրցամաք (Արգենտինա, ԱՄՆ և Կանադա), Եվրոպա՝ Ֆրանսիա և իհարկե Աթենք։ Մինչ կղզու հայ բնակչությունը օրեցօր նվազում էր, 1991 թ․ Հայաստանից ներգաղթի նոր ալիք եկավ։ Ոմանք այստեղ մնում են մի քանի տարի, իսկ հետո գաղթում Արևմուտք: Մյուսները ինտեգրվում են գոյություն ունեցող հայկական համայնքին և իրենց երեխաներին ուղարկում հունական դպրոցներ՝ հետևելով նախորդ սերունդների օրինակին: Այսօր Կրետե կղզում գրեթե հայկական համայնք չի մնացել, բացի տապանաքարերից, որոնք մեզ հիշեցնում են հայերին։ Կղզու հայկական անցյալը մեզ հիշեցնում են Գրիգոր Հովսեփյանի «Kirkor 1922» հրուշակեղենի խանութը, որը դեռևս ունի ցուցանակ Հերակլիոն Վենիզելոս Ասլանլըի հրապարակում՝ 1922 թ․, և «Armenohorianos Syrto»-ն, որը ստեղծվել է Գիորգիս Կուկյուրելիսի կողմից 1949-19 թթ. և երգում է Խրիստոս Կորոնիոտակիսը, ով քչերին է հայտնի: Ստեղծագործությունը «Հայ գյուղական սիրտն» է, որը կրետացի գրող Միկիս Թեոդորակիսը հարմարացրել է լեգենդար Զորբայի ֆիլմի սիրթաքիին, սակայն հեղինակային իրավունքով ճանաչված որպես Կուկյուրելիսի ստեղծագործություն, և ոչ ոք չի կարող դա ժխտել։
Աղբյուրներ
- Barsumian Jacob (Hagop) The Armenian Amiras of the Ottoman Empire. Chapter I (American University Of Armenia, Digital Library Of Armenian Literature)
- TDV İslâm Ansiklopedisi 11. cilt, s. 293-294
- TDV İslâm Ansiklopedisi 14. cilt, s. 85-93
- Treadgold 1997, s. 495- Norwich 1991, s. 175–178
- Dr. Takuhi Bakırcıyan Heraklion “Παλίμψηστον” dergisi sayı 37, 2020 s.183-202- Les Arméniens en Crète depuis la guerre en Candie jusqu’à son union à la Grèce (1645-1913)
- Türkiye Ermenileri Patrikliği internet sitesi
- La Fraternité Arméno-Grecque (16 janvier 1919. Publié en 1919 à Paris. 42 pages)
- National Research Foundation Eleftherios K. Venizelos Digital archive Chania
- HellenErmeni kardeşliği , Chania 2022 E.Venizelos vakfı
- I.K. Hassiotis Kardeş Milletler s. 31-32, 91-93, 200-227,
- Armenohorianos Syrtos (Αρμενοχωριανός συρτός-Γιώργης Κουτσουρέλης) e-kriti.gr
- Hellenic Statistical Authority ELSTAT Digital Library, Statistical results of population census of Greece of 15th-16th May 1928
- Andrea Cornaro, Historia Candiana (1570-1573) (Tercüme Stefanos Kaklamanis)
- Atina’da yayınlanan Nor Gyank “Նոր Կեանք“ gazetesinin 28 Temmuz 1946 tarihli özel sayısı. (Minas Mardigyan arşivi, Yerevan)
- Karniotakis Manolis «100 sene sonra» 2022 s.170 (Καρνιωτάκης Θ. Μανώλης Αρμενίων Νόστος. Εκατό χρόνια μετά.)
- Kritiki Epitheorisi Rethimno gazetesi, Eylül Ekim Kasım 1922 nüshaları.
- Vikelaia Heraklion Belediyesi Arşivi (Girit sakinlerinin görgü, gelenek ve sosyo-ekonomik gelişimini içren arşiv, Girit’in Türk işgalinden günümüze kadar yayımlanan gazete ve dergiyi içermektedir. Tüm arşiv makale araştırması için taranmıştır).
- Heraklion Belediyesi 1850-1930 Nufus kayıt defteri
- Yunanistan Parlamentosu digital arşivi.
- Paris Ermeni kilisesi kütüphanesi.
- Sevan Anedyan arşivi Paris.
- Rethemnos dergisi 2013 Giorgos Linoxylakis’in Rethimnon Ermenileri makalesi.
- Tournefort Seyahatnamesi I.cilt s.41
- Creta Christiana A. Cilt s. 94 , 1913 (Girit Ortodoks kilisesi 4 ayda bir yayımlanan dergisi)
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
İlk yorum yapan siz olun