İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ես կրում եմ Ցեղասպանության զոհերի ձայնը հնչեցնելու սուրբ պարտականությունը». ամերիկահայ հեղինակ

Ամերիկաբնակ Լիա Բաբայանը, ով 1990-ականներին իր ընտանիքի հետ միասին մազապուրծ է եղել Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերից, մանկության իր դառը հիշողությունները և ընտանիքի պատմությունը գրի առել իր «Լիմինալ. փախստականի հուշագրություն» գրքում: 

Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՄն-ում՝ ընդգրկվելով ուսումնական ծրագրերում։

«Region Monitor»-ի հետ հարցազրույցում Բաբայանը պատմում է, թե իր՝ կոտորածները վերապրածի և փախստականի պատմությունը, և թե ինչ ազդեցություն է ունեցել իր գիրքը ամերիկացի ընթերցողների և ուսուցիչների վրա: 


-Ձեր գրքում՝ «Լիմինալ. Փախստականի հուշագրություն», Դուք կիսվում եք Ձեր ընտանիքի պատմությամբ, երբ Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի պատճառով ստիպված եք եղել հեռանալ այնտեղից։ Արդյո՞ք գիրքը գրելը և այդ դեպքերի մասին պատմելը օգնել է հաղթահարել այդ իրադարձությունների հոգեբանական ազդեցությունը։

Այն բանից հետո, երբ տեղափոխվեցինք ԱՄՆ և եղբայրս ու ես հանդիպեցինք մեր հասակակիցներին, ես սկսեցի հասկանալ, որ մենք խորապես դաժան մանկություն ենք ունեցել: Մեր ծնողների հետ միասին, մենք էլ  էինք վերապրել 90-ական թվականներին Բաքվում տեղի ունեցած էթնիկ սպանությունների սարսափը: Չորրորդ դասարանում ուսուցչուհիս խրախուսեց ինձ սկսել գրել օրագիր, որպեսզի ապրումներս հանձնեմ թղթին, բացի այդ բարելավեմ անգլերենս։ Ինձ համար գրելը դարձավ հնարավորություն արտահայտվելու և արտացոլելու թղթի վրա այդ ցավոտ ու սարսափելի հիշողությունները: Ես 11 տարեկան էի, միակ բանը, որ ուզում էի՝ պարզապես երեխա լինելն էր, բայց այդ հիշողությունները թույլ չէին տալիս ինձ ապրել հանգիստ, երջանիկ, ապահով մանկություն: Այն ժամանակ ես չգիտեի տրավմայի, մանկության զարգացման հոգեբանական բարդությունների կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) մասին: Գրեցի գրելու համար, ուղղակի ինքս ինձ հասկանալու համար։ Բնականաբար, գրելը ինձ բժշկում էր, այն ինձ թույլ տվեց ուսումնասիրել զգացմունքներս։ Գրքիս հրատարակումը կյանքիս ամենաազատագրական պահերից մեկն էր: Այժմ, երբ ես ճանապարհորդում եմ և հանդիպում եմ ցեղասպանություն և պատերազմական հանցագործություններ վերապրած այլ մարդկանց հետ, ես տեսնում եմ, որ իմ տրավմա դեռևս առկա է: Կյանքը ցեղասպանությունից հետո, վերապրածների համար դա հաղթահարելու և տրավման ներդաշնակության և ներքին խաղաղության փոխակերպել սովորելու կյանք է։ Իմ գրքի և  նախագծերի միջոցով ես անցյալի էներգիան վերածում եմ ստեղծագործական և բուժիչ էներգիայի՝ կիսվելով աշխարհի մարդկանց հետ:

-Ձեր գիրքն ուսուցանվում է ամերիկյան դպրոցներում և ներառված է կրթական ծրագրերում: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր անձնական պատմության՝ որպես կրթական գործիք օգտագործելուն, և ի՞նչ եք կածում ինչ ազդեցություն այն կարող է ունենալ երիտասարդ սերունդների վրա:

Ես երբեք չեմ պատկերացրել, որ իմ «Լիմինալ, փախստական ​​հուշագրություն» գիրքը կկարդացվի մեր ընտանեկան շրջանակից դուրս կամ կհասնի հայկական սփյուռքից դուրս գտնվող լսարանին: Երբ ես հրատարակեցի այն, ես չէի կարծում, որ այն կարելի է կրթական ծրագրերում ներառել, ուստի ինձ համար մեծ պատիվ էր, երբ ուսուցիչները սկսեցին կապվել ինձ հետ՝ խնդրելով գրքի օրինակները իրենց դասերի համար: Սկզբում դա վախեցնող էր, որովհետև ինձ թվում էր, որ բավականաչափ փորձառու չեմ որպես հեղինակ, մտածում էի, որ գուցե աշակերտները գիրքը հետաքրքիր չհամարեն: Ես սխալվում էի, ուսանողները գիրքը կարդացին և կապվեցին ինձ հետ և հրավիրեցին ինձ այցելել իրենց դպրոցներ՝ միասին քննարկելու գիրքը: Ինձ շատ զարմացրեց, թե որքան արագ գիրքը մեծ թափ հավաքեց ամերիկացի ընթերցողների, հատկապես ուսուցիչների և ուսանողների մոտ: Այնուհետև ես հրավեր ստացա ներկայացնելու իմ գիրքը ԱՄՆ ուսուցիչների կոնֆերանսին՝ որտեղ քննարկվեց այն դասարանային ընթերցանության և ուսանողների համար նախատեսված ծրագրում ներառելու մտադրությունը: Դպրոցներն ու համալսարանները հրավիրել են ինձ լինել իրենց հյուր բանախոսը՝ ներկայացնելու իմ ընտանիքի էթնիկ սպանությունների և փախստականների փորձը հազարավոր ամերիկացի ուսանողների:

Ես զգում եմ, ունեմ ցեղասպանության զոհերի ձայնը հնչեցնելու սուրբ պարտականությունն ու պատասխանատվությունը, նույնիսկ եթե ինձ հեշտ չէ ամեն անգամ կիսվել իմ պատմությամբ, ես մեծ հոգատարությամբ եմ ընդունում յուրաքանչյուր հրավեր: Ես հասկանում եմ, որ սա մի պատմություն է, որով պետք է կիսվել, ոչ թե իմ ընտանիքի համար, մենք ապրել ենք այն և վերապրել մեր բռնի անցյալը, այլ միլիոնավոր տեղահանված մարդկանց համար, ովքեր ներկայումս վերապրում են այս նույն բռնությունը։


Ի՞նչ եք կարծում, կրթությունն ի՞նչ դեր է խաղում ապագա ցեղասպանությունները կանխելու գործում, և ինչպե՞ս կարող են Ձեր պատմության նման պատմությունները ներառվել կրթական ծրագրերում՝ իրազեկումն խթանելու համար:

Իմ գիրքը փաստեր է ներկայացնում իմ ընտանիքի փախուստի մասին՝ 1990-ականներին Խորհրդային Միության փլուզումից հետո Բաքվում ի պատասխան Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի տեղի ունեցած հայերի էթնիկ սպանություններից։ Հենց գիրքը հայտնվեց Amazon-ում, այն գրավեց ինչպես մանկավարժների, այնպես էլ քաղաքական գործիչների ուշադրությունը: Գիրքը Կոնգրեսում ներկայացվել է որպես «Հայ Աննա Ֆրանկի» պատմություն, քանի որ այն ընթերցողներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մի ընտանիքի գոյատևման պայքարի փորձի և պատերազմի վերաբերյալ երեխայի ընկալման մասին: Էթնիկ զտումների պատճառով տեղահանված մեր ընտանիքը ապաստան գտավ Հայաստանում՝ դպրոցի պահեստում, որտեղ ոչ ոք (բացի դպրոցի տնօրենից) չգիտեր, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք: Ներկայումս աշխարհում կա 110 միլիոն տեղահանված մարդ, նրանց կեսը երեխաներ են։
Այս երեխաները տեղահանված են, ցրված և ջարդուփշուր եղած, և միայն շատ քչերն են ստանում փախստականի պաշտոնական կարգավիճակ և վերաբնակեցվում: Նրանց ձայները պատերազմական տառապանքների, ժամանակակից աշխարհի տեղահանված մարդկության նոր ձայներն են:

Ուսանողները կարևորում են իմ գիրքը, քանի որ նրանք գտնում են, որ այն արտացոլում է միլիոնավոր մարդկանց ներկայումս ապրած կյանքը: Այն այդ պահին դառնում է ավելին, քան կրթություն, այն դառնում է գիտակցություն և խրախուսում է ուսանողներին գործողությունների՝ այսօր նման վայրագությունները կանխելու համար: Իմ գիրքը փոքր դեր է խաղում կրթության մեջ, բայց հուսով եմ, որ այն ոգեշնչում է երիտասարդներին կարևոր հարցեր տալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կրթության միջոցով, նույնիսկ սոցիալական մեդիայի միջոցով, այս սերունդը կառուցում է գլոբալ իրազեկվածություն և արձագանքում է մարդկության դեմ հանցագործություններին: Նրանք շատ ավելի հզոր են քան ցանկացած նախկին սերունդ և համառ են խաղաղության համար ուղղված իրենց ջանքերում:

-Ի՞նչ ապագա քայլեր պետք է ձեռնարկվեն ապագայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար և ապահովելու, որ այն հիշատակվի և ճանաչվի ամբողջ աշխարհում:

Այն, ինչ մենք սովորում ենք պատմությունից, այն է, որ մենք ընդհանրապես պատմությունից դասեր չենք քաղում, հատկապես, երբ ժխտում ենք պատմությունը: 97 տարի շարունակ ԱՄՆ Կոնգրեսի, Միացյալ Նահանգների նախագահության և ակադեմիական շրջանակների վրա գործում էր գրաքննություն՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հանրային գիտելիքներից և պատմական հիշողությունից հեռու պահելու համար: Սա ԱՄՆ պատմության մեջ Հայոց ցեղասպանությունը քողարկելու և ժխտելու  համար լոբբիստ խմբերի կողմից իրականացված ամենաերկար գրաքննության փորձն էր: Ահա թե ինչու կա ամերիկացիների սերունդների տարբերություն, ովքեր չգիտեին (կամ չգիտեին, մինչև վերջերս) այն մասին, որ ողջ հայ բնակչության ⅔-ը սիստեմատիկորեն սպանվել է Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանական քաղաքականության միջոցով: Այժմ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այն սկսել է կարևորել պատմաբանների և մանկավարժների կողմից հաջորդ սերնդին ուսուցանելուն։ Կրթությունն ամեն ինչ է։ Կրթությունը ազատության արմատն է։ Կրթությունը ինքնաճանաչման հիմքն է: Կրթությունը արդարության արմատն է։ Միայն նրանք, ովքեր մտադիր են ժխտել ազատությունը, ինքնագիտակցությունը և արդարությունը, կհրաժարվեն պատմական ճշմարտությունների, ներառյալ ցեղասպանության ուսումնասիրությունից: Նայեք աշխարհին այսօր, սա պայմանավորված է պատմական ամնեզիայով, մենք մոռանում ենք այն, ինչ չենք սովորեցնում և կրկնում ենք այն, ինչ մոռացել ենք։ Ցեղասպանության պարտադիր ուսումնասիրությունը կարող են փոխել ամեն ինչ։

https://regionmonitor.com/74042/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın