ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում Ապրիլի 26ին հանդիսաւոր կերպով նշուեց Հայկական ժառանգութեան ամիսը (Armenian Heritage Month), որը պաշտօնապէս ճանաչուած է Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից: Այս տարի եւս, հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Փօլ Գրիգորեանի առաջնորդութեամբ, ով ներկայում քաղխորհրդի նախագահն է: Գրիգորեանն իր ելոյթում անդրադարձաւ Միացեալ Նահանգներում հայերի բազմատեսակ ներդրումներին՝ առողջապահութեան, արուեստի, ճարտարապետութեան, գիտութեան եւ նորագոյն արհեստագիտութիւնների, շարժապատկերի արտադրութեան ոլորտներում: Նա ընդգծեց, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանում էլ բազմաթիւ հայեր են աշխատում, այդ թւում՝ բարձրաստիճան պաշտօնեաներ, ովքեր ապահովում են քաղաքի ամէնօրեայ գործունութիւնը: «Միաժամանակ, մեր համայնքը բախւում է բազմաթիւ մարտահրաւէրների թէ՛ այստեղ՝ Լոս Անջելեսում, թէ՛ այլ երկրներում: Դրանցից մէկը մեր հնագոյն ժառանգութիւնն ու մշակոյթը պահպանելու, եւ ձուլման ալիքների դէմ պայքարելու մարտահրաւէրն է: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառման, եւ Հայ-ամերիկեան ժառանգութեան միամսեակի այսօրուայ հանդիսութիւնն անդրադառնում է նաեւ այդ խնդրին, եւ այսօր յարգանքի տուրք ենք մատուցում նաեւ անհատներին ու կազմակերպութիւններին, ում առաջնահերթութիւններից է ուծացման ալիքի դէմ աշխատանքը»:
Փoլ Գրիգորեանը ներկայացրեց հայկական ժառանգութեան պահպանման գործում ներդրում ունեցող անհատների եւ կազմակերպութիւնների՝ նշելով, որ հայ մշակոյթը հարստացրել է աշխարհը Յուլիոս Կեսարի ծնունդից շատ առաջ, եւ հայերը շարունակել են դարերով ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման գործում չնայած բազմաբնոյթ մարտահրաւէրների, այդ թւում՝ նուաճողների դէմ անդադար պայքարը, շարունակական ցեղասպանութիւնները:
Հայ երաժշտական ժառանգութեան նմուշներից ներկայացնելու համար Գրիգորեանը հրաւիրեց ճանաչուած ուդահար Անդրանիկ Գիզիրեանին, ով քաղխորհրդի նիստերի դահլիճում, խորհրդի անդամների եւ բազմաթիւ ներկայ հիւրերի համար կատարեց հայկական ժողովրդական մեղեդիներ եւ խօսեց դրանց պատմութեան մասին:
Փօլ Գրիգորեանն այնուհետեւ ներկայացրեց Լոս Անջելեսում գործող կրթական երկու հաստատութիւններ՝ «Եու.Սի.Էլ.Էյ.» (UCLA) համալսարանի «Փրամիս» (Promise) հայկական հիմնարկն ու «Եու.Էս.Սի.» (USC) համալսարանի հայագիտական հետազօտութիւնների հիմնարկը՝ ընդգծելով նրանց առանցքային դերը հայկական ժառանգութեան պահպանման հարցում: Գրիգորեանը խօսքը փոխանցեց «Փրամիս» հայկական հիմնարկի նախագահ Ան Գարակէօզեանին՝ նշելով նաեւ նրա անձնական յաջողութիւնների եւ ամերիկեան գիտական կեանքում ներդրումների մասին: Գարակէօզեանն էլ համառօտ պատմեց իր գլխաւորած հաստատութեան նպատակների, ծրագրերի մասին, որի մաս են կազմում նաեւ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնները, Հայաստանի առողջապահական ոլորտին աջակցութիւնը, մշակութային եւ մարդու իրաւունքներին առնչուող նախաձեռնութիւնները:
«Եու.Էս.Սի.» համալսարանի հայագիտական հետազօտութիւնների հիմնարկը ներկայացուեց ի դէմս հիմնադիրներից՝ Չարլի Գալեանի եւ տնօրէն Շուշան Կարապետեանի: «Հայերին ներկայացնելիս, իմ ուսանողներին միշտ պատմում եմ մի քաղաքակրթութեան մասին, որ աւելի քան երկու հազար տարի պայքարել է՝ գոյատեւելու համար տարբեր հզօր ուժերի միջեւ, մարդկանց մասին, ովքեր ապրել են ցեղասպանութիւն, հայրենազրկում, բայց յառնել են ոչ միայն գոյատեւելու, այլ՝ այս աշխարհում արժէքներ ներդնելու համար: Ուսանողներիս միշտ յիշեցնում եմ, որ որտեղ էլ յայտնուել են, հայերը ստեղծել են՝ եկեղեցի, դպրոց, հիւանդանոցներ, եւ աջակցել են կրթական եւ մշակութային ծրագրերին», իր խօսքում նշեց Կարապետեանը՝ ընդգծելով, որ այդ մտայնութեամբ են առաջնորդուել նաեւ «Եու.Էս.Սի.» համալսարանում հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի ստեղծման նախաձեռնողները: Նա ընդգծեց, որ այսօր, Լոս Անջելեսի հայերն օրինակ են հանդիսանում աշխարհասփիւռ հայերի համար, եւ իրենց հիմնարկն էլ մեծ ներդրում ունի այդ հարցում:
Միջոցառումն ամփոփուեց մշակոյթի վառ դրսեւորումներից մէկով՝ հայկական պարով: Գէորգեան պարային ակադեմիայի սաները Լոս Անջելեսի քաղխորհրդի նիստերի դահլիճում կատարեցին հայկական «Եախուրշտա»ն՝ ներկաներին փոխանցելով հայկական ոգու անմար ելեւէջներից:
Շուրջ մէկ ժամ տեւած միջոցառման աւարտին ելոյթ ունենալու ցանկութեամբ հանդէս եկան քաղխորհրդի մի շարք անդամներ: Նրանք հիացմունք արտայայտեցին հայ մշակութային ժառանգութեան մասին, ընդգծեցին հայերի ներդրումը Լոս Անջելեսի զարգացման գործում, եւ նշեցին, որ հայերը նաեւ օրինակ են հանդիսացել շատերի համար՝ իրենց դէպքում, նաեւ ի դէմս Փօլ Գրիգորեանի:
Անդրադառնալով քաղխորհրդում նման ձեռնարկի նպատակներին ու կարեւորութեանը, Փօլ Գրիգորեանը «Ասպարէզ»ի հետ զրոյցում մասնաւորապէս նշեց. «Քաղխորհրդի անդամ ընտրուելուց յետոյ, ամէն տարի առաջնորդում եմ նախաձեռնութիւնը, երբ Ապրիլի 24ը նշում ենք որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր, եւ բանաձեւ ընդունում այդ առիթով: Այս ձեռնարկը վերջերս աւելի մեծ նշանակութիւն ունի՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացուող վայրագութիւնների եւ արցախահայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան համապատկերում: Այս նախաձեռնութեամբ, ես ցանկանում եմ համոզուած լինել, որ հասարակական կեանքում բոլորը, յատկապէս ոչ հայերը, հասկանան այդ սպառնալիքի լրջութիւնը, եւ թէ դա ինչպիսի սպառնալիք է բոլորի համար: Միաժամանակ, շատ կարեւոր է, որ տօնենք հայ համայնքի ուժն ու տոկունութիւնը, փաստը, որ մենք շարունակում ենք բարգաւաճել այստեղ՝ Լոս Անջելեսում եւ ամբողջ աշխարհում, նոյնիսկ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, վտանգների եւ սարսափների, որոնք տեղի են ունեցել մեր պատմութեան ընթացքում եւ այս օրերին: Նաեւ պէտք է նշենք հայ ազգի յաջողութիւնները՝ աշխարհի ամենակարեւոր սփիւռքահայ համայնքում, այստեղ՝ Լոս Անջելեսում, կարեւոր է, որ քաղաքային խորհուրդը եւ քաղաքը նշեն ամերիկահայերի ներդրումն այստեղ եւ աշխարհում»:
Շուշան Կարապետեանն էլ ընդգծեց, որ Փօլ Գրիգորեանի օրինակով, պէտք է կարողանանք ամէն ասպարէզում ունենալ մեր ներկայութիւնը: «Աշխարհի ամենակարեւոր քաղաքներից մէկի քաղաքային խորհրդում այսքան ժամանակ տրամադրել, ներկայացնելու ոչ միայն մեր մշակոյթը, մեր պատմութիւնը, այլ ունկնդրել, թէ ինչպէս են խորհրդի անդամները ասում, որ հայերն օրինակելի են, այս քաղաքի առաջադէմ դէմքերն են, իրապէս մեծ յաղթանակ է: Իմ համար պատիւ էր ներկայացնել USC համալսարանի հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը, եւ շատ յուզիչ էր տեսնել, թէ քաղխորհդրի ողջ անձնակազմն ու ներկաներն ինչ յարգանքով էին հետեւում միջոցառմանը: Ոչ մի կազմակերպութիւն կղզի չի կարող լինել, մենք բոլորս մեր նպատակներին պէտք է հասնենք համագործակցութեամբ՝ քաղաքապետարանը, համալսարանները, մշակութային հաստատութիւններն ու գործիչներ, եւ շատ կարեւոր էր այդ համադրութիւնը տեսնել աշխարհի կենտրոններից մէկում՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանում», նշեց Կարապետեանը:
Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները նաեւ հայկական արտադրողների կողմից պատրաստուած նուէրներ ստացան:
https://asbarez.am
Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi
Yorumlar kapatıldı.