İçeriğe geçmek için "Enter"a basın

Թույլ իշխանության վերջին գործիքը՝ ռեպրեսիան, բռնի ուժը, չի աշխատելու. ապոգեան լինելու է քաղաքական. Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Տավուշի շուրջ ընթացող գործընթացները Փաշինյանի համար բարդագույնն են վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող քաղաքականության ընթացքում։ Հայաստանում՝ Տավուշում, տեղի է ունեցել Արցախի հանձնման մինի տարբերակը։ Խաբկանք, մանիպուլյացիա, հասարակությանը մեկ ինֆորմացիայի և խոստումների տրամադրում, հետո դրանց շեշտակի փոփոխություն, այլ խոստումներ: Եվ հիմա դրան սովորած հասարակությունը փորձում է հակադրվել, այսինքն՝ Փաշինյանի խոսքին հավատալու հասարակության լիմիտն արդեն սպառվել է։ Սկզբում խոշորագույն պարտադրանքի տակ նա հայտարարեց, թե Տավուշի գյուղերը պետք է հանձնվեն, հետո փորձեց շանտաժի և տեռորի լեզվով խոսել, բայց երբ տեսավ, որ դա չի ազդում, անցավ աղանդավորական քարոզ հիշեցնող քարոզչության և նոր բովանդակության մանիպուլյացիայի։

Այն, ինչ նրանք կոչում են սահմանազատում, դա ֆեյք՝ կեղծ սահմանազատման գործընթաց է, պարզապես մանիպուլյացիա։ Դիվանագետների մոտ հայտնի արտահայտություն կա՝ եթե համաձայնեցված չէ ամեն ինչ, նշանակում է՝ համաձայնեցված չէ ոչինչ: 1000 կմ սահմանի մեջ 12 կմ սահմանազատումը ներկայացնել որպես հաղթանակ, դա ոչ միայն նոնսենս է, այլև խայտառակություն։

Պրոցեսի հենց սկզբից ամենամեծ մտահոգությունն այն էր, որ Արցախի կորստից հետո ՀՀ ամենապաշտպանված համալիրը Տավուշի մարզի պաշտպանական գիծն էր։ Անվտանգային այդ համալիրի լուծարումն այլևս գործընթաց է, և սա բացառապես Ադրբեջանի համար է հաղթանակ։

Այս կեղծ սահմանազատման արդյունքում Հայաստանի տիրապետության տակ գտնվող անվտանգային բնագիծը պաշտպանող հատվածը հանձնելով Ադրբեջանին, պարզապես պարալիզացվում է ՀՀ անվտանգությունը:

Ալիև-Պուտին հանդիպումից հետո ֆիքսվեց նրանց բարձր մակարդակի համագործակցությունը: Նրանց այդ քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Երևանը՝ ՀՀ գործող իշխանությունները, ունեն այսպիսի դիրքավորում՝ «Զիջենք սեփական երկիրն ու հողը՝ հանուն սեփական իշխանության պահպանման»։

Փաշինյանի՝ աղանդավորական քարոզի նմանվող և հասարակագիտության ցածր որակի քարոզները ռեալ պոլիտիկի մեջ հաշվի առնել պետք չէ:

Այնպես, ինչպես Ստեփանակերտը հայտնվեց շրջանակի մեջ, այնպես էլ Տավուշի այդ գյուղերի, իսկ հետագայում՝ անկլավների հանձնումը հանգեցնելու է Հայաստանի ավելի մեծ տարածքների կլանմանը, ինչի հետևանքով տեղի է ունենալու մարդկանց մեծ տեղաշարժ։

Հայաստանի կոմունիկացիոն, էներգետիկ և լոգիստիկ բոլոր հնարավորությունները վտանգի տակ են։ Պաշտպանական, անվտանգային համակարգի լուծարումն այս իշխանություններն արգումենտացնում են, թե փոխարինում են սահմանապահ ուժերով, որը ոչ թե անվտանգային գործառույթ է իրականացնում, այլ սահմանը պահող, մինչդեռ Ադրբեջանի կողմից ամբողջական ռազմական համակարգ է դրվելու այդտեղ, այսինքն՝ մեր և Ադրբեջանի սահմանապահային տրամաբանությունը բավականին տարբեր են։

Արցախն ընկավ ոչ թե այն ժամանակ, երբ խափանվեց ջրամատակարարումը, գազամատակարարումը, այլ այն ժամանակ, երբ անկում ապրեց պաշտպանական համակարգը։ Հայաստանում էլ պաշտպանական համակարգի, գծի անկումը հանգեցնելու է բնակչության մեծ հոսքի, տեղահանման, մարդկանց այդտեղ ապրելու հնարավորություններն անվտանգային առումով այլևս ապահովելու հնարավորություն չի լինելու։

Սպիտակ գերաններ տնկելը հաղթանակ որակելը նման է նրան, երբ ծնողն ուրախանում է, որ իր երեխան պարբերաբար դպրոցից դուրս չի մնում։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այս իշխանությունների քաղաքականության ֆիասկոյի արդյունքն է։

Փաշինյանը կամ արտաքին պարտադրանքի, կամ շանտաժի, կամ շատ վաղուց տրված խոստումների արդյունքում է իրականացնում այս վարքաբանությունը սեփական երկրի նկատմամբ։ Նրան իշխանություն է տրվել մարդկանց անվտանգությունն ապահովելու, այլ ոչ թե՝ պատմագիտական, հասարակագիտական ցածր որակի «դասախոսություններ» կարդալու ու աղանդավորական քարոզչություն անելու համար։

Կա՞ արդյոք Փաշինյանի և ԱԺԲ-ի միջև ստվերային, ետնաբեմային պայմանավորվածություն. եթե կա, ապա դա պետք է մտահոգի ծեծի ենթարկված այդ կուսակցության ներկայացուցիչներին:

Տավուշի համար պայքարը պետք է տեղափոխվի Երևան, բայց դեռ շուտ է։ Երևանի պարագայում ռիսկ կա, որովհետև այստեղ մարդկանց զբաղվածության հանգամանք կա, իսկ Երևանում նույնիսկ 10 հազարանոց բողոքի ակցիան այնպիսի էֆեկտ կարող է չունենալ, ինչպես մարզում 100 հոգանոց ակցիան։ Քաղաքական լուծումները կլինեն, երբ մարզերից գան Երևան, բայց ես չէի շտապեցնի Երևանում հուժկու հավաքներ անել, պրոցեսը պետք է ընթանա ձնագնդիի ձևավորման սկզբունքով, հիմա ձնագունդը ձևավորման պրոցեսում է:

Տավուշի պրոցեսն ամենաերկարներից է, որի լուծումը Փաշինյանը չունի։

Իրական և ակտիվացած կեղծ ընդդիմություն («Սասնա ծռեր»՝ ԱԺԲ-Բևեռ, և այլն)․ Փաստ է, որ հեղափոխություններից հետո, երբ հեղափոխականները ձախողվում են, հասարակության մի մասը սկսում է վստահել քաղաքական ծայրահեղականությանը։ Փաստ է, որ Փաշինյանի թիմը ձախողել է, և կա քաղաքական ծայրահեղականների ձևավորման պահանջ հասարակության մոտ, որոնք պահանջում են խնդիրների արագ, անգամ՝ դաժան լուծումներ: Արդյո՞ք դա Արևմուտքից ուղղորդվող, վերահսկվող գործընթաց է, սրա մասին թող մտածի Փաշինյանը, թե ո՞ր կենտրոնից է ուղղորդվում այդ ծայրահեղականությունը։

Հանրային մակարդակում, հույս ունեմ, որ մեծագույն լարումն ինքնարտահայտման, ինֆորմացիայի տարածման ձևով պետք է լինի։ Մարդիկ պետք է խոսեն։ Պետք է ստեղծվի հանրային միաբանման ցանց, որը կազմված կլինի անկախ քաղաքական գործիչներից:

Հայ Առաքելական եկեղեցու նման սուբյեկտայնությունը, բարոյական վարքաբանությունը հզոր ազդեցություն է ունենալու հանրային մակարդակի շատ ավելի մեծացման վրա և ստեղծելու է բարոյահոգեբանական որոշակի վերելք։

Ուժային կառույցների ագրեսիվ քայլերը, բռնությունները՝ իշխանապահպան գործողությունները, նշանակում են, որ Փաշինյանը տեղեկություն է ստանում հասարակության մեջ իր լեգիտիմության նվազման, վարկանիշի իջեցման մասին, և դիմում են կանխարգելիչ քայլերի: Թույլ իշխանությանը հատուկ մեթոդներով վախ են տարածում, բայց դա այլևս չի աշխատելու։ Իշխանության վերջին գործիքը մնում է ռեպրեսիան, համոզելու գործիքն այլևս չի աշխատում: Ռեպրեսիան էլ չի աշխատելու:

Իշխանությունների արտահայտած միտքը, առհասարակ՝ քաղաքական էդպիսի պրոդուկտ արտահայտողները սնանկ են, իշխանական պիոներների հայտարարությունները քաղաքական մտքի սնանկությունն են վկայում:

Փաշինյանի՝ իրական և պատմական Հայաստանի նոր կոնցեպտը սոցիալ-հոգեբանական բարդույթներ ունեցող անգրագետ մարդու կոնցեպտ է, նման մարդը չի կարող իրարից տարանջատել իրական և պատմական Հայաստանը, շատերն են այսօր հարցնում՝ սա սև-սպիտակի տարանջատման շարունակությո՞ւնն է։

Սա ծրագիր է, որն իր փուլային տրամաբանությունն ունի, և ծրագիրը հանձնառու ունի Հայաստանում, և այդ հանձնառուն՝ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ է խնդրում իր հանձնառությունը կատարելու համար։ Դա ակնհայտ է։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների համընկնումները տարօրինակ են, խորը պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրների ղեկավարների այսպիսի սինխրոնիզացիա պատմությանը հայտնի չէ։

Ձևավորվող ձնագունդն ունի մեկ իրականություն՝ Հայաստանի նկատմամբ մեծագույն արհավիրքն այս էտապում կանգնեցնել։

Այսօր ակտուալ հարցն է՝ «Երբ է Նիկոլը գնում», դրա պահանջարկը մեծ է, և հիմա պետք է դրա ծրագրային ապահովումը։ Անհրաժեշտ է հանրային և հոգևոր մակարդակների բարձրացրած հարցերին քաղաքական ձևակերպում տալ։ Ապոգեան լինելու է քաղաքական։ Հասարակությունն ունի քաղաքական ակտորներից դժգոհություններ, բայց վստահ եմ, որ հանրային և հոգևոր մակարդակների պրոտեստը բյուրեղացնելու է քաղաքական մակարդակի առաջարկը, և հասարակությունը վաղ թե ուշ ստանալու է:

Պրոտեստի ֆորմատը ձևավորված է, կա պրոտեստի աճ, հանրային և հոգևոր պրոտեստը ստիպելու է, որ ձևավորվի քաղաքական առաջարկ։

Շատ կարևոր է, որ պրոտեստն ունենա ներառականություն՝ նոր մարդկանց ընդգրկում։ Եվ այդ կոչը չպետք է ունենա ստիպողական հոգեբանություն, կոչը պետք է լինի օրինակելի և ոչ թե՝ սևացնելու, պախարակելու, մեղադրանքի բնույթի։

Իրական և պատմական Հայաստանի կարմիր գծերն անցել են։

Իշխանության անկումը շատ ավելի արագ է տեղի ունենում, երբ ճաքերը լինում են ներսից, բյուրոկրատական համակարգում:

Շատ կարևոր է, որ իշխանական համակարգի վրա լինի քաղաքացիական ճնշում։

Չկա իշխանություն, որը ժամանակավոր չէ, և չկա իշխանություն, որը վայրագության պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ Իշխանությունները պատասխանատվությունը միշտ գցում են ենթակաների, իրենց հրամանները կատարողների վրա, այս դեպքում՝ նաև ոստիկանների։

Հայաստանն այսօր ունի ղեկավար, որը չգիտի՝ ինքը գնալո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ։ Հայաստանն ունի ղեկավար, ում դրսից կասեն՝ գնա՝ կգնա, չեն ասի՝ չի գնա։

Մանրամասները՝ տեսանյութում.


https://168.am/2024/04/28/2035397.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1lDrL9pw-qNaGc3xSAdnepFiKiNqci7Sjl2t_2fTB48wUwmGZWk907u8Y_aem_AacMGBBgEEaeMrFiM22PibTOqrrohQwINfMZmiYzCIXAWRvWNY6u9ZuGOIhBAvAzng_Ed8zuDr43rI-1W61URc5A

Yorumlar kapatıldı.