Ապրիլի 23-ին Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 109-րդ տարելիցին։ Պատարագին Բելգիայի հայերի կոմիտեի հրավերով մասնակցեցին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաղդը։
Պատարագից հետո ներկաները քայլերթ կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ Բրյուսելի Ազատ համալսարանի «Նաիրյան» երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր մոմավառության արարողություն։ Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավեդիքյանը, դեսպան Տիգրան Բալայանը և արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Իր խոսքում դեսպան Բալայանը բարձր գնահատեց արտգործնախարարի ներկայությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որ վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։
Տիգրան Բալայանն ասաց․ «Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում․ միայն ամիսներ առաջ միջազգային հանրության աչքի առաջ հազարամյակներ Լեռնային Ղարաբաղում ապրած հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ ստիպողաբար հեռացվելով իր պատմական հայրենիքից»։
Նախարար Լահբիբը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ եկել է ներկայացնելու մի երկիր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եկել է՝ իր հետ բերելով նաև խաղաղության կոչ, որպեսզի «այլևս երբեք» կարգախոսը գործուն քայլերով վերածվի իմաստալից խոստման, որպեսզի համայն մարդկությունն ապագայում խուսափի նման ձախողումներից։ Արարողությունից հետ տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն։
İlk yorum yapan siz olun