Նա ազգային, եկեղեցական, հասարակական կյանքով ապրող գրող է և հրապարակախոս, աստվածաբանության դոկտոր է, Արաբական ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար։ Նրա նախնիները բժիշկներ էին և գրողներ։ Նրա հորեղբայրը հրապարակախոս էր, մատենագետ, Հալեպի մատենագիտական գրադարանի հիմնադիրը։
Մրգառատ այգիներով շրջապատված երեք բլուրների վրա հիմնված, Կիլիկիայի սիրտը համարվող Այնթափն էր Ճեպեճյանների բնակավայրը։ Այստեղ Հովհաննես Ճեպեճյանը պիստակի առևտրով էր զբաղվում և արդեն հայտնի առևտրական էր։ Նրա հին տունն այսօր վերածվել է մանկական թանգարանի։ Սակայն որդին՝ Ավետիսը, չշարունակեց այս գործը և դարձավ բժիշկ, հետո ծառայեց օսմանյան բանակում և մեծ անուն ձեռք բերեց՝ որպես բանիմաց և հմուտ բժշկապետ։ Շատ կարևոր է նշել, որ այս գերդաստանի նախնիները բոլորն էլ եկեղեցասեր և գրասեր մարդիկ էին։ Նրանց մեջ կային նաև հոգևորականներ՝ պատմում է Աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս Հրայր Ճեպեճյանը։
Ճեպեճյանները, ինչպես և շատերը, Այնթափից տեղափոխվել էին Բեյրութ։ Հրայրը, որի հայրը՝ Վահեն, մշակութասեր, երաժշտասեր և եկեղեցասեր մարդ էր, հիմնականում մեծանում էր եկեղեցասեր միջավայրում։ Գերդաստանից շատերը Հայ Ավետարանչական եկեղեցու հետևորդներ էին։ Հրայրը յուրաքանչյուր կիրակի ծնողների հետ գնում էր եկեղեցի, դպրոցական տարիներից կարդում էր Աստվածաշունչ, հոգևոր գրականություն։ Նա գերդաստանի եկեղեցական գործունեությամբ զբաղվող մարդկանց հետ ավելի շատ էր շփվում։ Նա ծնվել էր Բեյրութում, սովորել էր տեղի հաստատություններում։ Համալսարանական տարբեր մասնագիտություններ ստացած տղան չէր կարող անտարբեր լինել աստվածաբանության նկատմամբ։ Նա իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանեց այս ուղղությամբ և կարճ ժամանակ հետո ճանաչվեց նաև հոգևոր աշխարհում։
2014 թվականին Նյու-Յորքի աստվածաբանական ճեմարանից՝ «Աստվածաշնչյան հանձնարարություն» ուղղությամբ, ստացավ դոկտորական վկայականը, և շուտով մեկը մյուսի հետևից ծնվեցին հսկայածավալ գրքեր, դարձավ Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղարը։ Սկսեց մասնակցել ազգային, միջազգային և միջեկեղեցական համագումարների, ներկայացրեց կրոնական, ազգային, մշակութային և միջին արևելյան քրիստոնեական ներկայության մասին դասախոսություններ՝ ընդգրկուն լսարաններով։
Հրայր Ճեպեճյանը հեղինակ է նաև մանկական Աստվածաշնչի։ Գրքի ենթավերնագրերից մեկը ընտրված է Աստվածաշնչյան առակներից. «Կրթե մանուկը իր ճամբան սկսած ատեն»։ Եվ հարցին, թե ինչո՞ւ պիտի կրթենք, աստվածաբանը պատասխանում է. «Որպեսզի ունենանք և պատրաստենք հայ նոր սերունդը այսօրվան համար, բայց անպայման վաղվան համար՝ իր ամբողջական մշակույթի ժառանգորդի հասկացողությամբ»։
Աշխարհով մեկ անընդմեջ շրջում է անվանի աստվածաբանը, հանդիպում տարբեր ազգությունների, բնավորությունների, իմացությունների տեր մարդկանց և դրանք գրի է առնում, պատմում իր՝ «Սփյուռքահայ կյանքեր, ինչպես որ տեսա» գրքում։
Երբ Նիկոսիայում հանդիպում է ազգությամբ թուրք և պոլսեցի Այշային, նա քննախույզ հայացքով նայում է Հրայրին և հարցնում. «Երևի կատես և չես փափաքիր թուրքի հետ մը խոսիլ»։ «Մեր միջև մեծ թնջուկ մը կա, որ պետք է հանգուցալուծել»,- պատասխանում է Հրայրը։
Սակայն այս պատմության ավարտը մեզ մի այլ՝ առավել կարևոր բան է հուշում․ քրիստոնեություն ընդունած Այշան ասում է. «Մեր երկրին վրա անեծք կա։ Անեծքը իմ և հայուն համար ցեղասպանության ցավն է։ Եվ ցեղասպանության ցավը հայուն ապրած և տակավին շարունակվող կյանքն է, որ վերածված է ինքնության»։
Հենց այդ ինքնությունն էր, որ պետք է բաժնեի Այշային հետ՝ ասում է Հրայրն ու ավելացնում, որ Կիլիկիայի ջարդերից մինչև Մեծ Եղեռնն իր գերդաստանից 25 հոգի նահատակվել են։
Ճեպեճյան գերդաստանից Ռոպեր Ճեպեճյանը Հալեպում հայտնի ակնաբույժ, գրող-հրապարակախոս, մատենագետ էր, որը հիմնել է իր կնոջ հիշատակին նվիրված «Վիոլետ Ճեպեճյան» անվամբ մատենագիտական գրադարանը։ Ռոպեր Ճեպեճյանը կարևոր ներդրում է ունեցել հայ-արաբական մշակութային հարաբերությունների ձևավորման ու զարգացման գործում՝ պատմում է Հրայր Ճեպեճյանը։ Աստվածաբանի կինը՝ տիկին Արդա Ճեպեճյանը դարձյալ մտավորական է և մեր ազգային մտածողության կրողը, ու նաև հայապահպանական խնդիրներով զբաղվող մեկը։ Նա ունի աշխատանք նվիրված փոքրամասնությունների լեզվի պահպանման խնդիրներին։
Հրայր Ճեպեճյանն ասում է. «Այսօր խաղաղությունը վտանգված, վախցած և խռոված իրավիճակի մեջ կգտնվի։ Բայց կարելի է խաղաղությունը խարսխել մեր սիրտերուն և հոգիներուն մեջ, եթե մեր ճամփորդություններուն մեջ դասալիք չըլլանք և շարունակենք ջանքը հասնելու և յուրացնելու Բեթլեհեմի աստղը հոն, ուր բանը մարմին եղավ և մեր մեջ բնակեցավ»:
İlk yorum yapan siz olun