İçeriğe geçmek için "Enter"a basın

Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Դավթյան

Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը կարող է էապես փոխել տարածաշրջանային (ներառյալ Հարավային Կովկասը) տրանսպորտային-լոգիստիկ համակարգը։ Այս մասին գրում է քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
«Այսպես, իրանա-իսրայելական հակամարտության նոր փուլ մտնելը կարող է հարցականի տակ Իրանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային հաղորդակցությանը (Բալթյան տարածաշրջան-Կովկաս-Իրան-Պարսից ծոց-Հնդկական օվկիանոս): Կամ էլ առնվազն դժվարություններ ստեղծել:
Միաժամանակ, էսլակացիայի խորացումը լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ Իսրայելի լոգիստիկ հեռնկարների համար: Մասնավորապես, 2023 թ.-ին G20-ի կողից առաջարկված «Մերձավորարեւելյան միջանցք» նախագիծը (Հնդկաստան-ԱՄԷ-Սաոոդյան-Արաբիա-Հորդանան-Իսրայել-Եվրոպա) կարող է վերջնականապես սառեցվել: Այս հաղորդակցության առանցքային հենակետերից է իսրայելական Հայֆա նավահանգիստը, որն առնվազն 2023 թ.-ի հոկտեմբերից ի վեր խիստ խնդրահարույց է միջազգային ներդրումներ իրականացնելու համար:
Թե առաջին, թե երկրորդ դեպքում շահառու է հանդես գալիս Թուրքիան:
Մասնավորապես, դեռեւս 1990-ականներցի ի վեր Թուրքիան դիքավորվում է որպես «Արեւելք-Արեւմուտք» (TRACECA) միջանցքի կարեւոր խաղացող՝ նպատակ հետապնդելով ձեւավորելու Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցությունը՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս ռազմավարության ներքո է այսօր Անկարան իրագործում «Միջին միջանցք» նախագիծը:
Ինչ վերաբերում է «Մերձավորարեւելյան միջանցքին», ապա այն փաստացի շրջանցում է Թուրքիան: Պատահական չէ, որ նախագծի մասին G20 կոմյունիկեին առաջինն արձագանքեց հենց Անկարան՝ հայտարարելով, որ Մեծ Եվրասիայում չի կարող Թուրքիան շրջանցող որեւէ մեծ տրանսպորտային նախագիծ իրականացվել:
Այսպիսով, փաստենք, որ երկու դեպքերում էր թուրքական տրանսպորտային շահը առավել քան հստակ է: Հատկապես դա կարեւոր է հասկանալ՝ հաշվի առնելով միջազգային նշանակության հաղորդակցային խաբ (հանգույց) ձեւավորելու Թուրքիայի նկրտումները:
Ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է Հայաստանի համար մի պարզ պատճառով: «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրանական ուղղությամբ ձախողումը այլեւս թույլ չի տալու մեզ դիտարկել Հայաստանը որպես Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի խաղացողի:
Դրան զուգահեռ՝ «Մերձավորարեւելյան միջանցքի» սառեցումը ստիպելու է Արեւմուտքին նոր երթուղիներ մշակել Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության համար:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այս տեսանկյունից այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ փաստացի ինտեգրված է չինական «Գոտի եւ ճանապարհ» ռազմավարության մեջ: Դժվար է շրջանցել չինական գործոնը:
Ահնրաժեշտ են նոր երթուղիներ, որոնցից ամենահեռանկարայինը կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»՝ նախագիծ, որն այսօր մեզ փորձում են վաճառել «Խաղաղության խաչմերուկ» փաթեթավորմամբ:
Արեւմուտքը շահագրգռված է արտատարածքային միջանցքի բացման հարցում միաժամանակ մի քանի պատճառով: Նախ՝ դա թույլ կտա անխոչընդոտ ռազմական փոխադրումներ իրականացնել Թուրքիայից Նախիջեւան՝ տեղում ռազմական բազա ձեւավորելու ու Իրանին հակակշիռ ապահովելու նպատակով: Մյուս կողմից, միջանցքով Արեւմուտքն ակնկալում է նոր էներգետիկ հաղորդակցություն հաստատել Կասպյան ավազանի հետ՝ ապագայում Անդրկասպայն գազամուղի կառուցման ու այն Հայաստանի հարավով անցկացման, ինչպես նաեւ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էլեկտրահաղորդման գծի կառուցման հեռանկարով»,- գրել է նա։


https://verelq.am/hy/node/143550?fbclid=IwAR0oTCaQ3irWmZ5QZ2-th9l1cXVeG3mFQmCmE7FX0lYSoZ9N6KZxziwW0oA

Yorumlar kapatıldı.