İçeriğe geçmek için "Enter"a basın

Լռությունը խորհրդավոր աղոթք է

Այդ ամբողջ աղմկոտ տեխնիկայի պատճառով վանականն իրենից վանում է աղոթքի ու վանական կյանքի նախադրյալները: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, վանականը պետք է փորձի չօգտվել աղմկող սարքերից: Այն ամենն, ինչ մարդիկ հարմարավետ են համարում, մեծ հաշվով վանականին չի օգնում իր նպատակին հասնելու գործում: Նման վիճակում գտնվելով՝ վանականը չի կարող ստանալ այն, ինչի համար ճանապարհ է դուրս եկել:
Լռությունը մեծ գործ է: Լռության մեջ գտնվելով՝ մարդն արդեն իսկ աղոթում է, անգամ չաղոթելով: Լռությունը խորհրդավոր աղոթք է և շատ է օգնում աղոթքին, այնպես, ինչպես մաշկի շնչառությունն է օգնում մարդուն*:
Նա, ով լռության մեջ հոգևոր աշխատանքով է զբաղված, արդյունքում աղոթքի մեջ է խորասուզվում: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում խորասուզվել: Մոր գրկում լուռ նստած երեխան ոչինչ չի խոսում: Նա արդեն միավորված է մոր հետ, շփման մեջ է: Այդ պատճառով էլ, եթե մենաստանը հնագիտական արժեք ունեցող տեսարժան վայրերից, աշխարհի աղմուկից ու մարդկային բազմությունից հեռու է գտնվում, մեծ օգուտ է:
Աշխարհից կտրված արտաքին լռությունը, անդադար աղոթքի և ողջամիտ սխրանքի հետ զուգակցված, վանականին շատ արագ նաև ներքին լռություն է բերում՝ հոգևոր խաղաղություն: Այդ ներքին լռությունն անհրաժեշտ նախապայման է հոգևոր կյանքի համար: Իսկ արտաքին անհանգստությունն այնժամ դադարում է մարդուն անհանգստացնել, որովհետև, ըստ էության, միայն նրա մարմինն է երկրի վրա գտնվում, իսկ միտքը Երկնքում է:
* Երանելի հայր Պաիսիոսի բերած օրինակը շատ հաջող է և հաստատվում է ֆիզիոլոգիական տվյալներով: Աննշմարելի, մշտական քրտնարտադրությունը և մաշկի շնչառությունը գործիքներ են, որոնցով կարգավորվում է մարդկային մարմնի ջերմաստիճանը: Եթե մարդու մարմնի ամբողջ մակերևույթը պատել որևէ մեկուսիչ նյութով և զրկել այն մաշկի շնչառությունից, ապա հետևանքներն այդքան էլ նկատելի չեն լինի սկզբում, սակայն որոշ ժամանակ անց ջերմաստիճանի հավասարակշռության խախտումն օրգանիզմի կենսագործունեության լուրջ խախտումների կհանգեցնի: Աղոթքի և լռության մեջ ուղիղ զուգադրություն կա: «Խորհրդավոր», «չարտահայտված» աղոթքը՝ լռությունը, աննկատելի, բայց մշտապես օգնում է մարդուն հոգևոր առողջ վիճակում գտնվել: Քրիստոնյային և հատկապես վանականին լռությունից զրկելը հանգեցնում է առաջին հայացքից աննշան, սակայն հոգևոր կործանարար հետևանքների:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
surbzoravor.am


168.am

Yorumlar kapatıldı.