ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
(8 մարտի, 2024 թ․)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։
Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։
Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։
Մեծազնիվ տիկնայք և օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջև հանապազ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Իր օրհնության ներքո պահպանի ձեզ հույսով ու հավատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինությունների մեջ և քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. ամեն։
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Աղբիւր։ ՄայրԱթոռՍուրբԷջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin https://www.facebook.com/holyetchmiadzin
İlk yorum yapan siz olun