Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը:
Ս. Ադդե հայրապետը (1-ին դար) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ ձեռնադրվելով Թադեոս առաքյալի կողմից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով 1-ին դարի երկրորդ քառորդում:
Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին:
İlk yorum yapan siz olun