Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքին դավադրաբար սպանած Օգյուն Սամաստը վաղաժամ ազատ է արձակվել բանտարկությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 16 տարվա բանտարկությունից հետո Սամաստին մի քանի ամիս վաղ են բաց թողել՝ «լավ պահվածքի» համար:
Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ Թուրքիան այսօր էլ չի փոխել բոլորին հայտնի իր դեմքը:
«Թուրքիայի բանտերում սոսկալի անարդարություն կա, ահագին ձախակողմյան գործիչներ, քուրդ գործիչներ, ընդդիմադիրներ, մտավորականներ շարունակում են բանտարկված մնալ: Նրանք նույնպես կարող էին օգտվել այս իրավունքից: Բայց միտումնավոր մերժվում են ազատ արձակվելու միջնորդությունները: Դրա փոխարեն՝ այս ոճրագործին ու իր նմաններին, շատ ավելի հեշտ պայմաններում, ժամկետից շուտ ազատ են արձակում»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ հայտնելով, որ այս երևույթը Թուրքիայում քննադատվում է հատկապես ընդդիմադիր թևի կողմից:
Այս համատեքստում, ըստ Էստուկյանի, պարզապես հնարավոր չէ զուգահեռներ չտանել Ռամիլ Սաֆարովի ու Գուրգեն Մարգարյանի դեպքի հետ, երբ այդ անգամ արդեն ադրբեջանցի ոճրագործը քնած մարդուն կացնով սպանեց ու վերածվեց հերոսի:
«Այստեղ էլ Օգյուն Սամաստին հերոսի վերածելու քայլեր առաջին օրից են նկատվել: Տեսնում ենք, որ այդպիսի հոսանք կա նաև հիմա: Ժողովրդի մեջ ոճրագործին զորակցող, հերոսացնող ահագին տարրեր կան: Նա այդ կարգի «հերոս է»: Ճիշտ Ռամիլ Սաֆարովի նման: Գալիս են, գաղտագողի, թիկունքից կրակում են, և, եթե սպանվածը հայ է, ուրեմն դու էլ «հերոս» ես: Նշանակություն չունի, թե ինչ ցածր քայլ ես կատարել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Էստուկյանը՝ արձանագրելով, որ ժողովուրդների համերաշխության մասին Հրանտ Դինքի խոսքերը համոզիչ են եղել Թուրքիայի բնակիչների մի հատվածի համար միայն, բայց ո՛չ բոլորի:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին՝ այդ ժամանակ՝ 17-ամյա, ազգությամբ թուրք Օգյուն Սամաստի կրակոցից: Մարդասպանը երեք կրակոց էր արձակել Դինքի թիկունքից՝ հենց «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Այդ դեպքից հետո Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքում բազմահազարանոց ցույցեր մեկնարկեցին՝ «բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք» գրություններով:
«Իրենք էլ չէին կանխատեսում, որ այդքան մեծ աղմուկ կբարձրանար Հրանտի սպանությունից հետո, բայց այդ աղմուկը բարձրացավ: Այստեղ դեր խաղաց Հրանտի անհատականությունը, հեղինակությունը: Որովհետև, ինչպես ասացիք, նա միշտ խոսում էր խաղաղության, համերաշխության, հաշտության, միմյանց հասկանալու, միմյանց ցավերն ու ուրախությունները կիսելու մասին»,- ասաց Էստուկյանը՝ հավելելով, որ լինելով ազգամետ մտավորական՝ Հրանտ Դինքը միշտ էլ գիտակցել է Թուրքիայում մնալու բոլոր վտանգները: Այդ իրավիճակը փոխելու համար էլ հենց չէր հեռանում: Նրա պայքարը, ըստ մեր զրուցակցի, անձնական չէր, այլ համամարդկային:
Բագրատ Էստուկյանը մատնանշեց ևս մի ակնառու վտանգ:
Ըստ նրա՝ ոճրագործներին ժամկետից վաղ ազատ արձակելու թուրքական պրակտիկան ակնհայտ ցուցադրում է այդ երկրի իրավաքաղաքական համակարգի անարդարություններն ու սպառնում հանցագործությունների ծավալների մեծացում:
«Ինքը հասարակության մեջ կարող է ընկալվել՝ որպես կերպար, որը մարդասպանություն, ոճրագործություն գործելով՝ կարող է անգամ վաղաժամ ազատվել բանտից: Իսկ դա բավականին մեծ ռիսկեր է պարունակում, որ դրանք հետագայում կարող են կրկնվել»,- համոզմունք հայտնեց Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» օրաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նազելի Ստեփանյան
İlk yorum yapan siz olun