İçeriğe geçmek için "Enter"a basın

«Համահայկական խաղերը անշրջելի են»․ Իշխան Զաքարյանի խոսքը՝ Համահայկականի փակման արարողությանը 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ է ունեցել խաղերի փակման արարողության ժամանակ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի  Հանրապետության Մեծարգո նախագահ, ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի  մեծարգո նախագահ, մեծարգո նախարարներ, կառավարությանն  առընթեր  մարմինների ղեկավարներ, մարզպետներ, քաղաքապետներ, համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեծարգո անդամներ, պատվավոր անդամներ, սիրելի մասնակիցներ։

Ավարտվեցին համահայկական ամառային 8-րդ խաղերը։15 օր շարունակ Երևանում, Գյումրիում, Աշտարակում, Արթիկում, Ամասիայում, Արտաշատում, Սևանում, Ծաղկաձորում, Չարենցավանում և Աբովյանում համառ, անզիջում պայքար էր, որի արդյունքում խաղերին մասնակցեցին աշխարհի 42 պետությունների 181 քաղաքների հազարավոր մարզիկներ և մարզուհիներ։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի պատվիրակների թիվը  7161 է։ Ունեցանք 8 նոր պետություն։ Սրանք համահայկական խաղերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներն են։ Այո՛, ավարտվեցին խաղերը, բայց չեմ կարող ասել, թե դրանք այլևս պատմություն են։

Տեխնիկապես դրանք, այո ավարտվեցին, բայց իրենց խորքային ազդեցությամբ և իրենց գործնական հետևանքներով դեռևս շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։

Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնոլորտը անցել է, կարող եմ հստակ խոսել մի քանի հարցերից։

Առաջին․ Արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը։

Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերին բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների հաշվին։

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել․

  1. Տաշիր բարեգործական հիմնադրամին Սամվել Կարապետյան
  2. «Պրոեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ- ին

Տնօրեն՝ Նարեկ Նալբանդյան

  1. «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ  գլխավոր տնօրեն՝  Հայկ Եսայան
  2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի
  3. «Սիթի» ՍՊԸ – Սամվել Ալեքսանյանին
  4. «Ապավեն» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Աղաջանյանին
  5. «Ֆաստ Բանկ» ՓԲԸ
  6. «Ֆաստ Շիֆտ» ՍՊԸ
  7. Ֆաստ Էքս Ընկերություն
  8. «Էվոկաբանկ» ՓԲԸ
  9. «Գրիգորյան Շին» ՍՊԸ
  10. Երևանի կոնյակի գործարանին

Խաղերին մասնակցող պատվիրակությունները ժամանել, հյուրանոցներում տեղավորվել են արտերկրի  քաղաքների  մեր կազմակերպիչների և սփյուռքի հովանավորների միջոցների հաշվին։

Երկրորդ Կազմակերպչական առումով եղե՞լ են թերություններ, բացթողումներ։

Բնականաբար եղել են, դրանք ծագել են ամեն օր ու ամեն օր շտկվել են։ Աշխատում էր պրոֆեսիոնալ անձնակազմ, մոտ 2000 կամավոր, լավ մասնագետների և լավ մարդկանց մեծ թիմ ու նրանք ամեն ինչ արել են նման որակ ապահովելու համար։


Հիմա շատ կարևոր է մասնագիտական ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։

Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ, որոնց հետ հետագա աշխատանքները ենթադրում են խորքային, գրագետ և համակարգված  մոտեցումներ։  Մենք դա անպայման անելու ենք։ Եվ, իհարկե, այս փուլում ամենակարևոր ու ամենահաճելի գործն է բարձրաձայն, անկեղծ սրտով ասել շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին համահայկական ամառային 8-րդ խաղերը Գյումրիում և Երևանում փայլուն անցկացնելու համար։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության  կառավարությանը, կառավարության կազմկոմիտեին Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Շնորհակալություն հովանավորների մեծ բանակին։

Շնորհակալություն մարզպետներին և քաղաքապետերին։

Շնորհակալություն խաղերը սպասարկող շուրջ 500 մրցավարներին։

Շնորհակալություն սպորտի նախարարությանը և մարզական ֆեդերացիաներին։

Շնորհակալություն խաղերը սպասարկող շուրջ 2000 կամավորներին։

Շնորհակալություն Ազգային անվտանգությանը, Ոստիկանությանը, հրշեջ ծառայության և պարեկային ծառայության աշխատակիցներին։

Շնորհակալություն խաղերը լուսաբանող լրագրողներին։

Շնորհակալություն ամենածանր բեռը պատվով և փայլուն ձևով իրականացրած տրանսպորտային միջոցների կազմակերպիչներին։

Շնորհակալություն համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմին, պատվավոր անդամներին, քաղաքային կոմիտեներին այսքան մեծաքանակ պատվիրակություններ ձևավորելու և Հայաստան բերելու համար:

Շնորհակալություն հյուրընկալ գյումրեցիներին, երևանցիներին և ՀՀ  մյուս քաղաքների բնակիչներին:

Շնորհակալություն բացման սքանչելի արարողության ամբողջ ստեղծագործական կոլեկտիվին՝ բանվորից մինչև գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր։

Եվ, իհարկե, շնորհակալություն Ձեզ սիրելի մասնակիցներ, որ այստեղ եք, միասին ենք ու հայրենիքում:

Հավատացեք` այս մասշտաբի միջոցառումները ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք են և ունեն չերևացող կողմեր:

Ինչ-ինչ անհարթությունների համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:

Սակայն մի բան պարզ է ու հստակ․ համահայկական խաղերը անշրջելի են, խաղերի գաղափարն էլ հաստատուն կամուրջ է Հայրենիք-Սփյուռք առանցքում:

Բարով վերադառնաք Ձեր երկրներ և կրկին բարով գաք մայր Հայրենիք:

https://panarmeniangames.am/arm/համահայկական-խաղերը-անշրջելի-են%E2%80%A4-ի/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın