Հրայր Նազարյան
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարի գլխավոր հայտնություններից մեկը։ Հայկական թիմը, ունենալով 7-րդ վարկանիշը, երկրորդ տեղը գրավեց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության համարում ունեցող մրցմանը մասնակցած 11 հավաքականների հաշվարկում։ Հայ մարզուհիները, Ա ենթախմբում միևնույն 2։1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի մարզուհիներին, դուրս եկան եզրափակիչ, որտեղ պարտվեցին տանտերերին և բաց թողեցին երկրորդ խումբ բարձրանալու հնարավորությունը։
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վճռական պահին որոշիչ նշանակություն ունեցավ առաջատարներին համարժեք փոխարինողներ չունենալու հանգամանքը։
«Մասնակցության արդյունքը համարում եմ գերազանց և, իհարկե, անսպասելի։ Դա անակնկալ էր, որովհետև առավել ուժեղ են մեր թիմի առաջին ու երկրորդ ռակետները։ Հենց նրանք էլ կրեցին հիմնական ծանրաբեռնվածությունը, իսկ մյուս երեք թենիսիստուհիները պարզապես աջակցում էին։ Սակայն, դժվար է լուրջ հաջողության հասնել՝ ապավինելով միայն երկու թենիսիստուհու։ Մեր հավաքականի հարվածային ուժը կազմեցին Մարինա Դավթյանը և Իռենա Մուրադյանը, որոնք ԱՄՆ-ի բուհերում ուսանելուն զուգահեռ կատարելագործում են նաև իրենց մարզական վարպետությունը։ Այնտեղ նրանք պարբերաբար մասնակցում են տարբեր մրցաշարերի և կուտակում այդքան կարևոր նշանակություն ունեցող խաղային փորձ։ Պատահական չէ, որ 2-3 տարվա ընթացքում նկատելիորեն առաջադիմել են։ Դավթյանը Հայաստանի հավաքականին միացել էր 3-4 տարվա, իսկ Մուրադյանը՝ մեկամյա ընդմիջումից հետո։ Նրանք ձեռք են բերել նաև թիմային խաղի հմտություններ, բացի այդ, լավ տպավորություն թողեցին զուգախաղում։ Կարող ենք արձանագրել, որ բավականին ուժեղ թենիսիստուհիներ ունենք»,- նշեց Գայանե Մովսիսյանը։
Հավաքականի երկարամյա մարզիչն ընդգծեց, որ ենթախմբում Հայաստանի հավաքականի բոլոր չորս հանդիպումներն անցան լարված և անզիջում պայքարում, իսկ որոշիչ նշանակություն ունեցավ մարզուհիների հոգեբանական պատրաստականությունը։
«Կառանձնացնեմ խմբային փուլի բոլոր խաղերը, որոնք անցան դրամատիկ պայքարում, իսկ հաղթանակը նվաճեցինք ուժերի գերլարումով։ Շատ կարևոր էր, որ աղջիկները կարողանում էին փոխապահովագրել, աջակցել միմյանց։ Երբ նրանցից մեկը պարտվում էր մենախաղում, մյուսները ջանք ու եռանդ չէին խնայում իրավիճակը շտկելու համար, և դա ապահովում էր ցանկալի հաղթանակը։ Չեռնոգորիայի հավաքականի հետ առաջին տուրի մրցավեճում մենախաղերից հետո հաղթում էինք 2։0 հաշվով ու որոշեցի զուգախաղում ուժերը փորձելու հնարավորություն ընձեռել նաև Նաիրա Գևորգյանին և Արևիկ Թումանյանին։ Հաջորդ տուրերում էլ հավաքականի խաղը կառուցել էի այնպես, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը չընկնի մեր առաջատարների ուսերին։ Բոլոր խաղերում դժվարին հաղթանակներ կորզեցինք»,- ասաց հավաքականի մարզիչը։
Գայանե Մովսիսյանը գտնում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղում հայ թենիսիստուհիները չդիմացան լարվածությանը և ընկրկեցին։
«Տրիբունաները լեփ-լեցուն էին, ինչն արդեն որոշ չափով անսովոր էր մեր մարզուհիների համար։ Երկրպագուներն անդադար աջակցում էին իրենց թիմին։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Առաջին մենախաղում Իռենան երկրորդ սեթում հաղթում էր 4։1 հաշվով ու, երբ ազդարարվեց կիսադաշտերով փոխվելու անհրաժեշտության մասին, նկատեցի, որ Մուրադյանի ձեռքերը դողում էին, նա ոչ մի կերպ չի կարողանում տիրապետել իրեն։ Փորձեցի հանգստացնել, բայց նա ի վերջո զիջեց 4։6 հաշվով։ Բարեբախտաբար, հետո նա տիրապետեց իրեն և հաղթեց 6։4, 4։6, 6։0 հաշվով։ Մարինա Դավթյանը երկու սեթում 0։6 հաշվով պարտվեց բավականին փորձառու Մագդալենա Ստոլկովսկային, որը եղել է աշխարհի 168-րդ ռակետը։ Զուգախաղում Իռենը և Մարինան շատ լավ դրսևորեցին իրենց, պայքարեցին մինչև վերջ, բայց նրանց ուժերն արդեն չբավարարեց խաղը փրկելու համար»,- պատմեց գլխավոր մարզիչը։
Գայանե Մովսիսյանը գտնում է, որ թեպետ Հայաստանի հավաքականը չանցավ երկրորդ խումբ, այնուհանդերձ մարզուհիները ձեռք բերեցին թիմային խաղի անգնահատելի փորձ, որը կարող է կարևորագույն նշանակություն ունենալ Բիլի Ջին Քինգի գավաթի հաջորդ խաղարկությունների ժամանակ։
«Հատկապես մեր թիմի երիտասարդ անդամները, որոնք առաջին անգամ մասնակցեցին նման կարգի մրցաշարի, հասկացան, թե ինչ ասել է թիմային խաղ և թիմային ոգի։ Ասածս նախևառաջ վերավերում է Մարիետա Ղազարյանին և բուլղարահայ Նաիրա Գևորգյանին։ Մի խոսքով, պետք է ոչ միայն մարզական որակներով, այլ նաև հոգեբանորեն պատրաստ լինել այս մրցաշարին։ ԱՄՆ-ում են ուսանում նաև մեր մյուս առաջատարներ Գաբրիելա Հակոբյանը և Միլենա Գևորգյանը։ Եթե հաջորդ տարիներին նրանք էլ միանան հավաքականին, ապա, ինչու ոչ, կարող ենք հավակնել ավելի բարձր արդյունքի»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
İlk yorum yapan siz olun