İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին 

Եկեղեցական տոնացույցում Հիսուս Քրիստոսի Հարությանը հաջորդում է հիսնօրյա շրջան՝ Մեծ Պահքի շրջանից հետո եկեղեցու վերակենդանացումը, հոգևոր գարունը խորհրդանշող։ Այս մասին են վկայում նաև գույների անուններով բնորոշվող կիրակիները՝ Կապույտ, Կարմիր, Կանաչ։ Գրում  է Qahana.am-ը:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին՝ Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Կանաչ կամ Աշխարհամատրան։  Այս բառը կազմված է «աշխարհ» և «մատուռ» բառերից, և կիրակին այսպես է կոչվում՝ ի հիշատակ առաքյալների կողմից Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման։ Այդ եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Քրիստոս վերջին ընթրիքը կատարեց, այնուհետև հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը․ «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը` ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ և ես նրա մեջ» (Հովհ. 6:55-57):

Առաքյալները Հիսուսի համբարձումից հետո հավաքվում էին վերնատանը և հիշում Քրիստոսի՝ Վերջին Ընթրիքի ժամանակ տված պատգամները: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում և ճաշում էին: Սա առաջին աղոթավայրն էր, որը կոչվեց Աշխարհամատուռ, այսինքն` աշխարհում առաջին մատուռ: Եվ հենց այս վերնատանն էր, որ Հարությունից հետո Քրիստոս երկու անգամ երևաց իր աշակերտներին։

Աշխարհամատրան կիրակին եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:

 Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի: Սա տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատված է լինում բնությունը գարնանը։ Անունն ունի նաև իր եկեղեցական բացատրությունը՝ բացի ժողովրդական երանգ ունենալուց։ Այս գույնը խորհրդանշում է Քրիստոսի Հարությամբ մահվանը հաղթանակը, Հարությամբ սկիզբ առած վերազարթոնքը։

Այս օրը ևս մեկ առիթ է խորհելու Եկեղեցու մասին։ Արդյո՞ք այն միայն Քրիստոսի շուրջ հավաքված մարդիկ են և, ընդհակառակը՝ արդյո՞ք Եկեղեցին շինությունն է սոսկ։ Եկեղեցին վա՞յր է միայն, թե՞ ավելին։ Խորհենք Եկեղեցում Քրիստոսի հետ մեր հանդիպումների մասին։ Խորհենք, թե ինչ ենք այնտեղ փնտրում և ինչ իրականում պիտի փնտրեինք։

https://news.am/arm/news/756293.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın