İçeriğe geçmek için "Enter"a basın

Հենց  դպրոցից սկսած կարող ենք զարգացնել տվյալների հիման վրա ձևավորվող մտածողություն․ Երվանդ Զորյանը սա համարում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ 

Նորություն չէ, որ ՏՏ ոլորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Այդ զարգացումը կարևորվում է ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաև դիտարկվում է որպես բոլոր առանցքային նշանակություն ունեցող ուղղությունների զարգացման շարժիչ ուժ։ ՏՏ ոլորտի զարգացմանը միտված հերթական լայնամասշտաբ միջոցառումը «ԴիջիԹեք-2022» համաժողովը մեկնարկեց ժամեր առաջ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «ԴիջիԹեք-2022» համաժողովը և նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը այս տարի կրում են «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 120 տեղական և միջազգային ընկերություններ, միջոցառման 3 օրերին հանդես կգան 30 խոսնակներ՝ 9 երկրից, իսկ համաժողովին, գրանցվել են ավելի քան 800 մասնակիցներ։ Տեխնոլոգիական այս կարևոր միջոցառման մասնակիցների թվում են ՏՏ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, թե Հայաստանից, թե արտերկրից, նրանց թվում է նաև Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, Synopsys Armenia ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը։    

Կայացած պանելային քննարկմանը, Զորյանը ներկայացրեց Synopsys ընկերության դերը և դիրքավորումը գլոբալ կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում․ «Synopsys-ն ամբողջ աշխարհին մատակարարում է  խելացի, անվտանգ և ապահով սարքերի ստեղծման համար անհրաժեշտ չիպերի նախագծման ծրագրային ապահովումը, ինչպես նաև  տրամադրում է մտավոր սեփականության բլոկներ, որոնք օգտագործվում են խելացի սարքերի  ստեղծման համար»։ 

Խոսելով ներկա ժամանակաշրջանի ամենամեծ մարտահրավերի և ընկերության կողմից դրան դիմակայելու մասին՝ Զորյանը նշեց․ «Մենք  ցանկացած մարտահրավեր դիտարկում ենք որպես հնարավորություն  և այդ լույսի ներքո մենք շարունակաբար և հաստատակամորեն կիրառում ենք նորարարություններ ՝ ամեն ծագող հիմնախնդրի լուծման համար»։  

Zarkerak.am-ը Երվանդ Զորյանի հետ ունեցել է զրույց՝ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման  հեռանկարի, այդ ուղղությամբ տարվող քայլերի, ունեցած ներուժի ու սպասվող ծրագրերի մասին։  

Երվանդ Զորյան

2022-ին՝ Starmus VI փառատոն, Գլոբալ ինովացիոն 4-րդ ֆորում․ 2023-ին «ԴիջիԹեք» համաժողով․ ի՞նչ կարևորություն ունեն Հայաստանի համար նման  միջոցառումները, ինչ ունենք վերցնելու 

«Այս միջոցառումները ՀՀ-ի  համար կարևոր են, քանի որ մեր երկրում ՏՏ ոլորտում  աշխատողների համար մեծ հնարավորություն են  միջազգային  մասնագետների հետ շփման,  նոր կապեր հաստատելու, փորձը փոխանակելու առումով։ Ուզում եմ շեշտել նաև,որ այդ միջոցառումների ընթացքում ՀՀ եկած հայտնի մասնագետներն ու գիտնականները  ևս անհրաժեշտություն ունեն մեր  երկրին ծանոթանալու և, իհարկե, շատ լավ է, որ իմանան մեր հնարավորությունների մասին»,- ասում է Երվանդ Զորյանը։

Հիմա Հայաստանում ՏՏ ոլորտն ինքնին բավական առաջընթաց ունի և անկախ նման միջոցառումներից  ունի առաջխաղացման և աշխարհի հետ համընթաց քայլելու  մեծ հնարավորություններ․ «Ինչու՞, քանի որ այսօր ոլորտը  այնքան կապված է աշխարհի հետ, որ  ՏՏ ոլորտի յուրաքանչյուր տվյալ, նորություն, ոլորտում աշխատող անձինք արդեն համաշխարհային ցանցով կապված են միմյանց։ ՀՀ-ում աշխատող մասնագետները, ՏՏ ոլորտում ներգրավված անձինք  արդեն իսկ  միջազգային ցանցի մեջ են   և իրենց ամենօրյա աշխատանքում կապված են  աշխարհին։Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներկա ժամանակում գլոբալ աշխարհը վիրտուալ շփումների մեծ հնարավորություններ է տալիս և շատ հաճախ միջոցառումների կազմակերպմանը նաև հաջողությամբ փոխարինում են վիրտուալ հանդիպումները»։ 

Արհեստական բանականության զարգացումը կարևորվում է․ Synopsys Armenia-ն ևս այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունի․ այն կարող է լինել շարժիչ ուժ ոչ միայն կոմերցիոն կամ այլ ոլորտներում, այլ նաև գիտության ոլորտում   

«Իսկապես, արհեստական բանականությունը բոլորիս համար շատ կարևոր է ։Այսօր արհեստական բանականությունն օգտագործվում է ամենուր, մեր առօրյա կյանքում ևս արդեն արհեստական բանականության օգտագործման մեծ ծավալ ունենք  և  դրա օգտագործման ընթացքը պիտի շարունակվի»,- նկատում է պարոն Զորյանը և ուշադրություն հրավիրում այն հարցին, որ պետք է ոչ միայն լինել արհեստական բանականության սպառող,այլ խորապես մտածել հայաստանյան արտադրություններում արհեստական բանականության օգտագործման ներդրման մասին, իսկ սրա համար պետք է, իհարկե, գաղափարներ գեներացնել։ 

Երվանդ Զորյանի համոզմամբ, արհեստական բանականության կիրառման շուրջ պետք է մտածել նախ և առաջ այս մտածելակերպը կրտսեր սերնդի մոտ զարգացնելով և ամրապնդելով։ Նա մեր ուշադրությունն է հրավիրում 2022-ից  ՀՀ և Արցախի ավագ դպրոցների աշակերտների համար մեկնարկած  «Արհեստական բանականություն»ամբողջությամբ թվայնացված դասընթացին։ Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Synopsys Armenia -ի կրթական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնային hովտի մասնաճյուղի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների մասնագետները։

«Հենց այս նպատակով էլ մտածեցինք  արհեստական բանականության դասընթացներ ունենալ  ավագ դպրոցներում։ Հենց  դպրոցական մակարդակից սկսած կարող ենք  զարգացնել  տվյալների հիման վրա ձևավորվող մտածողություն»,-ընդգծում է Զորյանը և նշում՝ այն աշակերտները, ովքեր կծանոթանան արհեստական բանականությանը՝ վաղը կդառնան ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներ այլ իրենց գիտելիքները կօգտագործեն մեր կյանքի տարբեր բնագավառներում՝ բժշկությունից մինչև արտադրություն։ 

«Ավագ դպրոցներում ներդրվող այս ծրագիրը նախատեսված է  10,11,12-րդ դասարանների համար։ Հիմա պիլոտային ծրագիրն է ընթանում 10-րդ դասարանի համար՝ Երևանի, Գյումրիի, Արցախի մի քանի ավագ դպրոցներում, այստեղ ծրագիրը նախնական փորձարկում ենք և պետք է արդեն սեպտեմբերից  շատ ավելի մեծ մասշտաբով  տարածենք ամբողջ ՀՀ-ում և Արցախում։ 11-րդ,12-րդ դասարանների  համար ծրագիրը դեռևս չի մեկնարկել։ 11-րդ դասարանի ծրագիրն արդեն պատրաստել ենք, սակայն, դեռ չենք կիրառում դպրոցներում, իսկ 12-րդ դասարանի համար ծրագրի պատրաստման աշխատանքները դեռ  ընթացքի մեջ են»,- արհեստական բանականությունը ՀՀ-ի ու Արցախի ցանկացած անկյուն հասցնելու համար՝ Զորյանի խոսքով, ընտրել են  դասընթացների օնլայն ձևաչափը․ «Այս դասընթացների համար որպես հարթակ և մեթոդոլոգիա օգտագործել ենք Հայկական վիրտուալ համալսարանը։ Այս ձևաչափով կարողացանք ունենալ ծրագիր, որը սահմանների մեջ չէ, այլ կերպ ասած՝  տարածելի է  և անսահման,  քանի որ համացանցի օգնությամբ կարող ենք ցանկացած վայր հասնել և վիրտուալ դասեր ու դասընթացներ ունենալ»։ 

ՀՀ-ն ունի՞ կարողություններ և ռեսուրս արհեստական բանականությաան ոլորտում իր խոսքն ասելու համար, տեսանելի և շոշափելի քայլեր կա՞ն 

«Մենք ունենք ներուժ, բայց բավարար չէ։ Արհեստական բանականությունն ունի տարբեր պահանջներ, տարբեր տեսակի  մասնագետներ պետք է ներառվեն դրա ստեղծման և կիրառման գործում՝ տվյալներ ուսումնասիրողներից մինչև ծրագրավորման մասնագետներ։ Այսինքն՝ ՀՀ-ում պիտի միավորվեն տարբեր ուղղվածության մասնագետներ, որպեսզի, իրոք, արհեստական բանականության ոլորտում իրագործեն անհրաժեշտը։ Օրինակ՝ այն ինչ-որ մենք ենք սովորեցնում  արհեստական բանականության թվայնացված դասընթացների ընթացքում հենց տվյալագիտության և ծրագրավորման հմտություններ է զարգացնում»,- նշում է պարոն Զորյանը և կարևորում, որ ՏՏ ոլորտի վերաբերյալ դասընթացները պետք է էլ ավելի ինտենսիվորեն անցկացվեն համալսարաններում, քանի որ հատկապես արհեստական բանականության օգտագործման դաշտում ՀՀ-ն մասնագետների կարիք ունի․  «Հայաստանում  արդեն կան բազմաթիվ ընկերություններ, որոնք իրենց  արտադրություններում օգտագործում են արհեստական բանականությունը,  այդ թվում՝ Synopsys Armenia -ն»։  Որպես օրինակ Զորյանը բերում է արհեստական բանականության կիրառմամբ  ընկերության կողմից չիպերի դիզայնի համար մշակվող տեխնոլոգիաները, որոնցից օգտվում են ավտոմոբիլային և համակարգչային արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունները․ «Արհեստական բանականությունն օգտագործվում է, որպեսզի չիպերի աշխատանքի ընթացքն ավելի արագ լինի»։ 

ՀՀ ոլորտային գերատեսչությունների հետ պարբերական հանդիպումների ընթացքում Զորյանը տեսնու՞մ է նախաձեռնողականություն արհեստական բանականության կիրառման ծավալների և մասշտաբների մեծացման համար․ «Արհեստական բանականությունն օգտագործելու տրամադրվածությունը բավական լավ է, կարծում եմ՝ ՀՀ-ում  մեծ ընկերությունների և նաև  ստարտափների  գործունեության մեջ  արհեստական բանականության բավական մեծ ծավալի կիրառում կա  և կարծում եմ նաև, որ ժամանակի ընթացքում կիրառումն  ավելի կզարգանա»։

Արհեստական բանականություն․ փոխելով խաղի կանոնները 

Հնչող մտահոգությունները, որ արհեստական բանականության զարգացումը բերելու է աշխատատեղերի կրճատում՝ Զորյանը շտապում է հերքել․ «Իրականում՝ ես հակառակն եմ կարծում։ Արհեստական բանականության կիրառումը  նոր աշխատատեղերի ստեղծման առիթ է տալիս։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս պարզ շատ գործողություններ իրեն վստահել, ու ավելի բարդ բաներով սկսել զբաղվել, կարծում եմ՝ ամեն մեկս կարող ենք մեր աշխատանքի մեջ ավելի առաջ գնալ, եթե օգտագործենք արհեստական բանականությունը։ Եվ արհեստական բանականության ներդրմամբ ոչ թե մեր աշխատանքը կկորցնենք, այլ դրա տեսակը կփոխենք»,-Զորյանի համոզմամբ՝ պարզ գործողությունները տեխնոլոգիաներին վստահելով՝ մարդկությունը ավելի բարձր մակարդակի հարցերի շուրջ մտածելու և լուծումներ գտնելու հնարավորութուն է ստանում․ «Աշխատանքը կամ մասնագիտությունը կորցնելու վախ պետք չէ ունենալ, պարզապես մենք ինքներս մեր ներսում պիտի զարգանանք»։ 

Իսկ ամեն ինչի հիմքում գիտությունն ու կրթությունն է 

Երվանդ Զորյանին խնդրում ենք մեկնաբանել, թե ինչպե՞ս է գնահատում պետության քայլերը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ․ «Պետությունն անում է որոշ կարևոր քայլեր, բայց ավելին էլ կարող է անել՝ թե՛ քանակական,թե՛ որակական առումով։ Մասնավորապես, եթե կարող է՝ պետությունը  պետք է ՏՏ ոլորտի մասնագետներ պատրաստելու նախաձեռնություններն ավելացնի՝ սկսելով դպրոցից, հատկապես՝ ավագ դպրոցից։ Պետք է ՏՏ ոլորտով հետաքրքրվողների թիվն ավելացնի համալսարանում սովորողների շրջանում, քաջալերի նրանց, քանի որ ՏՏ  ընկերությունների մեջ նման անձանց կարիքը շատ կա»։ 

«Պետությունը կարող է մեծ դեր խաղալ ՏՏ ծրագրերն առաջ տանելու հարցում  և քաջալերելու այս ոլորտում անձանց և ընկերությունների ներգրավումը։ Պետության դերը կա  նաև ՏՏ ընկերությունների աշխատանքն ավելի հեշտացնելու գործում, խոսքը արտոնությունների տրամադրման կամ խրախուսումների մասին է», – Զորյանի համոզմամբ՝ հատկապես ՏՏ ստարտափների համար պետական աջակցությունն իրական լոկոմոտիվ կարող է դառնալ։ 

«Եթե ուզում ես ստարտափն իսկապես հաջող լինի, պետք է դրան միջազգային բնույթ տալ»,- ընդգծում է Երվանդ Զորյանը։ Նա որպես  պետության հետ համագործակցությամբ միջազգային հարթակ դուրս գալու հաջողված փորձ է դիտարկում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը․ «ՀՀ-ստարտափները տանում ենք Սիլիկոնյան հովիտ, որպեսզի դրանք լոկալ հաջողությունից հասնեն միջազգային հաջողության։ 2020-ից մինչև հիմա մի քանի խումբ ընկերությունների  պատասխանատուներ, CEO-ներ Սիլիկոնյան հովտում՝  քովիդի ընթացքում վիրտուալ ձևով, հետքովիդյան շրջանում տեղում ներկա լինելով՝ մասնակցել են  վերապատրաստումների և Հայաստան վերադառնալով  տարածել ստացած իրենց  գիտելիքներն ու փորձը»։ 

Տեխնոլոգիական ևս մեկ հասցե՝ Գյումրի․ ունեցածի և ակնկալվողի միջակայքում 

2018-ից Synopsys Armenia ընկերությունը մասնաճյուղ է բացել նաև Գյումրիում, ինչպիսի՞ն է աշխատանքների ընթացքը, հետաքրքվում ենք պարոն Զորյանից․ 

«Synopsys Armenia- ն  առաջին աշխատանքները մեկնարկեց Երևանում, բավականին մեծացանք, զարգացանք, մեր  թիմն անցավ 1000 հոգուց։ Իհարկե, կարելի էր գործունեությունը հենց Երևանի մեջ էլ շարունակել՝ ժամանակի ընթացքում էլ թիմն ավելի մեծացնել, բայց անհրաժեշտություն ունեինք այլ քաղաքների երիտասարդներին ևս հասնելու և ՏՏ ոլորտում ներգրավելու։ Կարծում եմ՝  թե՛ Synopsys Armenia-ի համար էր օգտակար Գյումրի գնալը,  թե՛ Գյումրիի համար էր օգտակար մեր այնտեղ լինելը։ Synopsys Armenia-ն Գյումրի գնալով ոչ միայն տեխնիկական աշխատանք է անում, այլ բիզնես մտածելակերպ է բերում, իր աշխատանքային ձևը,թիմով աշխատելու մշակույթն է փոխանցում»։ 

«Գյումրիում մենք փոքր թիմով սկսեցինք, հետո թիմն ընդլայնվեց։ Ընդ որում, նախքան այնտեղ մասնաճյուղ բացելը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում  2 տարի միայն համալսարանական ծրագիր սկսեցինք  և պատրաստեցինք մեր ապագա աշխատակիցներին։ 2-3 հոգով սկսեցինք, հետո դարձանք 15,30, հիմա էլ շուրջ 34 աշխատակից ունենք»։  

2023-ը՝ ՏՏ ծրագերի ու նախաձեռնությունների դիտանկյունից 

Synopsys Armenia-ն այս տարվա նախագիծ-պլանների մասին խոսելիս Երվանդ Զորյանը մի քանի հասցեական նպատակներ է թվարկում․ « Քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են  զարգանում, մեր նպատակներից մեկը, ինչպես արդեն նշեցի նոր տրանզիստորներով չիպերի արտադրության վրա կենտրոնանալն է։ Դրա համար արդեն սկսել ենք ՀՀ-ում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ այս նոր արտադրանքն ունենալու համար, որոնք կլինեն և առավել նորարար և ավելի  «առողջ» սարքեր»,- Զորյանը վստահ է, որ նման չիպերի պահանջարկ կունենան տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։ Իսկ աշխատանքների հաջող ընթացքի համար ներառված են ոչ միայն Երևանի, այլ Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները։ 

Երվանդ Զորյանը կրկին ընդգծում է՝ ինչպես անցնող տարիներին, այս տարի ևս գործունեության առանցքում են լինելու կրթական ծրագրերը՝ թե՛ համալսարաններում, թե՛ դպրոցներում․ «Պետք է մասնագետներ պատրաստել, կրթել և մարզել, միայն այս ընթացքն ապահովելով է, որ կարող ենք  հասնել ցանկալի արդյունքների։ Իսկ այս մասնագետները կարող են օգտակար լինել, ոչ միայն Synopsys Armenia-ին, այլ բազմաթիվ այլ ընկերություններին, և առհասարակ ՀՀ ՏՏ ոլորտին կարող են օգտակար լինել։  Մեր հիմնական  նպատակն է՝ Հայաստանում ստեղծել ՏՏ  էկոսիստեմը և դրա մեջ ունենալ մեր բաժինը»։

Մարիամ Մկրտչյան

https://zarkerak.am/show/52236?fbclid=IwAR0pRJ8hNj4MJg9ytlmWCAaYlmxSGZL6q_XYSz6NIHVdDSiHvZWZUE8b2FY

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın