Սոնա Ադամյան
Հարցազրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ
– Սիբիլ, այս տարի Ձեր՝ Հայաստան գալու առիթը «Երգն իմ թեւերն է» երգի շնորհանդեսն էր, որտեղ բարձրաձայնում եք մեր ազգի մաքառումներով լի պատմության մասին։ Հայրենիքի թեմատիկան վերջին տարիներին առանցքային է Ձեր երգացանկում։ Այդպե՞ս է։
– Այո, իմ նպատակն է երգերիս միջոցով խոսել, մեր պատմությունը պատմել ու նաեւ Հայաստանում նկարած տեսահոլովակներով ցույց տալ մեր հայրենիքի գեղեցկությունը: Վերջին տարիներին երգահան Հասմիկ Հախվերդյանի հետ եմ աշխատում, շատ լավ ենք զգում իրար, ուրախ եմ մեր համագործակցության համար: Երգի միջոցով արտահայտվելն ու մեր ինքնության մասին երգելն ինձ համար պատգամ դարձավ: Իմ հնարավորությունների չափով պետք է շարունակեմ այս ուղղությամբ աշխատել:
– Ձեր գրեթե բոլոր տեսահոլովակներն ունեն նաեւ բովանդակային սեղմագրեր`անգլերեն եւ թուրքերեն լեզուներով։ Հետաքրքիր է հատկապես, թե թուրքական լսարանն ինչպես է արձագանքում հայկական թեմատիկայով Ձեր երգերին։
– Ես ուզում եմ, որ անպայման թուրքերեն սեղմագրեր էլ լինեն, քանի որ միշտ եմ ասում` ես երգի միջոցով եմ խոսում, իսկ երգերս, մեծամասամբ, թեմատիկ երգեր են, եւ ինչ որ ասում եմ, կուզեմ նաեւ թուրքերի համար էլ հասկանալի լինի:
– 44-օրյա պատերազմից հետո, փաստացի, այս օրերին եւս ազգովի հայտնվել ենք պատերազմի մեջ։ Այս առումով ի՞նչ տրամադրություններ են իշխում Թուրքիայում` արդյոք սրվե՞լ են հակահայկական տրամադրությունները։
– Թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ այս սեպտեմբերի հարձակումների ժամանակ, ամեն անգամ, երբ նյութը հայերն են, արդեն սուտ տեղեկատվություն ու լուրեր կտարածվեն… միշտ մեղավորը հայերը կլինեն: Մարդիկ միամիտ են, ինչ կկարդան ու կդիտեն հեռուստացույցով, դրան կհավատան: Այդպիսի մարդկանց մեջ էլ, բնականաբար, ատելություն եւ բարկություն կլինի, չեն ուզի հավատալ ու մտածել, թե իրենց կարդացած լուրերը ճի՞շտ են, թե՞ սուտ:
– Հայերի համար, անվտանգային առումով, հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է Թուրքիայում, հատկապես որ Ադրբեջանից բացի, Թուրքիան եւս այս անգամ ընդգծված ձեւով ի ցույց դրեց իր վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի հանդեպ։
– Հավատացեք, մանկությունից ի վեր մեզ սովորեցրել են լռել, չխոսել, չարտահայտվել, վախը միշտ մեր մեջ է եղել, եթե չխոսես ու սուսուփուս մնաս, վտանգի մեջ չես հայտնվի․ այդպես են ասել: Սեպտեմբերի 13-ի հարձակումից առաջ մարդիկ խոսում էին համերաշխության, սահմանների բացվելու մասին, նույնիսկ շատերը հույսով էին լցված, ասում էին` այլեւս կրակոցներ չեն լինելու, դժբախտաբար, այդպես չեղավ… ու կրկին վերադարձանք ամենավատ ու լարված ժամանակներին:
– Որպես արվեստագետ, երգչուհի՝ անձնապես ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել ու կանգնում Թուրքիայում 2020-ից ի վեր։
– 2020-ից հետո ամեն ինչ փոխվեց, բայց մինչ դա այդպես չէր: Հիմա, եթե տեսահոլովակս գոնե մեկ անգամ ցուցադրվի հեռուստաալիքներով, արդեն ուրախ կլինեմ… որքան տարօրինակ է, չէ՞: Իսկ մինչ այդ բոլոր TV-ները, լրագրողները իրենք կկապվեին ինձ հետ, ես ոչ մի ջանք չէի թափի, բայց հիմա այդպես չէ: Երգերս երբ լսում են, շատ են հավանում, գնահատանքի խոսքեր են ասում, բայց այլեւս հեշտ բան չկա…:
– Անցած տարի հիմնեցիք նաեւ արծաթյա զարդերի ապրանքանիշ, որոնք, ինչքան գիտեմ, արտադրվում են Հայաստանում։ Ի՞նչ պլաններ կան այդ առումով։
– Այո, մեր զարդերը Հայաստանում են պատրաստվում, եւ կարող եմ ասել, որ շատ յուրահատուկ եւ գեղեցիկ զարդեր ունենք, իսկ հիմա նոր մոդելների վրա ենք աշխատում:
– Ամեն անգամ Ձեր այցից հետո ինչպե՞ս են փոխված լինում Հայաստանը, մարդիկ:
– Այս անգամ հուլիսի վերջ եկա Հայաստան ու մնացի մոտավորապես մեկուկես ամիս: Մինչ այսօր այսքան օտարերկրացիների, հատկապես ռուսների չէի տեսել Երեւանում, այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանը թիվ մեկ զբոսաշրջային երկիրն է դարձել, մարդիկ ապահով ու լավ կզգային իրենց: Բայց Հայաստանում լինելուս իմ վերջին շաբաթը տեղի ունեցավ այդ սարսափելի, անընդունելի հարձակումն Ադրբեջանի կողմից, ինչը միանգամից տեսանելի էր նաեւ փողոցներում մարդկանց դեմքերին: Հիշում եմ` առաջին անգամ` վերադարձիս ժամանակ, երբ օդանավ նստեցի, արտասվեցի ու միանգամից մտածեցի իմ հաջորդ այցելության մասին, նաեւ ի սրտե աղոթեցի, որ բոլոր փորձանքները, վտանգները հեռու մնան իմ հայրենիքից:
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
İlk yorum yapan siz olun