Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր)» աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում լեզվի կրած ազդեցությունների դրսևորումները հիշատակագիրների գրավոր խոսքում: Առանձին ուշադրություն է դարձվել նաև հիշատակարաններում գրական այլ երկերից հայտնի բառերի գործածությանը: Աշխատության մեջ առանձնացվել և քննվել են նորաստեղծ կամ նորահայտ բառերի բառակազմական կաղապարներն ու նրանց տարատեսակները:
Ուսումնասիրությունն ավարտվում է հազար երեք հարյուրից ավելի բառամիավոր պարունակող բառարանով, որում ամփոփված են ոչ միայն նորագյուտ, այլև այնպիսի բառեր կամ բառատարբերակներ, որոնք ուշագրավ են հատկապես պատմական բառագիտության տեսանկյունից:
Գրքի խմբագիրներն են պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը:
Գիրքը նախատեսված է բանասերների, ձեռագրագետների, միջնադարագետների, աղբյուրագետների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ.
https://drive.google.com/…/1ncQDl9sfIWsZwFpDKLrX2A…/view
Աղբիւր։ Մատենադարան – Matenadaran https://www.facebook.com/MashtotsMatenadaran
İlk yorum yapan siz olun