İçeriğe geçmek için "Enter"a basın

«Որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ»

Հարազատության անչափելի զգացողության բերկրանքը

Արտա Ճեպեճյան. Քուվեյթի՝ Միջին Արեւելքի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բանասիրական-մարդասիրական ֆակուլտետի դասախոս: Քսանչորս հայատառ եւ անգլերենով գրված գրքերի հեղինակ եւ խմբագիր է: Հրատարակել է 18 անգլերեն դասագիրք, որոնցով դասավանդում են նաեւ Լիբանանի, արաբական այլ երկրների դպրոցներում: Կազմել է մանկական Աստվածաշունչներ հայ մանուկների, հայ երիտասարդ ընտանիքների համար՝ հայերենով: Դրանց թարգմանիչն ինքն է:

Պրոֆեսոր հայուհին մեր զրույցն սկսեց՝ նախ ներկայացնելով բուհը.

-Համալսարանը, որպես ուսումնական հաստատություն, ունի երկու քոլեջ՝ ճարտարագիտական եւ բիզնեսի: Սովորողների թիվը շուրջ 12 հազարի սահմաններում է, որոնց հիմնական մասը քուվեյթցիներ են, կան նաեւ Լիբանանից:

-Խոսենք Ձեր մասնագիտության, հայագիտական ուսումնասիրությունների, լեզվապահպանական խնդիրների, հայապահպան գործունեության մասին:

-Ինչպես գիտեք, արեւմտահայերենը վտանգված է: Հայերենով իմ կազմած Աստվածաշունչն արված է այն նպատակով, որ մեր երեխաները դրանք իրենց մայրենիով կարդան եւ չմոռանան մեսրոպյան ոսկեղենիկը: Ասեմ, որ իմ գիտական թեզը պաշտպանել եմ՝ ուսումնասիրելով լիբանանահայոց, մասնավորապես ՝ Բեյրութի հայության մայրենիի իմացության վիճակը: Մինչ իմ այս ձեռնարկումը նման բան չէր արվել եղեռնից ի վեր: Իմ հարցախույզն արել եմ 18-85 տարեկան հայերի շրջանում՝ ուսումնասիրելով նրանց կենսակերպը, կենցաղը, հայերենի իմացության մակարդակը, մայրենիի օգտագործման շրջանակները, շփումները միմյանց հետ, հայկական դպրոցներում սովորած-չսովորած լինելը, ցանկությունները՝ դրան տիրապետելու: Բանն այն է, որ լեզուն միայն լեզու չէ, դրանում կա մշակույթ, քաղաքականություն, երաժշտություն, կերպարվեստ, կրոն, հավատք: Լեզվի կորստյան հետ այս բոլորը կմահանան: Ի դեպ, աշխարհում գոյություն է ունեցել 12 հազար լեզու, այսօր դրանցից մնացել է 6000-ը: Հարյուր տարի անց կմնա 3000-ը: Լեզուների վերացման պատճառները բազմաթիվ են ու բազմազան՝ եղեռն, ձուլում այլ հանրույթների հետ, կործանարար արհավիրքներ, մահաբեր երաշտ եւ այլն: Մեզ ամենից շատ մտահոգում է մշակութային ձուլումը: Դրսում օտար լեզուներ իմանալն անհրաժեշտ է՝ առօրյա շփումներն են պարտադրում դրան, բայց ընտանիքի ներսում մայրենին գործածելը պարտադիր է, որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ: Ես, լինելով մայրենիի պահպանման ջատագով, տիրապետում եմ անգլերենին, արաբերենին, խոսում եմ նաեւ ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն: Եվ սրանք բնավ չեն խանգարում իմ՝ հայերենի իմացությանը: Իմ տղաները երեք տարեկանից խոսում էին նույնքան լեզուներով, բայց առաջնայինը մեսրոպյանն էր: Հիմա էլ նրանք շատ լավ եւ գրում, եւ կարդում են հայերեն: Հիշում եմ՝ տղաս սովորում էր Հռեփսիմյանց վարժարանում: Ֆրանսերենս աշխուժացնելու համար մի օր ֆրանսերենով ասացի նրան, որ մեկ-մեկ հետս այդ լեզվով խոսի: Եվ ինչ ասաց. «Մամ, չեմ զգար, որ դուն իմ մամաս ես…»: Հիմա մեկն ապրում է Լոնդոնում, մյուսը՝ Ամստերդամում, եւ մեր բոլոր հեռախոսային գրություններն ու զրույցները մաքուր հայերենով են:

-Տիկին Արտա, համալսարանում դասախոսող միակ հայուհին Դու՞ք եք, այո՞: 

-Բուհի նախապատրաստական բաժնում կան խառն ամուսնությամբ եւս երեք հայեր: Նրանցից մեկը՝ Արմեն Բաղդասարյանը, Մոսկվայից է. նա, դժբախտաբար, հայերեն չգիտե: Հայ ուսանողներ չունենք, թեեւ Քուվեյթում շուրջ3500-4000 հայություն է ապրում: Դասախոսների մեջ քուվեյթցիներ չկան, եղածները հարյուր ազգ են ներկայացնում: Բոլորս դասավանդում ենք անգլերենով: Ի դեպ, ուրախությամբ նշեմ, որ Քուվեյթում կա հայկական դպրոց՝ շուրջ 300 աշակերտով:

-Իսկ Դուք կարողանո՞ւմ եք ինչ-որ կերպ, թեկուզ բուհական միջավայրում, օտարազգի Ձեր գործընկերներին ծանոթացնել մեր ազգային ինքնությանը, հայոց պատմությանը, Հայաստանի ներկային:

-Իհարկե: Համալսարանում հաճախ են կազմակերպվում մշակութային օրեր՝ փոխադարձաբար միմյանց լավ ճանաչելու համար: Անգամ ազգային խոհանոցն ենք ներկայացնում: Ավելին ասեմ. վերջերս ուսումնասիրեցի նաեւ քուվեյթահայության նիստուկացը, զբաղմունքը, հայերենի իմացությունը, ազգային նկարագիրը: Այդ ամենը հրատարակելու նպատակիս բուհական գործընկերներս, ղեկավարությունը ուրախությամբ արձագանքեցին: Ինչպես ինձ՝ իրենցը, նրանց էլ մերն է հետաքրքրում:

-Ձուլման ամենամեծ վտանգը, իմ կարծիքով, խառն ամուսնություններն են: Ինչպե՞ս է հայության վիճակն այս առումով:

-Քուվեյթում 125 ազգություն է ապրում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ազգային դպրոցը, իր եկեղեցին, մշակութային ոլորտները: Սա վերաբերում է նաեւ հայ համայնքին, որ բոլորված է դպրոցի եւ եկեղեցու շուրջը: Իսկ ամուսնությունները միմիայն իրենց արյունակիցների հետ են: Բոլոր ազգերի պարագայում է այդպես: Լիբանանում, որտեղ ապրել եմ, ցավոք, վաղուց այդպես չէ: Այս առումով լուրջ անելիքներ ունենք եւ մենք, եւ հայաստանյան մասնագետները: Ես իմ կարողությունների սահմաններում անում եմ հնարավորը:

-Սիրելի Արտա, չէի՞ք ուզի խոսել Ձեր արմատների մասին:

-Ես ծնվել եմ Հալեպում: Հայրս Քիլիսայից այնտեղ էր եկել փոքր հասակում, հայերեն չի իմացել, խոսել է թուրքերեն: Նա միշտ նեղվում էր, որ հնարավորություն չի ունեցել հայկական դպրոց հաճախելու՝ ի տարբերություն իր կրտսեր եղբայրների: Բայց հայերեն չիմանալով հանդերձ՝ մեզ բոլորիս որպես լիարժեք հայ դաստիարակեց ու մեծացրեց: Ես ամաչում էի ասել բարեկամներիս, որ տանը թուրքերեն ենք խոսում: Իսկ մայրս այնքան թունդ հայ էր, որ հորս համար հայկական թերթեր էր կարդում:

Ասեմ, որ ամուսնուս աշխատանքի բերումով ապրել եւ աշխատել եմ Կիպրոսում: 2014 թվականին տեղափոխվել ենք Քուվեյթ, որտեղ եւ ապրում ենք այսօր:

-Չեմ կարող շրջանցել Հայոց մեծ եղեռնին վերաբերող հարցս. արդյոք կարողանո՞ւմ եք նշել Ապրիլի 24-ը եւ ինչպե՞ս…

-Այո, իհարկե, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, Քուվեյթում եւս նշում ենք մեր սգո համազգային օրը: Հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը նախաձեռնում են օրվան վերաբերող միջոցառումներ՝ դասախոսություններ տեղի ունեցածի թեմաներով, երաժշտական-մշակութային երեկոներ: Այդ օրը նաեւ հյուրեր ենք ունենում: Պետությունը ոչ մի բանով չի խոչընդոտում փոքրամասնությունների ցանկացած ձեռնարկումին:

-Եվ իմ վերջին հարցը՝ որպես սփյուռքահայի՝ Ձեր երազանքի մասին…

-Գեղեցիկ հարց տվեցիք. աշակերտներս հաճախ են հարցնում, թե որտեղ կուզեի ապրել: Եվ ես ասում եմ՝ ծնվել եմ Հալեպում, մեծացել Լիբանանում, տեղափոխվել եմ Կիպրոս եւ հիմա ապրում եմ Քուվեյթում: Տուն ունեմ Լիբանանում, տուն ունեմ Կիպրոսում: Եվ մենք՝ ամուսիններով, այն զգացողությունն ենք ունենում, որ թափառականներ ենք՝ ո՞րն է մեր իսկական տունը, որտե՞ղ կարող է լինել այն… Մինչդեռ հայրենիք գալուց հարազատության անչափելի զգացողություն ենք ունենում՝ մենք այստեղ օտարներ չենք, ինչպես դրսում: Տղաս հաճախ է խոսում Հայաստանում հաստատվելու իր ցանկության մասին: Աղջկաս սիրտը նույնպես շատ տաք է հայրենիքի հանդեպ: Մտքներիս կա մի տուն էլ այստեղ ունենալ… Ապրենք՝ տեսնենք: Մեզ համար Հայաստանը ոչ միայն հայրենիք, այլ նաեւ մայրենիք է, որին կարոտում է յուրաքանչյուր սփյուռքահայ…

Հակոբ Սրապյան

https://hhpress.am/culture/2022/12921/?fbclid=IwAR1G6DehNvhS7s48yKWjg3Qo7CQNYhbrp6zEpul80NQg8xX3s8gcUk_9HvQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın