Շատ լավ է, որ Հայաստանն ու Թուրքիան խոսում են միմյանց հետ, քանի այս երկրները հարեւաններ են, եւ չես կարող ընտրել քո հարեւաններին, այլ պետք է ուղիներ գտնեսնրանց համար՝ դրա հետ կապված բոլոր խնդիրներով հանդերձ, «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման հերթական թողարկմանը նման կանխատեսում է արել թուրք հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի ղեկավար Թաներ Աքչամը։
«Միջազգային հարաբերություններում, ողջ աշխարհում նույնիսկ թշնամի պետությունները միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Այնպես որ, ես բազմաթիվ հանգամանքներից ելնելով լիովին կողմ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Բայց արդյո՞ք սա կարող ենք հարաբերությունների կարգավորում անվանել, այլ հարց է։ Ես կողմ եմ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ սահմանը բացվի, որովհետեւ դա հարաբերությունների կարգավորման համար կարեւոր նախապայման է»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք կան սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ռեալ հնարավորություններ, ինչն անհրաժեշտ նախադրյալ կլինի հարաբերությունները կարգավորելու համար, Թաներ Աքչամն ասել է, որ հարցը մի քանի մակարդակում է պետք դիտարկել։
«Ես Հրանտ Դինքի ուղով եմ շարժվում, եւ ինձ համար ամենակարեւորն այն է, որ զարգացվեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները, սա շատ կարեւոր է մեզ համար։ Սահմանների փակ լինելն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ժողովուրդների քայքայված հարաբերությունների համար հիմնական փորձություններից է։ Այդ պատճառով, կարծում եմ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կօգնի այս հարցում։ Կարեւոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կարողանան ուղիղ խոսել իրար հետ եւ տարբեր հարցեր քննարկել։ Արդյո՞ք դա կօգնի հարաբերությունների կարգավորման հարցում, արդեն այլ հարց է»,– նշեց նա։
Պատմաբանի խոսքով՝ հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Ադրբեջանի ստվերում են հայտնվել։ Նա հիշեցրեց, որ հենց Թուրքիան էր իսկզբանե հրաժարվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, «Ադրբեջանն էլԹուրքիային պատանդ է վերցրել, որպեսզի վերջինը չկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»։
«Թուրքիայում տարբեր կառավարություններ են եղել, որոնցից որոշներին ձեռնտու է եղել Ադրբեջանի այդ քաղաքականությունը, որովհետեւ հենց իրենք չեն ցանկացել որեւէ պարագայում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որոշ կառավարություններ էլ տնտեսական կամ եսասիրական շահերից ելնելով Ադրբեջանի ուղով են գնացել։ Արդյո՞ք այս գործընթացը կնպաստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը՝ սպասենք, տեսնենք, այդքան էլ վստահ չեմ։ Ես միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ չեմ, բայց այս հարցին պետք է ուշադրություն դարձնել։ Ժողովուրդներին իրար մոտեցնելուն, կապեր ստեղծելուն եւ կողմերի միջեւ հարաբերությունները զարգացնելուն ես լիովին կողմ եմ»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահն իրոք ուզում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բարենպաստ միջավայր ստեղծել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հարաբերությունները բարելավելու համար, Թաներ Աքչամն ասաց, որ որքան էլ վատը լինեն Թուրքիայի նախագահի նպատակները, միջազգային հարաբերություններում հարցին այլ տեսանկյունից է պետք նայել։ Նրա խոսքով՝ երբեք չես կարող իմանալ այդ նպատակները, բայց կարող ես կռահել պայմանները։
«Ահա այստեղ եմ ես տեսնում այն շարժառիթները, որոնք կարող ենք ընկած լինել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Թուրքիայի նպատակների հիմքում։ Առաջինը՝ տնտեսական շահն է։ Թուրքիան տնտեսապես շատ հզոր երկիր է՝ այո, հիմա լուրջ տնտեսական խնդիրներ կան, բայց Թուրքիան բավական հզոր երկիր է։ Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարաբերությունները կարգավորելու դեպքում տնտեսապես Թուրքիան շատ բան կշահի, որովհետեւ եթե բանակցությունները դրական ավարտ ունենան, ուղիղ կապ կստանա Հայաստանի, Ադրբեջանի, նաեւ՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, հասանելիություն կստանա նաեւ երկաթուղային ուղիներին եւ այլն։ Սա տնտեսական մեծ օգուտ կլինի Թուրքիայի համար, եւ սա հնարավոր չէր դառնում Ադրբեջանի պատճառով»,– ասաց նա։
Թաներ Աքչամի խոսքով՝ Թուրքիան ուզում է տարածաշրջանային տերություն դառնալ, այնպես, ինչպես մնացած մյուս բոլոր մեծ պետություններն իրենց տարածաշրջաններում են ուզում դրան հասնել։ Եվ եթե Թուրքիան ցանկանում է դրան հասնել, ապա հենց իր շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը։ Պատմաբանը նաև նշեց, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի առաջ քաշած հիմնական կամ միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր, եւ հիմա դիսկուրսի, գաղափարախոսական տեսանկյունից Թուրքիան այլեւս որեւէ այլ հիմնավորում չունի։
«Պատերազմ է եղել, Ադրբեջանը հաղթել է այն, եւ Հայաստանը, գործնականում, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հիմնական մասը, եւ միակ հիմնավորումը, որը Թուրքիան առաջ էր քաշում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, այլեւս այն չկա, բարեբախտաբար թե դժբախտաբար՝ այդ հարցը պատերազմի դաշտում է լուծվել։ Հետեւաբար, Թուրքիան այլեւս այլ նախապայման չունի, եւ դա է, իմ կարծիքով, նաեւ պատճառը, որ Թուրքիայի համար ձեռնտու է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Ես հավատում եմ, որ նրանք լուրջ են տրամադրված, բայց թուրքական կողմի այդ լրջությունը մեծապես կախված է Ադրբեջանի քաղաքականությունից։ Հայերը մեր՝ միջազգային դիտորդների համեմատ, բնականաբար, շատ ավելի լավ գիտեն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի կայունացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նրանք դեռեւս էթնիկ զտումներ իրականացնելու երկարաժամկետ քաղաքականություն են վարում»,– ասաց նա։
Պատմաբանը նշեց, որ հայտնի չէ, թե Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների համար Թուրքիայի առջեւ էլ ինչ նախապայմաններ կարող է դնել։ «Այստեղ բավական փխրուն իրավիճակ է, չեմ կարող ավելին ասել, բայց ցանկանում եմ նորից շեշտել՝ Ադրբեջանի ստվերն այժմ կա բանակցություններում, այլ շարունակելու է լինել։ Քանի որ Ադրբեջանը, կարծես, Թուրքիայի համար կանաչ լույս է վառել հիմա այս հարցում, պետք է իսկապես օգտվել սրանից այնքան, որքան հնարավոր է»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով հարցին, թե հայ հասարակությունում կա մտահոգություն առ այն, թե ինչպես է հնարավոր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե 2020-ին Թուրքիան հստակ աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված արյունալի պատերազմում, Թաներ Աքչամն ասաց, որ այդ մտահոգություններըարդարացված են և հնարավոր չէ առարկել դրանց դեմ եւ ասել, որ Թուրքիայի կողմից նման քայլեր չեն եղել․ դրանք փաստեր են, դրանք որպես իրականություն պետք է ընդունել։
«Հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է ավելի լավ հարաբերությունների հասնել, եթե սահմանը փակ մնա, բոլոր կապերը խզված լինեն, կամ սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն եւ երկկողմ հարաբերությունների ցանկացած այլ տեսակ օգտագործելով հասնել առնվազն Թուրքիայի ներքին քաղաքականության որոշ փոփոխությունների։ Ես հասկանում եմ այդ մտահոգությունները, դրանք հիմնավոր են, որովհետեւ Թուրքիան, իրոք, ագրեսիվ քաղաքականություն է վարում, եւ ոչ միայն Հայաստանի հանդեպ՝ տեսեք, թե ինչ քաղաքականություն է Թուրքիան վարում Սիրիայի քրդերի դեմ եւ, ընդհանրապես, Սիրիայի դեմ, սրանք, իրոք, կարեւոր խնդիրներ են։ Այս մոտեցումը հնարավոր է փոխել կամ առնվազն կա դա փոխելու հնարավորություն, եթե կողմերի միջեւ երկկողմ հարաբերություններ կան»,– ասաց նա։
İlk yorum yapan siz olun