İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է՝ սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունեն եկեղեցին, դպրոցները, կրոնն ու Աստվածաշունչը:

«Արմենպրես պոդքաստի» շրջանակում Ճեպեճյանը պատմել է Ծոցի հայկական համայնքներում ընկերության ծավալած հայապահպանական գործունեության, Միացյալ աստվածաշնչային ընկերության նպատակների, գլխավոր առաքելության,  իր հեղինակած «Սփյուռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ» գրքի և Հայաստան-սփյուռք կապերի մասին:

Նրա խոսքով՝ Ծոցի արաբական երկրներում 160 տարբեր ազգությունների մարդիկ են ապրում, ներառյալ հայերը: Ճեպեճյանը հիշեցնում է, որ այդ երկրներում հայկական գաղութն սկսել է ձևավորվել 1960-ականներից ու շեշտում, որ որքան էլ ապրես Ծոցի երկրներում, քաղաքացիություն չես կարող ստանալ, կարող ես մնալ, քանի դեռ աշխատանքային արտոնություն ունես:

«Քուվեյթում ունենք 3000-ի հասնող հայկական համայնք, մեկ եկեղեցի և դպրոց:  Միացյալ Էմիրություններում երկու հայկական եկեղեցի կա. մեկը Աբու Դաբիում, իսկ մյուսը՝ Շարժայում, իսկ վարժարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, հայկական մշակույթ ենք սովորեցնում: Բահրեյնում շատ փոքրաթիվ է հայկական գաղութը, Կատարում հայերը ևս շատ չեն, Օմանում՝ քիչ են: Բոլոր գաղութներում սովորեցնում են հայոց լեզու»,-տեղեկացնում է Ճեպեճյանը:

Նա նշում է, որ հայապահպանությունն այդ երկրներում փորձում են կազմակերպել եկեղեցու միջոցով, քանի որ եկեղեցին համախմբում է գաղութը: «Իսլամական երկրներում քրիստոնյաները հյուր են. չկա բացարձակ ազատություն, բայց եկեղեցական կառույցներում իրականացվում են ծեսեր, արարողություններ, ու կյանքը կենտրոնանում է եկեղեցու, դպրոցի շուրջ:  Կազմակերպվում են Հայաստանին վերաբերող բազմաթիվ միջոցառումներ»,-պատմում է նա:

Միացյալ աստվածաշնչային ընկերությունը գործում է 200 երկրում՝ ներառյալ Հայաստանը: Գլխավոր նպատակն Աստվածաշունչը թարգմանելը, հրատարակելն ու տարածելն է: Ընկերությունը համագործակցում է բոլոր եկեղեցիների հետ՝ անկախ համայնքային պատկանելիությունից:

«Մենք իրականացնում ենք «Աստվածաշնչի հանձնառություն» ծրագիրը: Հաճախ Աստվածաշունչը մնում է  գրադարակներում, բայց կարևոր է, որ մարդիկ այն կարդան, հասկանան ու յուրացնեն: Երբ կարդում ես Աստվածաշունչը, լեզուն, մշակույթը քաղաքականությունն ու պատմությունը, ազդում են ընկալման վրա: Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որպեսզի քաջալերենք մարդկանց կարդալ իրենց մայրենիով ու հասկանալ  նշանակությունը»,-ընդգծում է Հրայր Ճեպեճյանը:

Խոսելով «Սփյուռքահայ  կեանքեր, ինչպէս որ տեսայ» գրքի  մասին՝ նա ասում է, որ  շատ է ճամփորդում աշխարհի տարբեր երկրներում, սակայն միշտ հիշում է, որ հայ է ու փորձում է ծանոթանալ տվյալ երկրների հայերի հետ, հաղորդակցվում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ցանկանում եմ տեսնել, թե նրանց համար ինչ է նշանակում հայ լինել, ինչպես են մոտենում իրենց ինքնությանը, որոնք են նրանց մարտահրավերները: Այդ բոլոր հանդիպումները վերածվել են հոդվածների, ներառվել են հայկական մամուլում, այնուհետև տեղ գտել իմ գրքում»,-պատմում է հեղինակը:

Նա կարծում է, որ սփյուռքը շատ բարդ է, գունավոր է: «Մեր ցանկությամբ չենք սփյուռք դարձել. պարտադրված իրականություն է: Իմ ընտրությամբ չեմ ծնվել Բեյրութում: Հայրս  մեկ տարեկան է եղել, երբ տեղահանվել են, եկել Հալեպ, հետո՝ Բեյրութ: Ես լիբանանահայ եմ, մյուսը՝ ֆրանսահայ և այդպես շարունակ: Այդ իրավիճակում ի՞նչ է նշանակում հայ լինել: Դա եմ փորձում բացահայտել»,-շեշտում է Ճեպեճյանը:

Նա 1991 թվականից է սկսել իրականում ճանաչել Հայաստանը, երբ այստեղ է եկել հատուկ առաքելությամբ:  «Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո ենք մուտք գործել այս տարածաշրջան՝ այստեղ աստվածաշնչային ընկերություններ հիմնելու համար: Լեզվական հիմնախնդիր կար: Այստեղ խոսում էի հայերեն, բայց  տարբեր մտածելակերպների պատճառով դժվարությամբ էինք հասկանում միմյանց: Տարիների ընթացքում առավել ամրապնդվել է կապն ու կամուրջներ են գցվել»,-ասում է Ճեպեճյանը:

Ըստ նրա՝ այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում բացեր կան, սակայն պետք է անել հնարավորը՝ բացերը լրացնելու, կրկին միմյանց ճանաչելու և աշխատելու համար:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Ձայնային ռեժիսոր՝ Տաթևիկ Զաքարյան

https://armenpress.am/arm/news/1088052.html?fbclid=IwAR2tYGorgtgOLqn5bJGVUHHEHVs4kzEHj-1vp7gmnVmyPMS9K-cEOAm8Pcg

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın