İçeriğe geçmek için "Enter"a basın

Վասակ Սյունի եւ Վարդան Մամիկոնյան. այն, ինչ չեն գրում դասագրքերում 

Լիլիթ Ավագյան

Ավարայրի ճակատամարտը  մեր պատմության ամենանափառավոր էջերից մեկն է համարվում: Դպրոցական դասագրքերում, բանավոր պատումներում առանցքային միտքը սա է. «Ըստ Եղիշեի, եւ մասամբ՝ ըստ Ղազարի (Փարպեցի-Լ.Ա.), Վարդանը եւ նրա զինակիցները, որոնք ընկել են մարտում, հավիտենական փառաց եւ հիշատակաց արժանի սուրբ նահատակներ են: Հակառակ կուսակցությունը` Վասակը եւ նրա համախոհները, դավաճաններ եւ նողկալի երդմնազանցներ են: Փառասիրությունից եւ անձնական շահագրգռություններից դրդված` նրանք տեղի են տվել պարսիկների թելադրանքին, ըստ Եղիշեի, նույնիսկ ընդունել են պարսից կրոնը եւ գլխավոր մեղավորները հանդիսացել երկրի բոլոր աղետների համար» (Նիկողայոս Ադոնց, Երկեր, Պատմագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատարակչություն, հատոր Ա, 2006 , Երեւան, էջ 181):

«Մեսրոպի կենսագիր Կորյունը խիստ համակրանքով է խոսում Վասակի անձնավորության մասին: Կասկած է առաջանում պատմիչների դատողությունների ճշմարտացիության մասին, ուստի հարկ է առավել բանական հիմքեր փնտրել Վասակի գործողություններում» (Ն. Ադոնց, նույն տեղում):

Կորյունը Վասակի մասին հիշատակում է՝ որպես Մեսրոպ Մաշտոցի աշակերտի ու աջակցի, հայոց գիրը տարածողի. «Յորում ժամանակի պարգեւեալ յԱստուծոյ՝ հասանէր ի գլուխ իշխանութեանն Սիւնեաց՝ քաջն Սիսական Վասակ, այդ խորհրդական եւ հանճարեղ եւ յառաջիմաց, շնորհատուր իմաստութեամբ Աստծոյ: Բազում ինչ նպաստութիւն ցուցանէր աւետարանագործ վարդապետութեան, իբրեւ որդւոյ առ հայր (խոսքը Մաշտոցի մասին է- Լ.Ա.) հպատակութիւն ցուցեալ եւ ծառայեալ Աւետարանին վայելչութեան մինչ ի վախճան զհրամայելսն ի գործ բերէր»:  

«Այդ շարժումը (Վարդանանց պատերազմը-Լ.Ա.) շատ պարզ եւ որոշակի սկզբնավորություն, զարգացում եւ վախճան է ունեցել, որոնք եւ ամենայն մանրամասնությամբ արձանագրված են ժամանակակիցների եւ ականատեսների ձեռքով: Բայց երեւույթի խորհրդավորությունը հենց այն բանի մեջ է, որ իրերի ընթացքն՝ իրականության մեջ այնպես չի տեղի ունեցել, ինչպես նա ներկայացվում է գրավոր հիշատակարանների մեջ»: (Լեո, Հայոց պատմության, հատոր 2, էջ 47, Երեւան, 1967 թ. ):

Տարիներ առաջ «Վէմ» ռադիոկայանով փորձեցի հաղորդում պատրաստել այս թեմայով: Դիմեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամենաճանաչված պատմաբաններին: Նրանք հրաժարվեցին այս թեմայով զրուցել՝ նկատելով, թե իրենց ասելիքը կտարբերվի ընդունված տեսակետից, եւ որ հասարակությունը պատրաստ չէ լսել դա:

Քաղաքական գործիչներին, պատմական դեմքերին «դավաճան» կամ «սուրբ» դասելու առումով մեր քաղաքական միտքը այսօր էլ հիշեցնում է հեռավոր 5-րդ դարը: Պատմական իրադարձությունները այսօր էլ առասպելներ են հիշեցնում, որտեղ կա երկու կողմ՝ սրբեր եւ «դեւեր», «սեւեր» եւ «սպիտակներ»:  

Եվ այսպես…

387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Սասանյան Պարսկաստանի (80 %) եւ Հռոմեական կայսրության միջեւ (20 %):  428 թվականին, հայ նախարարները դիմում են պարսից արքունիքին՝ իրավազրկել հայոց արքային եւ Հայաստանը վերածել մարզպանության։ Ինչը եւ տեղի ունեցավ:

441-ից 451 թվականը Հայաստանի՝ պարսկական տիրապետության տակ գտնվող մասի մարզպանը Վասակ Սյունին էր: Այդ շրջանում Հայաստանի՝ բյուզանդական մասի կառավարիչը Վասակ Մամիկոնյանն էր:

«Մարզպանական շրջանին, մանավանդ քրիստոնյա մարզպանի օրով, Եկեղեցին ալ, նախարարներու նման, դժգոհութեան պատճառ մը չունէր: Եկեղեցականներ հարկերէ զերծ էին, եկեղեցվոյ եկամտի աղբիւրները անվթար կը շարունակէին, հայ ժողովրդի դատաստանական գործերը, ըստ առաջնոյն, կը մնային առանձնաշնորհը եկեղեցականներուն: Կրօնական հալածանք չկար Պարսկահայաստանի մէջ: Իսկ հայ տառերու գիւտով անարգել զարգացող հայ եկեղեցական մշակոյթը գիտակից հաւատացեալներու բազմութիւն մը կը ստեղծեր, որ բոլորովին տարբեր էր չորրորդ Դարու ծանծաղ հաւատքով մակերեսային քրիստոնեաներէն եւ որը եկեղեցիի համար բարոյական յոյժ մեծ զորավիգ էր» («Մարզպանը եւ Սպարապետը», Հրանդ Ք. Արմեն, Լոս Անճելըս, Քալիֆ., գլուխ ԺԴ,  1952թ.):

«150 տարի էր անցել քրիստոնեական կրոնի ընդունելու օրվանից, արդեն այդ կրոնը խոր արմատ էր գցել ժողովրդական մասսաների մեջ եւ դարձել էր կյանքի գլխավոր իմաստը: Ուստի երբ պարսիկների կողմից կտրական կերպով կրոնափոխության պահանջ դրվեց, ամբողջ պարսկահայաստանը վրդովված, անխտիր ոտքի ելավ իր կրոնի պաշտպանության համար: Կրոնի պաշտպանության մեջ անխտիր բոլորը իրար հետ համաձայն էին, բայց, իհարկե, ուրիշ բան է կրավորական, պասիվ ձեւով պաշտպանվել եւ բոլորովին այլ բան է զենքով, բացարձակ ապստամբությամբ պաշտպանվել: Վերջին միջոցը լավ է միայն այն դեպքում, հաջողության ՝ գոնե հեռավոր շանսեր կան իրականության մեջ: Մարզպան Վասակը եւ իր համախոհ բազմաթիվ նախարարներն ու իշխաններն ընտրել էին պասիվ հակառակությունը, որովհետեւ բացարձակ ապստամբության համար հայերը բավականաչափ ույժ չունեին» («Մշակ», 1914 թ.,  N 37):Եղիշե, «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին», 1569 թվական (Մատենադարան)Եղիշե, «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին», 1569 թվական (Մատենադարան)

«Եթե մի կողմ նետելու լինենք վարքագրական տեսակետը, որով Եղիշեն եւ Ղազարը դիտում են իրերը եւ շարադրանքից հեռացնենք կուսակցական եւ Վասակի նկատմամբ թշնամական ոգին, ապա իրադարձությունը մեզ կներկայանա այլ լույսի ներքո: Հայոց իշխանները, առավել եւս երկրի կառավարիչ Վասակը, օժտված էին քաղաքական խոհեմությամբ եւ քաջ գիտակցում էին, որ իրենց համար անհնարին է ուժերը չափել հզորագույն միապետության հետ» (Նիկողայոս Ադոնց, նույն տեղում):

Հազկերտի նամակին (որտեղ  հայ ժողովրդին առաջարկվում էր ընդունել զրադաշտականությունը) մերժում ստանալով` պարսից արքան իր մոտ է կանչում հայոց, վրաց եւ աղվան նախարարներին: Տիզբոնում «իշխաններու մէջ ամենէն աւելի կրօնական խոր կրթութիւն ստացած՝ Վարդան Մամիկոնեան, ինքն իր անձի համար խօսելով՝ կրկնեց, յայտնելով, թէ ինք սիրով եւ յօժարութեամբ պիտի շարունակէր ծառայել Թագավորին (խոսքը պարսից թագավորի մասին է- Լ.Ա. )՝ ինչքով, ստացուածքով եւ կեանքով, ինչպէս անցեալի մէջ ըրած էր անտրտունջ, բայց իր հաւատքը չէր կրնար փոխել: Վաթսուներկու տարեկան Մամիկոնեան Իշխանին խօսքերը անհնազանդութեան համազօր էին: Թագավորի տրամադրութիւնը փոխուեցավ: Սպառնաց անհնազանդները աքսորել հեռաւոր վայրեր, իսկ իրենց բոլոր ընտանիքը կորուստի մատնել: …Ամմիանոս Մարկելինոս պատմիչը կը յիշէ պարսիկներու այն խիստ օրէնքը, որու տրամադրութեան համաձայն, մեկ անձի յանցանքին համար իր բոլոր ընտանիքը կը պատժուէր» (Հրանդ Ք. Արմեն, նույն տեղում):

«Վարդան Մամիկոնյանը նախարարակն կազմի մեջ աչքի ընկնող բացառություններից մեկն էր կազմում՝ իբրեւ լավ գրագետ, ուսում առած մարդ: Նա շատ լավ ծանոթ էր եկեղեցական գրականության, առավելապես, իհարկե, ս. Գրքին, եւ նրան շատ անգամ կարելի էր տեսնել ս. Գրքի վկայություններով դատողի եւ ղեկավարվողի, մինչեւ իսկ քարոզություն անողի դերում: Այս կողմից նա Սահակ Պարթեեւի արժանավոր եւ գիտակից ժառանգն էր (Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթեւի դուստր Սահականույշի ավագ որդին է-Լ.Ա.): Նրան եկեղեցական գրողները ներկայացնում են իբրեւ հավատքի համար նահատակվելու եւ երկնային փառքը ժառանգելու մեծ տենչանքով լցված մի անձնավորություն եւ հենց այս անզուսպ ձգտումով էլ բացատրում են նրա գործած ճակատագրական սխալները» (Լեո, նույն տեղում, էջ 59-60):

Տիզբոնում նախարարները ժամանակ են խնդրում մտածելու: Խորհրդակցում են եւ ընդունում որոշում՝ առերես ընդունել կրոնափոխության առաջարկը:

«Անհրաժեշտ էր, որ յուրաքանչյուր նախարար վերադառնա իր տունը: Եվ այս ոչ թե որեւէ դիմադրություն կազմակերպելու համար: Ապստամբության մասին նախարարները չէին էլ մտածում: Եթե ամեն մեկը կարողանա իր երկրում ապրել` պահելով քրիստոնեությունը, այդ կլինի լավագույն ելքը, բայց եթե այդ անհնարին կլինի, այն ժամանակ ամեն մեկը կվերցնի իր ընտանիքը եւ կերթա օտար աշխարհ: Այս առաջին հայտնի օրինակն է, որ հայը վտանգի առջեւ իր տկարությունը նկատելով, ընդգրկում էր գաղթելու գաղափարը, որ հետագա դարերում այնքան ընդարձակ չափերով արտահայտվեց, դառնալով հայության համար մի տեսակ հավիտենական վիճակ, մի տեսակ «թափառական հրեայի» ճակատագիր» (Հրանդ Է. Արմեն, նույն տեղում):

«Իշխաններու որոշումը մեծ խանդավառութիւն ստեղծեց պարսից արքունիքի մէջ: …Հակառակ ընդհանուր ուրախութեան՝ Յազկերտ, Աշուշա Բդեշխը եւ Մարզպան Վասակ Սյունիի երկու որդիները՝ Բաբիկ եւ Ատրներսեհ, պատանդ պահեց արքունիքի մեջ: …Շատ տարիներ առաջ (11-12 տարեկանում: Վասակը, ըստ պատմաբանների՝ ծնվել է 387 թ.-ի-Լ.Ա. ) Վասակ ինքն ալ պատանդ եղած էր այս միեւնոյն արքունիքի մէջ» (Հրանդ Ք. Արմեն, նուն տեղում):

Ըատ Փարպեցու՝ նախարարների՝ Հայաստան վերադառնալուց հետո «ոչ ոք չէր համաձայնում ուրացողների հետ սեղան նստել՝ ո՜չ կին, ո՜չ որդի, ո՜չ ազատ, ո՜չ ծառայ ոք եւ ո՜չ սպասաւորք»:  

Տիզբոնից վերադառնալուց հետո «Վարդան Մամիկոնյանը վերցնում է իր եւ իր եղբայրների ընտանիքները  եւ ճանապարհվում է դեպի Հունական Հայաստան: Այդ մի փախուստ էր: Սպարապետն ի կատար էր ածում այն վճիռը, որ կայացրել էին նախարարները Պարսկաստանում: Այս քայլով Մամիկոնյան տոհմը վճռում էր հոժարակամ հրաժարվել իր դիրքից եւ նշանակությունից, իր խոշոր հարստությունից՝ օտարության մեջ հանգիստ գտնելու համար:

Լսելով Մամիկոնյանների փախուստը, Վասակ մարզպանը եռանդուն միջոցներ է ձեռք առնում նրանց համոզելու համար, որ ետ դառնան: Այս նպատակով մի  ամբողջ պատգամավորություն է ուղարկում Վարդանի մոտ, որ կանգ էր առել Բասենի սահմանում» (Լեո, նույն տեղում):

Նամակի բովանդակությունն այսպես է պատմում պատգամավորներից մեկը` Արշավիր Արշարունին (Կամսարականը). «Ինչո՞ւ ես փախել,-գրում է Վասակը,- կամ ի՞նչն է քո վախը, որից երկյուղ ես կրում: Այս մասին ոչինչ չես հայտնել: Արդ` մի՛ փախիր եւ ոչ ոքից մի վախեցիր, որովհետեւ եթե արյաց տիրողից եւ նրա ուժից ես զարհուրել, մի՛ վախիր, ետ դարձիր: Մենք նամակ կգրենք կայսրին (խոսքը Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսրի մասին է- Լ.Ա.) եւ մեր անձերը նրա ծառայության կնվիրենք: …Նա ուրախությամբ կընդունի եւ մեզ զորք կտա, եւ մենք միաբանված այդ զորքի հետ՝ շատ դժվարություններ կպատճառենք արյաց տիրոջը եւ արյաց ազգին: …Այն միջոցին, երբ նույնիսկ Մամիկոնյան տան գլուխն էր լքել երկիրը, փախչում էր պարսիկների ահից,- ըստ Արշավիր Կամսարականի,- Վասակ մարզպանն էր միայն, որ խոսեց այրական ձայնով եւ ցույց տվեց, թե ինչ պիտի անի երկիրը Սասանյան ահի առաջ ինքն իրեն պաշտպանելու համար» (Լեոն հղում է արել Ղազար Փարպեցուն):

«Վասակը դեսպանություն հղեց Թեոդոսիոս կայսեր մոտ, որի հետ հայերը մեծ հույսեր էին կապում: Այդ բոլորի մասին տեղեկացնում են Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Վասակ Մամիկոնյանին, ինչպես նաեւ Անտիոքի ստրատեգոս Անատոլիոսին եւ խնդրում նրանց աջակցությունը: Սուրհանդակներ ուղարկեցին նաեւ հայկական հարավային նահանգներ`Աղձնիք, Անգեղտուն եւ Ծոփք, որոնք այն ժամանակ իրենցից ներկայացնում էին Բյուզանդիայի հովանու տակ գտնվող ինքնավար սատրապություններ: Կոչեր հղեցին Իբերիաեւ Աղվանք, եւ, վերջապես, բանակցությունների մեջ մտան հոների թագավոր Հեռանի եւ ուրիշ լեռնականների հետ: Վասակը եւ նախարարները սպասում էին դեսպանների վերադարձին: Մինչ այդ, հոգեւորականությունը եռանդով հրահրում էր ժողովրդի կրքերը: Ամբոխը տեղի տվեց նրանց բոցաշունչ քարոզների ազդեցությանը, եւ սկիզբ առան թշնամական գործողություններ, ցույցեր ու բախումներ» (Ադոնց, նույն տեղում):

«Վասակը բոլոր իր ույժով աշխատում էր, որ երկրում ընդհանուր ապստամբութիւն չը բարձրանա. այդ պատճառով էլ նա աշխատեց վերադարձնել Վարդանին, որ նրա միջոցով կարողանա ազդել հայ կղերի վրա, որոնք գրգռում էին թե՜ իշխաններին, թե՜ ժողովրդին («Մշակ»,  N 38, 1914 թ.)

«Այդ ճգնաժամային պահին լուր ստացվեց Թեոդոսիոսի մահվան մասին: Նրա հաջորդ Մարկիանոսը կտրականապես հրաժարվեց աջակցել հայերին: …Հանգամանքների անհաջող դասավորման հետեւանքով հայերն ընկան անելանելի դրության մեջ: Այդպիսի պայմաններում խզել կապերը պարսիկների հետ եւ նրանց բացահայտ պատերազմ հայտարարել` նշանակում էր երկիրը տանել դեպի անխուսափելի կործանում: …Վրա հասավ հուսախաբության ու տատանումների պահը: Մի մասը կանգնած էր հանուն ապստամբության եւ խորհուրդ էր տալիս շարունակել սկսված գործը` հույսը դնելով սեփական ուժերի վրա: Մյուս մասը, հասկանալով նման հանդգնության ամբողջ վտանգը, խոհեմ էին համարում կասեցնել հետագա գործողությունները եւ կոծկել գործը: Առաջին կուսակցության գլուխ կանգնած էին Մամիկոնյաններն ու Արծրունիները, իսկ երկրորդի` մարզպան Վասակն ու Բագրատունիները: Հաշտություն չկայացավ: Տեսակետների անհամաձայնությունը շուտով վերաճեց փոխադարձ թշնամության» (Լեո, նույն տեղում):«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու

«Սարսափելի էր Վասակի դրությունը: Նախ` նշանակում էր իր երկու որդիների կորուստը, իր սեփական երկրի`Սյունիքի կորուստը եւ ընդհանուր հայրենիքի` Հայաստանի կորուստը» («Մշակ», 1914, N 39):

Շուտով հարկ եղավ պարսից զորքի դեմ կռվող աղվաններին օգնության գնալ, եւ Վասակը` որպես մարզպան, հանձնարարեց Վարդան Մամիկոնյանին` իր զորախմբով, մեկնել Աղվանք: Այդպիսով՝ հեռացրեց Հայաստանից: «Վարդանը Աղվանք գնալուց առաջ պահանջ դրեց, որ գրավոր կերպով հունաց կայսրին եւ Հունաստանի բոլոր հույն եւ հայ նախարարներին ու իշխաններին դիմում արվի օգնության համար: Նամակները կնքվեցին առաջին տեղը Վասակի մատանիով, որոնք հետո ապացույցներ ծառայեցին նրա դատապարտության համար: 

Վարդանի` Աղվանք գնալուց հետո Վասակը երկրում մնում է իր համախոհ նախարարներով, «որոնք արդեն հնարավորություն ունեցան ապստամբության հակառակ պատրաստություններ տեսնել: Եվ որպեսզի վերջնականապես կարողանան կասեցնել ապստամբությունը, հավաքեցին Մամիկոնյանների, Կամսարականների եւ այլ ուխտապահ նախարարների որդիներին, տարան Սյունիք եւ այնտեղից ուղարկեցին Պարսկաստան`իբրեւ պատանդ: Վասակը նաեւ բանտարկեց այն հոգեւորականներին, որոնք ապստամբություն էին գրգռում: Այս գործողություններից հետո երկիրը բաժանվեց երկու թշնամական բանակների: …Անգթություններ էին կատարում ոչ միայն Վասակի կողմնակիցները, այլեւ Վարդանի» («Մշակ», 1914, N 39):

«Եթե Վարդանանց շարժումը մի հեղափոխություն էր, Վասակը նրա դեմ առաջ էր բերում հակահեղափոխություն` գործելով պարսից կառավարության հետ սերտորեն» (Լեո, նույն տեղում):

«Սակայն մարզպանը միայն պատժիչ գործողություններ չձեռնարկեց: Նա դիմեց Հազկերտին, ներկայացրեց երկրում տիրող դժգոհ մթնոլորտը, նկատեց, որ եթե ապստամբություն բարձրանա, առեւտուրն ու հողամշակությունն այնքան կտուժեն, որ կնվազեն Պարսկաստանին տրվող հարկերը: Եվ, որ այս աղետը կանխելու համար պարսից թագավորը պետք է հայերից ետ առնի կրոնափոխ լինելու պահանջն ու ազատ արձակի Տիզբոնից հայ նախարարների հետ Հայաստան եկած մոգերի եւ պարսիկ պաշտոնյաների վրա հարձակվածներին: Արքայից արքան Վասակի առաջարկն ընդունում է: Հայաստանում հայտարարվում է, որ քրիստոնեությունն այլեւս չի արգելվում`պայմանով, որ ապստամբություն չլինի» («Մշակ»):

Սակայն հոգեւորականներն ու ուխտապահները Վասակին չէին վստահում: Ըստ Լեոյի` Հազկերտի` կրոնափոխություն չպարտադրող որոշումը թուլություն եւ լքում մտցրեց հայկական ապստամբության շարքերի մեջ, բայց չկանգնեցրեց շարժումը. «Եվ պարսից կառավարությանը ոչինչ չէր մնում, բայց թե ավելի ընդարձակ պատերազմական գործողությունների վրա հենվել»:«Ավարայրի ճակատամարտը», Էդվարդ Իսաբեկյան«Ավարայրի ճակատամարտը», Էդվարդ Իսաբեկյան

«451թ. Ավարայրի ճակատամարտում հայերի հաղթանակն անհնարին չէր լինի, եթե դաշնակիցներ ունենար,- գրում է Լեոն: -Հայ գործիչների կրոնակցական հանգամանքն այնքան հիմնավոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հավատում էին, թե կրոնակից Արեւմուտքը երբեք չի թողնի, որ ահավոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թույլ Հայաստանը: Այս նախապաշարմունքը մեծամեծ աղետներ է պատճառել հայ ազգին, եւ այժմ էլ, Վարդանի օրով, կրկնվում էր նույն սխալը»: Թե՛ Եղիշեն, թե՛ Փարպեցին գրում են, որ Վարդանանք ոչ մի հույս չունեին հաղթելու. «Նրանց ոգեւորում էր նահատակվելու ցանկությունը»: Սակայն Լեոն գրում է. «Եթե լոկ նահատակվելը լիներ ընդհանուր ցանկությունը, այն ժամանակ կարիք էլ չէր մնա պատերազմի պատրաստվելու, զորք ու բանակ կազմակերպելու համար»:

Ուժերի անհավասարությունը չափազանց ակներեւ էր ի սկզբանե, «եւ մի խումբ հայ ոգորողներին իսկապե՛ս կարելի է համարել անձնազոհներ, որոնք վճռել էին մեռնել»: Ըստ «Մշակ»-ի՝ «Անհավասար կռվում ընկավ քաջ ու անձնվեր, առաքինի Վարդանն` իր նույնքան քաջ ու անձնվեր ընկերակից իշխաններով. քանդվեց, կործանվեց երկիրը»:

Հայոց ապստամբների դատավարությունը տեղի ունեցավ Տիզբոնում. դատում էր անձամբ Հազկերտը: «Կալանավոր ապստամբ առաջնորդները գրեթէ անտարբեր իրենց սպասող պատժին, վճռած էին վրէժխնդիր ըլլալ Սիւնեաց Իշխաէն» (Հրանդ Ք. Արմեն):

Մեղադրվում էին 8 քահանա եւ 31 նախարար:

Լեո. «Հազկերտը հարց է տալիս մեղադրվող հայ նախարարներին. «Ի՞նչ համարձակությամբ, ի՞նչ պատրանքով կամ օգնականության ի՞նչ ուժ տեսնելով` դուք դիմեցիք այդ ահավոր գործին, որի մեջ տեսնում էիք ձեր անձանց եւ աշխարհի կորուստը, ինչպես որ եղավ իրո՛ք, եւ դուք տեսաք»: Նախարարները շատ խղճուկ դիրք են բռնում»: Եվ այդ ժամանակ Արշավիր Կամսարականը ցույց է տալիս այն նամակները, որոնք ստորագրել էր Վասակը` կնքված սեփական մատանիով եւ ուղղված Վրաստանի, Աղվանքի եւ հունաց հայ իշխաններին` պարսիկների դեմ օգնության խնդրանքով: Հայ նախարարները ողջ մեղքը դնում են Վասակ Սյունու վրա, ասում, որ նա՛ է ապստամբության արմատներում, որ նա՛ ետ դարձրեց Վարդան Մամիկոնյանին փախուստից, նա՛ նամակ գրեց Թեոդոս կայսրին եւ այլն: Թեեւ այդ դատի ժամանակ բացատրություններ է տվել նաեւ Վասակ Սյունին, սակայն «նրան թշնամի պատմագիրները»`Եղիշեն եւ Փարպեցին, այդ բացատրություններից ոչ մի խոսք չեն փոխանցում մեզ: Հազկերտի դատարանը մահվան է դատապարտում ապստամբներին: Չեն խնայում եւ Վասակին: Նրանից խլում են բոլոր պատվանշանները, մեծամեծ տուգանքներ են դնում վրան: Ըստ Եղիշեի՝  Վասակն այն վիճակում էր, որ նրա համար ծառաները հաց էին մուրում: «Այդպես էլ Վասակը մնաց Պարսկաստանում, արքունի դրանը, մինչեւ որ մեռավ 68 տարեկան հասակում, ինչպես ենթադրվում է, 455 թվականին (Լեո, նույն տեղում):

«Այդ դատապարտությունը ցույց է տալիս, որ Վասակը ոչ ուրացող էր, ոչ մատնիչ եւ ոչ էլ հայրենիքի ու ազգի դավաճան, հակառակ դեպքում նա պարսիկներից պիտի վարձատրվեր, այլ ոչ այնքան անողորմ ու չարաչար կերպով պատժվեր:…Շատ պարզ է, որ եթե Վասակը դատապարտվել է իբրեւ անհավատարիմ պարսից շահին, ապա նրան դժվար է դատապարտել իբրեւ անհավատարիմ եւ հայոց շահին («Մշակ», 1914, N 40):

«Ըստ Ղազարի՝ Վասակը միչեւ կյանքի վերջը մնաց քրիստոնյա» (Ադոնց, նույն տեղում):

1914 թվականին գրված «Մշակ»-ի հոդվածն այսպես է եզրափակվում. «Թվում է, թե մեզ ՝ արդի հայերիս, շատ էլ դժվար չպիտի լինի հասկանալ այն ժամանակի հոգեբանությունը. մի՞թե մեր այսօրվա կուսակցություններն էլ մասամբ միեւնույն անկուլտուր եղանակով չեն պայքարում իրար հետ՝ հակառակորդներին դավաճան, մատնիչ եւ նման խոսքերով որակելով»:

https://mediamax.am/am/news/pahoc/47535/?fbclid=IwAR0vGuXPhlLy1Co2hRq0xJ11Ja1dxSGCVM52-eXLSujCWfmNZ075cXvJN20

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın