İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատերազմից հետո Ստեփանակերտի «Թումո»-ն նոր շունչ կստանա

Կարինե Տերտերյան 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ամեն բան անելու է Ստեփանակերտի «Թումո»-ում աշխուժությունը կրկին վերադարձնելու ուղղությամբ։ Արցախը երեք նոր «Թումո տուփ» կունենա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Կենտրոնի տնօրենը պատմեց, որ մինչև պատերազմը Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը ուներ մոտ 1000 ուսանող։ Այժմ նրանց թիվը մոտ 600-ի է հասնում։

«Երեք տուփ ենք ավելացնում Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում։ Յուրաքանչյուր «Թումո տուփ» հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Կապ ենք ստեղծում «Թումո տուփ»ի ու կենտրոնի միջև։ Այդպիսով, հավանաբար մեր առաջվա թվին կհասնենք՝ 1000 ուսանող կամ ավելի»,- նշեց Մարի Լու Փափազյանը։ 

Վերջինս բացատրեց «Թումո տուփ»-ի` փոքր կամ խտացված «Թումո»-ի  գործունեությունը՝ առանձնացնելով, որ ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում գտնվող տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոն կամ միանում են դրանց առցանց. Կենտրոնն ապահովում է «Թումո» հասնելու համար նախատեսված փոխադրամիջոցը։

Փափազյանը նշեց, որ «տուփը» երիտասարդներին, իրենց աշխատանքը կատարելիս, սեփական բնակավայրից չհեռանալու հնարավորություն է տալիս։ Որպեսզի ուսանողներին հեշտ լինի դպրոցից «տուփ» գնալ, դրանք տեղադրվում են ուսումնական հաստատության մոտ։ Նաև մտածում են՝ ինչպես օգտագործել «տուփի» առավելագույն հնարավորությունները ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ, ուսուցիչների վերապատրաստման համար։ 

«Մեծահասակների համար ևս լինելու են ծրագրեր։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Արցախում շաբաթը մեկ-երկու անգամ դասընթացներ անցկացվեն նաև մեծահասակների համար, նույնիսկ լինեն կապեր դրսի համալսարանների և ծրագրերի հետ»,- նշեց Մարի Լու Փափազյանը։

Որպեսզի Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի աշխուժությունը վերադառնա կազմակերպում են բաց և անվճար կինոդիտումներ։ Ընդունում են ոչ միայն կենտրոնի ուսանողներին, այլև հյուրերի։ 

«Ճանաչելով Արցախը, ճանաչելով այնտեղի մեր երիտասարդներին՝ վստահ եմ, որ նախկին ակտիվությունը կվերականգնվի։ Ուսանողներն այնտեղ միշտ շատ ակտիվ և ուժեղ են եղել, հետաքրքրված են եղել «Թումո»-ով։ Վստահ եմ, որ աշխուժությունը կվերականգնվի ու ուսանողների թիվը նախկինի համեմատ նույնիսկ կաճի»,- վստահեցրեց Մարի Լու Փափազյանը։

Կենտրոնի շենքը պատերազմի ընթացքում չի վնասվել։ Աշխատում են էլեկտրականությունն ու  ինտերնետն ապահովել։ Մտածում են գեներատոր տեղադրել կենտրոնը մշտական ինտերնետ կապով և լուսավորությամբ ապահովելու համար։ Նա խոսեց նաև իրական կորուստների մասին․

«Ստեփանակերտում ամենամեծ կորուստներն ենք կրել, բայց մենք մեր երիտասարդներին միշտ հիշելու ենք։ Իրենց ներդրումը մեր պաշտպանության գործում մեզ ավելի է մոտիվացնում, վստահ ենք դառնում մեր գործերում։ Ինչքան էլ, որ ցավում ենք, ինչքան էլ, որ մեզ խոցել են կորուստները, այնուամենայնիվ, այն մեզ տալիս է ուժ և վստահություն, որ մենք շարունակենք և ոչ մի վայրկյան հետ չկանգնենք մեր ծրագրերից»,- ընդգծեց նա։ 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում` ԱՄՆ-ում. Գերմանիայի այլ քաղաքներում և Պորտուգալիայում։

2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի` «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։

Առաջին Թումո կենտրոնը բացվել է Երևանում օգոստոսի 14-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը համերգով է հանդես եկել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ Երևանյան կենտրոնը նաև հանդիսանում է որպես ընկերության գլխամասը։ Կենտրոնի նախաձեռնությունը Սիմոնյան կրթական հիմնադրամինն ու դրա ղեկավարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններինն է։

https://armenpress.am/arm/news/1074400.html?fbclid=IwAR1qQoA5Q_jz58DtI-llu1C9yGXy2s7oqG0wFpbx35SNIG2DO-PPFTO0K_s

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın