İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. Փաշինյան

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը պարտադիր չէ, որ ենթադրում է Սահմանադրության փոփոխություն և վերադարձ կառավարման կիսանախագահական ձևին։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կանցկացնի գործող Սահմանադրության աուդիտ եւ կամփոփի անցած չորս տարիների արդյունքները:
«Ամենեւին էլ փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք ձևավորում ենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ամենևին չի նշանակում, որ նրա գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ինչու է ստեղծվում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը։ Մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո անցկացնել մեր գործող Սահմանադրության աուդիտ, տեսնել, թե ինչ հնարավորություններ կան այն բարելավելու համար, թե մենք պետք է փոփոխություններ կատարենք օրենսդրության մեջ՝ Սահմանադրության աուդիտի արդյունքում»,-ասել է Փաշինյանը։
Ընդ որում, վարչապետն անձամբ կարծում է, որ պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը։ «Իմ անձնական համոզմունքն այն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ փաստարկներ կային. կային շատ մարդիկ, ուժեր, որոնք ինձ համոզում էին գնալ սահմանադրական փոփոխությունների, անցնել կիսանախագահական կամ նախագահական համակարգի։ Հասկանալի էր, որ 2018-ից հետո՝ նման փոփոխություններից հետո, մեծ էր հավանականությունը, որ փոփոխությունները կընդունվեին, և մեծ էր հավանականությունը, որ դրանից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում։ Բայց ես դեմ էի՝ ասելով, որ սա նոր համակարգ է, Սահմանադրության մեջ անընդհատ փոփոխություններ կատարելը լավ չէ», — ասաց նա։
Նաև պարզ օրինակով բացատրեց Սահմանադրության աուդիտի անցկացման կարևորությունը. «Օրինակ, Սահմանադրության մեջ գրված է, որ նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Բայց խորհրդարանի կանոնակարգը խոսում է այն մասին, որ 7-օրյա ժամկետում նախագահը կարող է հետ կանչել իր դիմումը»։
Փաշինյանը նաեւ նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը մտածել է, որ պատերազմում անհաջողության պատճառ կարող էր լինել կառավարման ձեւը, բայց «ընտրությունների միջոցով ճգնաժամը հաղթահարելուց հետո հասկացել է, որ կառավարման այլ ձեւի դեպքում ճգնաժամը կարող էր ավելի խորանալ»: «Այնպես որ, ես մնում եմ այն կարծիքին, որ մենք չպետք է փոխենք կառավարման ձևը։ Բայց քանի որ թեման կա, մենք այն պետք է քննարկենք», – հավելել է վարչապետը։


https://verelq.am/hy/node/102210?fbclid=IwAR3roTH1tbGljKpwPi6cg2mX5Osu2hqGX61J8hDSS4peLXynkZqOYVWFQDk

Yorumlar kapatıldı.