Նոյեմբերի 19-ին՝ երջանկահիշատակ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի մահվան տարելիցին, հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արք. Ադամյանի կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Այնուհետեւ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմի» կենսագրական գրքի շնորհանդեսը:
Սույն աշխատությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Սեպուհ Սրբազանի կյանքն ու գործունեությունը՝ մանկությունը, ուսումնառության շրջանը, վարդապետական, եպիսկոպոսական ողջ նվիրյալ ընթացքը, որպես թեմակալ առաջնորդ Գուգարաց թեմում ունեցած մեծ ավանդը և հիշատակության արժանի անմահ գործերը:
Արարողություններին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանը, Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արք. Աջապահյանը, Գուգարաց թեմի հոգևոր հայրերը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանը, Սեպուհ Սրբազանի ընտանիքի անդամները, հարազատները, մտերիմները, մտավորականներ, դասախոսներ և բազմաթիվ հավատացյալներ:
Շնորհանդեսի սկզբում ներկայացվեց Սեպուհ Սրբազանի մասին պատմող փոքր ֆիլմ, այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս. Հակոբյանը՝ շնորհակալության խոսք ուղղելով այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ունցել նշված գրքի ստեղծման և տպագրման գործում՝ մասնավորապես գրքի հեղինակին, խմբագիրներին, տպագրության մեկենաս Արմեն Մխոյանին։
Այնուհետև գրքի խմբագիր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հանգամանորեն ներկայացրեց գրքի ստեղծման և տպագրման պատմությունը, բովանդակությունը և իր շնորհակալական խոսքն ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել և ավարտին են հասցրել աշխատությունը։
Շնորհանդեսն ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արք. Աջապահյանի օրհնության խոսքով։
Երաժշտական կատարումներով հանդես եկավ Վանաձորի կամերային երգչախումբը։
Աղբիւր։ Գուգարացթեմ / Gougark Diocese https://www.facebook.com/gugaractem/ Գուգարաց թեմ / Gougark Diocese
İlk yorum yapan siz olun