İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է. Ստամբուլում ոգեկոչել են պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան 3-րդ տարելիցը

Հոկտեմբերի 17-ին՝ պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան երրորդ տարելիցի հոգեհանգստյան արարողությանը, Շիշլիի Ազգային գերեզմանատանն էին հավաքվել վարպետի ընտանիքի անդամները, մտերիմները, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներն ու Գյուլերի արվեստի ինչպես հայ, այնպես էլ այլազգի երկրպագուները։ Ավելին՝ խունկ ու աղոթքի, անձրևի ու կարոտի մեջ Արա Գյուլերի շիրմաքարի խոսուն հայացքով նկարն ասես հիշեցնում էր նրա խոսքերը․ «Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է»։

Գյուլերի գերեզմանը՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում

Պոլսո Հայոց պատրիարք արք․ Սահակ Մաշալյանը ներկաներին ուղղված իր ելույթում անդրադարձավ Արա Գյուլերի՝ «Ստամբուլի աչքի» թողած մնայուն հետքին՝ նշելով, որ նա իր իննսունամյա կյանքը պսակեց հաջող գործունեությամբ՝ արժանանալով մեծ գնահատանքի թե՛ Թուրքիայում և թե՛ արտասահմանում, ինչը նաև մեծ պատիվ է հայ համայնքի համար։

Գերեզմանատանը տեսադաշտից չեն վրիպում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի անուններով ծաղկեպսակները, որոնք ինքնին պատմում են Թուրքիայում Գյուլերի համբավի ու հեղինակության մասին։

Հիշեցնենք, որ աշխարհում շատերն առաջին անգամ Գյուլերի օբյեկտիվի միջոցով են տեսել Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալասին, Յասեր Արաֆաթին։ ««Թայմ»-ի մեջ Արաֆաթի առաջին պատկերն իմն է»,- ասում էր Գյուլերը,- «Ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր՝ ռեպորտաժ անում»:

Նա նկարել է Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Ինդիրա Գանդիին, Ալֆրեդ Հիչքոքին, Մայր Թերեզային, Արամ Խաչատրյանին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին։ Նրա թողած հսկայական ժառանգության կողքին առանձնանում են ստամբուլյան պատկերները, որոնք վարպետի լուսանկարչության գոհարն են և մինչ օրս ցուցադրվում են աշխարհի չորս կողմերում՝ լավագույնս ներկայացնելով Ստամբուլի իրական պատկերը։ Եվ պատահական չէ, որ նրան անվանում են «Ստամբուլի աչք», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան»։

Պոլսահայ գործարար, Գյուլերի մտերիմ ընկեր Տայք Միրիջանյանը ակնածանքով է հիշում իր և վարպետի անցած ուղին․ «Արա Գյուլերի հետ վաղուց էինք ծանոթ, սակայն վերջին տաս տարիներին ավելի մտերմացանք։ Այդ մտերմության սկիզբը դրվեց Ստամբուլի՝ ինձ պատկանող «Ճաշ» ռեստորանում, որտեղ հաճախ էր այցելում նա։ Նա տեսակով տարբեր էր, մարդկանց հետ շփման հարցում սահմաններ էր պահում, սակայն մեր բարեկամությունը այդ սահմաններից դուրս էր՝ մշակութային անցուդարձից՝ մինչև կյանք կարող էինք միմյանց հետ կիսվել։ Նա ինձ լավ հասկացավ. ես նրան հետ ճամփա դուրս չեկա որևէ սպասելիքով․ մենք պարզապես միասին էինք կյանքի ճանապարհին։

2013 թվականին վարպետի հետ եկանք Հայաստան ինչպես ճամփորդելու, այնպես էլ իրականություն դարձնելու նրա վաղեմի երազանքը՝ լուսանկարների ցուցահանդեսը հայրենիքում։ Այն ժամանակ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի կարգադրությամբ Ազգային պատկերասրահում կազմակերպվեց Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը, որից հետո Հայաստանին նվիրեցինք Գյուլեր ստորագրությամբ 160 լուսանկարի բնօրինակներ: Իսկ նախագահն ու վարչապետը խոստացել էին, որ Հայաստանում կբացեն Գյուլերի թանգարանը, որն այդպես էլ իրականություն չդարձավ և խորապես տխրեցրեց լուսանկարչին»։

Տայք Միրիջանյանը և Արա Գյուլերը

– Պարոն Տայք, իսկ ինչպե՞ս ստեղծվեց Արա Գյուլերի անկյունը՝ «ՃաշԱԿ»-ը Երևանում։

– Երբ Արա Գյուլերը մահացավ, ես որոշեցի ամեն գնով իրականացնել նրա երազանքը՝ Երևանի սրտում ստեղծելով մի փոքրիկ անկյուն՝ իր լուսանկարներով։ Հայաստանում հանդիպեցի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ՝ խնդրելով, որ եթե թանգարանը իրականություն չպիտի դառնա, ինձ վերադարձնեն Արա Գյուլերի ստորագրությամբ 25-30 լուսանկար, այսինքն՝ ԱԿ (Արա Կյուլեր) անունով, որ բացեմ ռեստորան-թանգարանը․ ահա այսպես Ճաշին միացավ ԱԿ-ը՝ դառնալով «ՃաշԱԿ»։

«ՃաշԱկ» ռեստորանը ստամբուլյան շնչով ու Արա Գյուլերի լուսանկարների ցուցասրահով մի գողտրիկ անկյուն է մայրաքաղաքում, որտեղ մի կողմից համեղ խոհանոցն է պատմում Պոլիսի մասին, մյուս կողմից՝ Արա Գյուլերի խոսուն լուսանկարները։ Մտավորականները, անշուշտ, տեղյակ են Գյուլերի արվեստին, սակայն կան նաև անծանոթները, որոնց ուզում եմ հաղորդակից դարձնել Գյուլերի աշխարհին։

Արա Գյուլերը և նրա օգնականը՝ Ֆաթիհ Ասլանը Հայաստանում

Ի՞նչ էր մտածում Արա Գյուլերը հայ և թուրք ժողովուրդների երկխոսության մասին։

– Գյուլերի կարծիքով՝ խոսելը և կիսվելը շատ կարևոր է, և պետք է մշակութային առումով կիսվել, որպեսզի ավելի լավ հասկանանք միմյանց։ Ճանապարհը մեկն է՝ երկու երկրների միջև ամենակարևոր կամուրջը մշակույթն է։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

https://www.armtimes.com/hy/article/223480?fbclid=IwAR3Gx0SvPa9jZFIF49EhUA5Fc1Qgp7Z7mMB6xlRIvegOtSb-qJ79F-L5S7U

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın