İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հոկտեմբերի 6-ին և 7-ին Հռոմում տեղի կունենա Աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների միջազգային համաժողով «Մարդիկ՝ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մէջ» խորագիրով։
Հանուն խաղաղության և երկխոսության այս 35-րդ միջազգային հավաքը, որը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանավորության ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էգիդիո համայնքը, այս տարի կանդրադառնա Ֆրանցիսկոս Պապի երկու կոնդակներում «Բոլորը եղբայրներ են» (Fratelli tutti) և «Փառք քեզ» (Laudato si’), քննարկված թեմաներին:
Միջազգային համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 6 -ի հետկեսօրին՝ Հռոմի La Nuvola կոնգրեսների կենտրոնում և կշարունակվի 7-ի առավոտյան
չորս առանձին ֆորումի ձևաչափով։ Դրանք կծավալվեն հետևյալ առանցքային թեմաների շուրջ․ «Մյուսների վերհայտաբերում», «Ընդհանուր տան խնամք», «Հնարավո՞ր է խաղաղությունը» և «Ապագան, որը մենք ցանկանում ենք»։
Միջոձառմանը կմասնակցի նաև Հայաստանյայց Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն․Ս․Օ․Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի նախագահությամբ։ Հայաստանյայց Եկեղեցու պատվիրակության մաս կկազմեն Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը , Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ Եպս. Բաբայանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Տաթև Եպս․ Հակոբյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին Վրդ․ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազարակիր Տ․ Անանիա Աբղ․ Ծատուրյանը։
Վեհափառ Հայրապետի ելույթը նախատեսված է միջազգային հավաքի «Մյուսների վերհայտնաբերումը» խորագրով ֆորումի ժամանակ։ Վերոնշյալ ֆորումի բանախոսների շարքում կլինի նաև ամերիկահայ գիտնական, «Moderna» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Բոլոր ֆորումների ելույթներին կհետևեն քննարկումներ, որոնց կմասնակցեն աշխարհի զանազան կրոնական առաջնորդներ, հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ 40 երկրից։
Միջազգային հավաքի ծրագրի եզրափակիչ փուլը տեղի կունենա Հռոմի «Կոլիզեում» պատմական հուշարձանի դիմաց, որտեղ նախատեսված է խաղաղության համար միասնական աղոթք՝ նախագահությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի։ Միասնական աղոթքի ընթացքում կքարոզի Ամենայն Հայոց Հայրապետը։
Աղոթքի ավարտին Սրբազան Քահանայապետը, կմիանա համաշխարհային կրոնների ներկայացուցիչներին և առաջնորդներին, որոնց թվում․ «Ալ Ազար» համալսարանի Մեծ իմամ Ալ Թայեբը, Բարդուղիմեոս Ա․ Տիեզերական Պատրիարքը, եվրոպական ռաբինների ժողովի նախագահ Պինչաս Գոլդշմիդտը, ինչպես նաև բուդդայական և հինդուիստական ​​ներկայացուցիչներ, և իր պատգամով կդիմի բոլոր ներկաներին:


https://www.armenian-church.eu/միջեկեղեցական-հավաք-6-7-հոկտեմբեր

Yorumlar kapatıldı.