NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Հոկտեմբերի 1–ի առավոտյանԱրծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ կիրառեց «զգետնել» ձեւակերպումը հակառակորդի ռազմաօդային ուժերի միջոցների խոցման մասին, որը հետագայում լայն կիրառում գտավ, այդ թվում ծաղրական իմաստով։ «Նորից ԱԹՍ զգետնեցինք…»,- գրել էր նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ նշելով. «Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Անպատմելի ոգեւորություն էր տիրում: Մեզ հետ էր նաեւ լեգենդար Կոմանդոսը:Մեր ոգին անպարտելի է:Անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրել էր նա:
Հիշեցնենք, որ պատերազմից հետո գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Փաշինյանի կարգադրությամբ ռազմական գործողությունների 3-րդ օրը դադարեցվել է ԶՈւ լրահամալրումը, փոխարենը նա կամավորներով ճակատ մեկնելու կոչեր է արել։
Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ գոհունակությամբ, գրեց.«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային,եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»:
Ժամեր անց վարձկանների թեմային անդրադարձավ պաշտոնական Թեհրանը։ Իրանի ԱԳՆ խոսնակ ՍաիդԽաթիբզադեն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», ինչպես նաև Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարեց. «ԻԻՀ-ն ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»:
Լոս Անջելեսում հայերը բազմահազարանոց ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց ՝ բողոքելով Արցախի վրա այդ պետության հարձակմանդեմ: Ցուցարարները նաեւ դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը:Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ անցած գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: «ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,-ասաց նա:Խոսնակը փոխանցեցհետախուզությունից ստացած տվյալներ, ըստ որոնց՝առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նա հակառակորդի կորուստների խոշոր թվեր է ներկայացրել. «Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում: Առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային»: Նա նաեւ ասաց, որ ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը զինվորներին մարտի է ուղարկում արդեն թմրեցրած վիճակում:
Պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ճեպազրույցում հայտնեց, որ հակառակորդը մեկ օրում տվել է 130 սպանված, 260 վիրավոր, կորցրել 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 «ՏՈՍ» ծանր հրանետ, 11 տարբեր տիպի ԱԹՍ-ներ:
Երեւանում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստների գրեթե եռապատկված տվյալներ. «Հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ եւ այլն, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ: Մարտական գործողությունները շարունակվում են: Ավելի շատ կիրառվում է հրետանի»: Նա ընդգծեց, որ մեր զինված ուժերը միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր, հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն, հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին:
Ֆեյսբուքյան ակտիվություն է դրսեւորել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։Մյուս կողմից էլ, Ադրբեջանը, փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների եւվարձկանների համար՝ կրկնապատկելով իրենից եկող վտանգը թե՛ իր երկրի, թե՛ իր քաղաքացիների եւ թե՛ ողջ տարածաշրջանի համար»,- գրել էր նա:Պատերազմից հետո իր հայտնի հարցազրույցում արդեն Լ.Նազարյանը խոսում էր թշնամությունը դադարեցնելու պատերազմի արդյունքում ծագած շանսի մասին։
Ավելի կտրուկ էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը։ Հայաստանից ու Արցախից արևելք ընկած տարածքը վերածվում է Թուրքիայի ծայրագավառի և միջազգային ահաբեկիչների հերթական հենակետի մի անհասկանալի խառնուրդի»,-նշել էր նա:ՀՀ այսօրվա կասկածելի ինքնիշխանության ֆոնին այս խոսքերը խիստ լավատեսական են հնչում։
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ քննարկել ռազմաճակատում տիրող դրությունը։ Նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի և անկյունաքարայինբաղադրիչն է: Դեսպան Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը և իր ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրեց. «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը եւ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների:Մենք ասում ենք՝ Թուքիային հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք՝բանակցե՞նք Թուրքիայի հետ:Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն էլ՝ նման կործանարար շեշտադրումներով:Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի:Եթե այդ հոդվածով ուրիշ պետությանը ինչ-որ բան էիր ուզում լսեցնել, դրա համար ունես ԱԳ նախարար եւ այդ երկրում դեսպան: Կամ հատուկ կապ, վերջիվերջո»։
Դրանից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը, թերեւս, ի պատասխան հնչած քննադատության, Ֆեյսբուքում գրեց. «Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելքեւ դեպի արեւելքշարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման մասին Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին, ծայրահեղ անհանգստություն հայտնվել շարունակվող մարտերի, նաեւՍիրիայից եւԼիբիայիցզինյալներին տարածաշրջան տեղափոխելու կապակցությամբ։
Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում, ավելի ուշ նշեց Կրեմլի պաշտոնական կայքը։«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջեւ ռազմական գործողությունները։Նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- նշված էրՊուտինի, Թրամփի ու Մակրոնիհայտարարության մեջ։
Պատերազմի դադարեցման դեմ բացահայտ բողոքեց Թուրքիայի նախագահը։ Խորհրդարանում ունեցած ելույթում ԹայիփԷրդողանը անթույլատրելի համարեց Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հասնելու Մինսկի խմբի ձգտումը։Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «կշարունակի Ադրբեջանին աջակցել «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։ Նա նաեւհերթական ցինիկ հայտարարություններն արեց Հայաստանի հասցեին, նրան անվանելով հանցագործ պետություն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան ապակառուցողականեւ անպատասխանատու է համարում երրորդ կողմերի ցանկացած հայտարարություն եւ գործողություն, որոնք կարող են սրել իրավիճակն ու ապակայունացնել Անդրկովկասում իրադրությունը: «Մենք համոզված ենք՝ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր բախումների առաջին ժամերից հետեւողականորեն գործադրել է բոլոր ջանքերը՝ անհապաղ դադարեցնելու կրակն ու վերսկսելու խաղաղ գործընթացը»,-ասել է Զախարովան: Նա ասել է, որ Ռուսաստանն էլ իր սեփական տվյալներն ունի Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արեւելքիցբերված զինյալների կռվելու մասին։
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրեց, որ անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց: Հիշեցնենք, որ այս պահանջից հետո էր Փաշինյանն ուղիղ եթերում զանգահարում առաջնագիծ եւ զրուցում դիրքապահների հետ։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Թուրքիան փաստացի Նախիջեւանն Ադրբեջանից արդեն վերցրել է։ «Մեծ է հավանականությունը, որ հրադադարի հաստատումից հետո էլ թուրք զինվորականները եւզինյալները Ադրբեջանի տարածքից չեն հեռանա, իբր «եղբայրական Ադրբեջանի» անվտանգության ապահովման համար։ Իրականում փաստացի կշարունակվի Թուրքիայի կողմից Ադրբեջանի սողացող օկուպացիան»,- նշել էր նա։
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի: «Հստակ տեղեկություն ունենք, որը ցույց է տալիս, որ սիրիացի գրոհայինները լքել են Գազիանթեփում մարտի դաշտը, որպեսզի միանան Ղարաբաղում մարտական գործողություններին: Դա շատ լուրջ է: Այդ հարցը կլինի մեր գագաթնաժողովիօրակարգում»,-ասել էրՄակրոնը:Մակրոնի խոսքով՝ հարվածները, որոնք իրականացվել են Ադրբեջանի տարածքից, արդարացում չունեն, ինչի մասին ինքն ասել է ԻլհամԱլիեւին:
Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կեսօրին մոտ տեղեկացրեց, որ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: «Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են»,-նշել էր նա:
ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կանչում է Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Ըստ նրա՝ հայկական կողմը համարում է, որ անթույլատրելի է Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: «Հայկական կողմը դիվանագիտական ալիքներով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը իսրայելցի գործընկերներին», ասել էր նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումների մասին հայտնի էր վաղուց, ոչ թե պատերազմի 5-րդ օրը։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան SkyNewsArabia-ինհաստատեց, որ Թուրքիան ուղարկում է հարյուրավոր սիրիացի վարձկաններ Արցախի դեմ ագրեսիայի հարցում Ադրբեջանին օգնելու համար:«Հաղորդագրությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերին տասնյակ չվերթների մասին հարյուրավոր սիրիացի վարձկաններ տեղափոխելու համար, հաստատվել ենեւ համապատասխանում է իրականությանը»,-հայտարարել էր պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անանուն:Նա ասել էր, որ Անկարան եւ Մոսկվան կշարունակեն «ուղղակիորեն միջամտել» շարունակվող հակամարտությանը՝ սատարելով երկու կողմերին իրենց միջոցներով, «ուղարկելով վարձկաններ, զենք եւ ապահովելով հետախուզական աջակցություն»:Նրա բնութագրմամբ՝ տեղի ունեցողը «փոքր պատերազմ է լուրջ հետեւանքներով»:
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ճեպազրույցում հայտնեց, որ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր շտաբով, իր ողջ անձնակազմով հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու հակառակորդի գործողությունները։ «Ադրբեջանի եւ Թուրքիայի հեռահար նպատակն էր 2-3 օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորությամբ՝ մոտ 10-15 կիլոմետր, այնուհետեւ պարտադրանքի լեզվով խոսել եւ Արցախի եւ Հայաստանի ղեկավարության հետ։ Հանդիպելով Արցախի պաշտպանության բանակի հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը՝ ըստ էության, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին», ասել է Ս.Օհանյանը, որի բնորոշմամբ՝ այժմ դիրքային պատերազմ է ընթանում։
Ըստ գեներալ-գնդապետի այս պատերազմը չի կարելի համեմատել ոչ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, ոչ 2020 թվականի հուլիսի տավուշյան դիրքային գործողությունների հետ։
Ըստ նրա՝ դիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարտական գործողությունները երկար չտեւեն։
Պատերազմի աղմուկը հոկտեմբերի 1-ի գիշերը հասավ նաեւ Երեւան։ Մի քանի որոտներից հետո ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ Կոտայքի երկնքում հայտնված հակառակորդի ԱԹՍ-ների դեմ ՀՕՊ-ն է աշխատումեւ խուճապի մատնվելու կարիք չկա:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։
Կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրառում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդիտեղորոշմանեւ չեզոքացման գործընթացը»։ Դրանից հետո Հայաստանի բնակչության շրջանում խուճապ սկսվեց։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը գրեց, որ չորրորդն էլ է չեզոքացվել։
İlk yorum yapan siz olun