ԱՀ Ազգային ժողովի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին:
Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է ԱՀ ԱԺ նիստերի դահլիճից:
Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտել է, որ չնայած անսովոր պայմաններում ենք նշում Հայաստանի 3-րդ Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը, այնուհանդերձ անկախությունը եղել և լինելու է բացատրագիր ու պատգամ առ այն, որ մեր ինքնությունն անխոցելի է անկախության բարձրագույն արժեքի շնորհիվ:
«Լիահույս եմ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացված գիտական զեկույցների և կատարված քննարկումների արդյունքն ու ընդունված եզրակացության կարևոր ուղերձը կդառնա ազգային միասնությամբ դեպի նոր վերածնունդ ու հզոր ազգային պետականություն գաղափարը, քանզի միայն այդ սուրբ գաղափարն է մեր կորուստների հատուցման ,ինչպես նաև մեր համազգային լուսավոր ապագայի հիմնավոր երաշխիքն ու կարևորագույն գործոնը»,- իր խոսքում ընդգծել է Լուսինե Ղարախանյանը:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ԱՀ Նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Երկրի ղեկավարը ողջույնի ուղերձում կարևորել է Արցախում հայ ժողովրդի պատմության 2 վճռորոշ և շրջադարձային իրադարձություններին՝ ՀՀ և ԱՀ հռչակմանը նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը:
«Գիտաժողովի ծրագրում ընդգրկված թեմաների բազմակողմանի արծարծումը, հուսով եմ, այս բարդ ռազմաքաղաքական պայմաններում օգնելու է մեզ իրավիճակը խորությամբ հասկանալու և արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում»,- ասված է Հանրապետության Նախագահի ուղերձում:
Ողջունելով գիտաժողովի կազմակոմիտեի անդամներին և մասնակիցներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արժևորել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձներին նվիրված միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:
«Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության հռչակագրերը: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում», – իր խոսքն ընդհանրացրել է Արթուր Թովմասյանը:
Իր օրհնությունն ու ողջույնի խոսքը հղելով նախաձեռնության հեղինակներին և գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ «անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար լավագույն առիթ է»:
Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքումյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ(Լոնդոն) Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը:
Ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում:
Միջազգային գիտաժողովի աշխատանքներն ամփոփվելու են սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:
İlk yorum yapan siz olun