İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանին անհապաղ անհրաժեշտ է բարեփոխել իր դիվանագիտությունը․ Վիգէն Չըթըրեան

Քաղաքագետ, Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը հոդված է հրապարակել Հայաստանի դիվանագիտության անելիքների մասին։ Հոդվածը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հայաստանին անհապաղ անհրաժեշտ է բարեփոխել իր դիվանագիտական ինստիտուտը: Արտաքին գործերի նախարարությունը, առավել քան պետական որևէ այլ կառույց, Հայաստանին հնարավորություն կտա միանգամից և միջնաժամկետ հեռանկարում լուծել իր բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, մասնավորապես, ուղղել 2020-ի նոյեմբերից Բաքվի և Երևանի միջև ստեղծված անհավասարակշռությունը: Եթե ունեցածը պահպանելու համար անհրաժեշտ են ռազմական բարեփոխումներ, միայն դիվանագիտության միջոցով Հայաստանը հնարավորություն ունի փոխելու ուժերի նոր հարաբերակցությունն իր օգտին:

Այս հարցում ես լիովին համաձայն եմ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որն իր վերջերս հրապարակած հոդվածում պնդում է.

«Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։ Հայկական բանակի մարտունակությունը չափազանց կարևոր է: Բայց դրա օգտակարությունը սահմանափակվում է ադրբեջանական ոտնձգությունները զսպելու կարողությամբ: Այսօր բանակը չի լուծելու և չի կարող լուծել մեր առջև ծառացած գերակա խնդիրները: Դա կարելի է անել միայն արդյունավետ դիվանագիտական ջանքերի միջոցով»:

Իսկապես, քաղաքական արդյունքների հասնելու և «որակական նոր դեր» ստանձնելու համար Հայաստանին անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ դիվանագիտական ռազմավարության, մշակույթի մեջ, օգտագործվող ռեսուրսների և ինստիտուցիոնալ միջավայրի առումով:

Թվարկենք Հայաստանի դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները: Ամենահրատապ խնդիրը Ադրբեջանին զսպելն է՝ ստեղծելով միջազգային դաշինք, որը նրան կստիպի հրաժարվել իր դիկտատից և ներգրավվել բանակցություններում: Հայաստանը կարող է օգուտ քաղել Բաքվի վարչակարգի թույլ տված սխալներից և, հետևաբար, վերականգնել 2020-ի որոշ քաղաքական կորուստներ՝ ընդամենը խոշոր դաշինքներ կառուցելու (կը նախընտրեմ – լայն և ճկուն դաշինք ստեղծելով) և Ադրբեջանին մեկուսացնելու հմուտ դիվանագիտությամբ (այնպես, ինչպես Ադրբեջանին անցյալ տարի հաջողվեց մեկուսացած Հայաստանի դեմ բերել մի քանի դերակատարների):

Երկրորդ կարևոր խնդիրը Ռուսաստանի համար բովանդակալից դառնալն է: Հայաստանում քաղաքականություն մշակողները Ռուսաստանի աջակցությունը սկսել էին ընկալել որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանը նույնիսկ ավելի մեծ կախվածության մեջ է ռուսական ռազմական աջակցությունից և բեռ՝ նրա ռեսուրսների համար: Այդ աջակցությունը չի լինի, եթե Հայաստանը չկարողանա փոխարենը ծառայություններ մատուցել Ռուսաստանին: Դիվանագիտությունը կարող է լինել այն հիմնական ոլորտներից մեկը, որի միջոցով Հայաստանը կարող է բովանդակալից դառնալ Ռուսաստանի համար:

Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարող են շահագրգռված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության շտկմամբ, լինել խոշոր ներդրումների աղբյուր, աջակցել Հայաստանի անհեթեթ վարչարարության և տնտեսության բարեփոխմանը և նույնիսկ գործընկերներ լինել Հայաստանի բանակի հզորացման հարցում: Այս ամենը պետք է արվի առանց «կարմիր գծերը» հատելու և Կրեմլին զայրացնելու: Դա կարելի է անել միայն դիվանագիտական արվեստի միջոցով:

Անկարայի հետ խոսելու և Թուրքիայի կողմից անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ են դիվանագիտական մեծ հմտություններ: Հայաստանը նաև պետք է համոզի Անկարային չեզոք մնալ ղարաբաղյան հակամարտության հարցում՝ որպես նախապայման Բաքվի հետ բանակցություններ վարելու: Անցած երեք տասնամյակների ընթացքում այս առաքելությունը անհնար է եղել։ Կրկին, միայն բարձրորակ դիվանագիտությունը կարող է լուծել նման խնդիրները, որոնք է՛լ ավելի են բարդացել 2020-ից հետո:

Ի վերջո, Հայաստանը պետք է ներգրավի իր հարևան խոշոր տերությանը՝ Իրանին, որին մեծապես անտեսել է: Իրանը բարդ և հարուստ երկիր է՝ քաղաքական, տնտեսական և ռազմավարական հսկայական ներուժով, և այն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության: Այն ղարաբաղյան հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը շտկելու բանալիներից մեկն է:

Իր արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ Հայաստանին անհրաժեշտ է ակտիվ մոտեցում` ադրբեջանական ճնշումների դեմ ասիմետրիկ լուծումներ գտնելու հիման վրա։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի չափազանց ինքնավստահ ղեկավարությունը կուտակել է հսկայական հակասություններ և սխալներ ՝ հայկական դիվանագիտությանը բազմաթիվ հնարավորություններ տալով: Դրանից օգուտ քաղելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է անցնի ոչ թե պասիվ, այլ ակտիվ ռեժիմի:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը պահպանողական էր, քանի որ նրա առջև դրված խնդիրը՝ պահպանել ստատուս քվոն, այն պաշտպանական էր դարձնում: Այս ռազմավարությունը որոշակի պահանջներ էր դնում հայ դիվանագետների առաջ՝ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության լիարժեք կարողությունները օգտագործելու փոխարեն վարել իրենց առօրյա գործերը: Այսօր այս պահպանողական մշակույթին անհրաժեշտ է հեղափոխություն, որը հայ դիվանագետներին կդարձնի խնդիրներ լուծող, այլ ոչ թե «նորմալ» պետության ներկայացուցիչներ:

Քաղաքական գործիչ և ոչ դիվանագետ Արարատ Միրզոյանի առաջադրումը ճիշտ քայլ է երկու պատճառով. Նախ, Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կարիերային դիվանագետ, այլ արտաքին քաղաքականություն վարելու տեսլական և հմտություններ ունեցող քաղաքական գործիչ: Երկրորդ՝ 2018-ից ի վեր ակնհայտ անհամաձայնություն կար վարչապետի գրասենյակի և դիվանագիտական ապարատի միջև, մի բան, որը հնարավոր է կարգավորել ԱԳՆ-ն գլխավորող Միրզոյանի հետ: Հաղորդակցությունն այժմ վերականգնված է, Հայաստանին պետք է ոչ միայն արտաքին քաղաքական տեսլական, այլև առաջնորդ, որը կարող է օգտագործել իր դիվանագիտական հաստատության ամբողջ ներուժը արդյունքի հասնելու համար: Կլինի՞ արդյոք Միրզոյանը այդ առաջնորդը։

Հայաստանի դիվանագետների առջև դրված ահռելի նպատակներին հասնելու համար երկիրը պետք է համախմբի հնարավոր բոլոր ռեսուրսները` թե՛ հենց նախարարությունում, թե՛ Հայաստանում, և ակնհայտորեն լրացուցիչ ռեսուրսներ փնտրի Սփյուռքում: Երկար տարիներ Հայաստանի դիվանագիտությունը անտեսում էր իր համար հասանելի ռեսուրսները:

Որպես օրինակ դիտարկենք Ղարաբաղի խնդիրը:

Ղարաբաղյան բանակցությունների մանրամասները կենտրոնացած էին մի քանի՝ չորս կամ հինգ անձի ձեռքում: Երբ ես Ղարաբաղի վերաբերյալ հարցեր ուղղեցի առանցքային երկրների մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետներին, նրանք պարզապես տեղեկություն չունեին: Հայաստանի՝ կարևոր մայրաքաղաքներում գտնվող բազմաթիվ դեսպանատներ պարզապես քնած են, մինչդեռ որակյալ շատ դիվանագետներ տեղակայված են երկրորդական երկրներում: Նախարարությունը պետք է կարևորի իր մարդուժի արդյունավետ կառավարումը: Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, եթե որոշում է լուծել խնդիրները, այլ ոչ թե դրանք թողնել ինքնահոսի:

Ամբողջ ԱԳՆ-ն պետք է լծվի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե արարողակարգերին հետևելուն։ Այդ նպատակներին հասնելու համար ԱԳՆ-ն պետք է հավաքի լավագույններին, օգտագործի իր ողջ մարդկային ներուժը և ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի իր դիվանագետները նախաձեռնող լինեն: Նրանք պետք է լինեն ոչ միայն հմուտ, այլև ունենան ձեռնարկատիրության բնազդ:

Արդյունավետ դիվանագիտություն ունենալու համար ԱԳՆ-ն բավարար չէ: Ցանկացած երկիր կարիք ունի ավելի լայն ինստիտուցիոնալ միջավայրի: Այս առումով Հայաստանը մի քանի խնդիր ունի. տասնամյակներ շարունակ առանցքային բուհերն ու գիտահետազոտական հաստատությունները դուրս են թողնվել իրական քաղաքական հարցերի շուրջ աշխատելուց, որոնք դարձել են ավելի նեղ ու լուսանցքային:

2020-ի պարտությունից ի վեր Երևանի քաղաքական դասի և մտավոր ու տեխնոկրատ շրջանակների միջև առաջացել է անջրպետ․ երկրորդը 2020-ի աղետի համար պատասխանատվությունը դրեց առաջինի վրա, իսկ առաջինը դրան արձագանքեց՝ մեկուսանալով: Կա մեկ այլ տարբերակ՝ քաղաքական առաջնորդները պետք է ներգրավեն քաղաքային կրթված դասերին, ոչ միայն մտնեն երկխոսության մեջ, այլև առաջարկեն համագործակցություն՝ հաղթահարելու Հայաստանի բազմաթիվ խնդիրները:

Շատ է խոսվում «ուղեղային կենտրոններ» ստեղծելու մասին՝ այն ըմբռնմամբ, որ 2020-ի ձախողման գոնե մի մասը պայմանավորված էր միջազգային քաղաքականությունը ընկալել չկարողանալով: Ես հաշվել եմ այդպիսի ութ ծրագիր: Հայաստանը մարդուժի լուրջ պակաս ունի համալրելու անգամ երկու ուղեղային կենտրոն, որտեղ կհավաքվեն միջազգային քաղաքականությունից, դիվանագիտությունից, անվտանգությունից, իրավունքից կամ տնտեսագիտությունից հասկացող կադրեր։ Բայցևայնպես հիմնական մարտահրավերը մարդկային ռեսուրսը չէ. եթե ուղեղային կենտրոնը զեկույցներ պատրաստի, պաշտոնյաները կկարդա՞ն դրանք: Արդյոք նրանք կխորհրդակցե՞ն առկա այդ մի քանի փորձագետների հետ:

Վերջապես, Երևանն անտեսել է Սփյուռքի համայնքներում առկա հարուստ ռեսուրսները: Հայաստանի ներկայիս խնդիրներից շատերը կարող են լուծվել, եթե Երևանը զարգացնի սփյուռքի համայնքների և անհատների ներուժն օգտագործելու տեսլականն ու առաջնորդությունը: Այնուամենայնիվ, դա կարելի է անել միայն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները փոխելով՝ ավելի շատ ձայն, առաջադրանքներ, բայց նաև պատասխանատվությամբ օժտելով Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին:

Երևանն ու Սփյուռքի կազմակերպությունները պետք է լուրջ քննարկում ունենան աշխատանքի հետագա բաժանման վերաբերյալ, որը պետք է հիմնված լինի իրար քաղաքական գործերին չմիջամտելու, ինչպես նաև փոխլրացման զարգացման և մյուս կողմին խնդիրների լուծման և առաջադրանքներին հասնելու «գործընկերներ» համարելու վրա:

Երեք տասնամյակ շարունակ Հայաստանի տարբեր ղեկավարներ չկարողացան կազմակերպել Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ: Միացրե՛ք Սփյուռքի նախարարությունը, կամ ինչպես այժմ նշվում է «Գերագույն հանձնակատարի գրասենյակը», արտաքին գործերի նախարարությանը, և այս «գերատեսչությունը» դարձրե՛ք ոչ միայն Հայաստանի ներկայիս քաղաքական խնդիրների լուծման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հիմնական գործիք, այլև Հայաստանի բարեփոխումների և արդիականացման ջանքերի շարժիչ ուժը:

Ի վերջո, Հայաստանը կկարողանա հաջող արտաքին քաղաքականություն մշակել միայն այն դեպքում, եթե մեծացնի իր դիվանագիտական ջանքերում ներդրվող միջոցները: Այս ռեսուրսները հասանելի են Հայաստանում և արտերկրում գտնվող հայերի շրջանում, սակայն օգտագործված չեն՝ բրեժնևյան ոճի քաղաքական մշակույթի պատճառով: Հայաստանի ներսում և երկրից դուրս ուժերի հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու համար Հայաստանի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է ժողովրդավարացնել որոշումների կայացման գործընթացները, բացել իրենց դիվանագիտական մշակույթը՝ ներգրավելու լրացուցիչ մարդկային կապիտալ, ինչն այնքան անհրաժեշտ է Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք մարտահրավերների լուծման համար:

Պատրա՞ստ է արդյոք Երևանը ավելի ժողովրդավար քաղաքական մշակույթի:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English.


CIVILNET

Yorumlar kapatıldı.